ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց է ունեցել Նիգերի պաշտոնազրկված նախագահի հետ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը X (Twitter) սոցցանցում տեղեկացրել է Նիգերի պաշտոնազրկված նախագահ Մոհամեդ Բազումի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին։ Տեղեկացնում է rbc.ru-ն:

«Խոսել եմ Նիգերի նախագահ Բազումի հետ, որպեսզի ներկա սահմանադրական ճգնաժամի խաղաղ կարգավորման որոնումների մեր մշտական ջանքերի մասին տեղեկացնեմ։ Միացյալ Նահանգները կրկնում է մեր կոչը՝ անհապաղ ազատ արձակել նրան և նրա ընտանիքին»,- գրել է Էնթոնի Բլինքենը։

Հիշեցնենք, որ Բազումը իշխանազրկվել է հուլիսի վերջին՝ Նիգերի նախագահական գվարդիայի հեղաշրջման հետևանքով։ Բազումը հրաժարվել է հրաժարական տալ։ Երեկ Նիգերը փակել է երկրի օդային տարածքը զինվորական ինտերվենցիայից մտահոգվելով՝ աֆրիկյան երկրների ECOWAS դաշինքի նախազգուշացումից հետո։

Ավելի վաղ խռովարարների հետ բանակցություններ էր վարել ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալի պաշտոնակատար Վիկտորյա Նուլանդը։