Հանդիսատեսը հոտնկայս և չդադարող ծափողջույններով է դիմավորել Սերգեյ Սմբատյանին (տեսանյութ)

«Արամ Խաչատրյան» համերգասրահում երեկ տեղի ունեցավ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից անցկացվող ամենամյա «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի բացման համերգը, որով ազդարարվեց նաև նվագախմբի 2023-2024 համերգաշրջանի մեկնարկը։

Համերգը ղեկավարում էր նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Հանդիսատեսը նրան դիմավորեց հոտնկայս ու չդադարող ծափողջյուններով։

Նա կալանքից հետո բեմում առաջին անգամ էր։

Հիշեցնենք, որ  Սերգեյ Սմբատյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի խարդախության, պետությանը վնաս հասցնելու համար։ Սմբատյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, այնուհետև տնային կալանքը, ավելի ուշ՝ նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների հիման վրա հսկող դատախազը որոշում է կայացրել դատարանի կողմից ընտրված խափանման միջոցը փոխելու և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նկատմամբ գրավ կիրառելու մասին՝ 100 մլն դրամի չափով: