Անկլավների մասին օվերտոնի պատուհանը բացեցին ներկաները՝ գցելով նախկինների գրպանը

Արցախը ՀՀ դավաճան իշխանությունների կողմից Ադրբեջանին նվիրելու հարցը դեռ չմարսած՝ Հայաստանին դեմ տրվեց այսպես կոչված անկլավների կեղծ օրակարգը։ Նկատենք, որ Փաշինյանը 44-օրյա պատերազմից հետո, երբ խոսում էր Արցախի հիմնախնդրի մասին, շրջանառության մեջ դրեց անկլավ եզրույթը՝ հայ հանրությանը պատրաստելով ՀՀ ինքնավար տարածքները՝ գյուղերը, հանգույցները, բնակավայրերը ևս Ադրբեջանին նվիրաբերելուն։ Անգամ չէր վարանում այդ բնակավայրերը ադրբեջանական անուններով նշել՝ ժողովրդի լսողության համար սովորական դարձնելով հենց այդ, այլ ոչ թե բուն հայկական անունները։ Դա ևս տեխնոլոգիա է՝ մարդկանց համոզելու համար, թե տվյալ բնակավայրերն իբրև ադրբեջանական պատկանելության են։ Իհարկե, սկզբնական շրջանում անկլավները թշնամուն հանձնելու իր պատրաստակամությունը Փաշինյանը նախկինների գրպանը գցեց, թե իբրև իրենց բանակցություններով նախկիններն են հող նախապատրաստել անկլավները վերադարձնելու համար։ Տանուլ տված պատերազմից հետո 2021 թվականին Տավուշում բնակիչների հետ հանդիպմանն անդրադառնալով անկլավների հարցին, հայտարարեց, թե այդ թեման միշտ եղել է հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգում՝ 1999-ից սկսած։ Ըստ նրա՝ բանակցությունների սեղանին պահանջներ են եղել՝ Հայաստանի զինված ուժերը դուրս բերել «ադրբեջանական գրավյալ տարածքներից, ներառյալ Ղազախի շրջանը»։ Փաշինյանի խոսքով՝ դրանից հետո անկլավների թեման միշտ եղել է հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգում և «Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ առաջ է քաշում այն»։ Ինչպես սովոր է կապիտուլյանտը ամեն ինչի մեղքը բարդել նախկին իշխանությունների վրա ու արդարանալ, թե սխալների ուղղում անել իրեն չի հաջողվում, այս դեպքում ևս նա հայ ժողովրդին փորձեց համոզել, որ բանակցությունների հետևանքներն իրեն չհաջողվեց վերացնել՝ որքան էլ ինքը խոստացել էր իր՝ զրոյական կետից բանակցություններ սկսել։ Գիտակից մարդու համար հասկանալի է, որ Փաշինյան Նիկոլը հերթական մանիպուլյացիոն հայտարարությամբ ուզում է մոլորեցնել միամիտ քաղաքացիներին ու իր հետագա քայլերն անելու համար նրանց բարոյական աջակցությունն ստանալ։

Քարոզարշավին Արաբկիր վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպմանը Փաշինյանի պնդումներին անդրադառնալով՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կոշտ քննադատության ենթարկեց նրան՝ ամենայն պատասխանատվությամբ հայտարարելով, թե նախկին իշխանություններից որևէ մեկի ժամանակ երբևէ անկլավի հարց առաջ չի քաշվել և անգամ խոսակցությունների ու քննարկումների թեմա չի դարձել։ «Ես հայտարարում եմ՝ մեր ժամանակ ընդհանրապես անկլավների մասին որևէ խոսք չի եղել»։ Նա նշել է, քանի որ նախկին երկու նախագահների ժամանակ էլ աշխատել է այնպիսի պաշտոններում, որը թույլ էր տալիս ունենալ բավարար ինֆորմացիա, նման հարց Հայաստանի որևէ իշխանություն չի քննարկել։ «Ինքը քամի անող է, օդ տատանող է։ Թող հանի փաստաթուղթը, ցույց տա։ Մեկ անգամ գոնե մի բան պե՞տք է ցույց տա, թե՞ ոչ։ Հավայ խոսում է, ու հետո ասում ես՝ ցույց տուր թուղթը, ասում է՝ հետո ցույց կտամ։ Թող հիմա ցույց տա, հանի՝ ցույց տա։ Ե՞րբ, ո՞ր ժամանակ է բանակցություններ եղել անկլավների մասին։ Հիմա անկլավների մասին բանակցություններ չեն կարող լինել, բացարձակապես։ Այդ մարդը տանուլ տված մարդ է, կապիտուլյացիայի ենթարկված մարդ է, այդ մարդու խղճին առնվազն 5000 զոհ կա։ Թող հլը փորձի դրանց պատասխանը տա, նոր սկսի ինչ- որ բանակցություններ վարել»,- ասել է ՀՀ երրորդ նախագահը։

Եվ իսկապես, անկլավ եզրույթը նախկինում որևէ ձևով չի շրջանառվել հանրության շրջանում, այդ թեման չի հանրայնացվել, և առաջին անգամ այդ մասին հենց Փաշինյան Նիկոլը սկսեց խոսել խաղաղության պայմանագրի համատեքստում՝ իբրև ադրբեջանական պահանջ։ Սկզբում իր մունետիկների բերանով հերքելով, որ նման պահանջ կարող է դրվել Հայաստանի առաջ, բայցև տողատակերով մեր գիտակցությանը հասցնելով երևույթը՝ ադրբեջանական անկլավ հասկացությունը։

2022 թվականի մայիսին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կառավարության հերթական նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անհասկանալի է համարել ընդդիմության այն պնդումները, թե Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելով՝ անկլավների հարց է առաջանալու։ «Ընդդիմությունը շարունակ անհիմն հայտարարություններ է անում, որն իրականության հետ մեծ աղերս չունի։ Մինչև այս պահն անկլավների հարց չի բարձրացվել, կարելի է ասել, քանի որ 2 կողմից էլ անկլավ կա, և Ադրբեջանի տարածքում անկլավ կա, Արծվաշենը, և Հայաստանի տարածքում կան անկլավներ, և նրանց տարածքները գրեթե հավասար են։ 2 կողմն էլ լուռ է այս հարցում, այս հարցը դեռևս չի քննարկվել։ Մեր հույսն այն է, որ հնարավոր լուծման տարբերակն այն է, որ Հայաստանի անկլավը թողնվում է Ադրբեջանին, Ադրբեջանի անկլավները, որոնք Հայաստանի տարածքում են, մնում է Հայաստանին։ Իհարկե, այդպիսի հարց կա, որ ինչպե՞ս են առաջացել, պատմության մասով բազմաթիվ հարցեր կան, որը շարունակում ենք ուսումնասիրել, բայց ընդհանուր երկարաժամկետ լուծման տարբերակը սա է»,- ասել է Գրիգորյանը։

Բայց քպ-ականների հույսերը, փաստորեն, ի դերև ելան, եթե իհարկե այդպիսիք կային, որովհետև Արևմուտքի միջնորդությամբ վերջին հանդիպումներից հետո արդեն բացեիբաց Հայաստանը ներկայացող անձը սկսեց խոսել Հայաստանի տարածքում իբրև թե ադրբեջանական պատկանելության գյուղերը «տերերին» վերադարձնելու անհրաժեշտության մասին՝ հիմնավորելով, թե դա խաղաղության երաշխիքներից մեկն է։ Փաշինյանը հայերիս համոզում է՝ երբ խաղաղություն լինի, ադրբեջանական ներկայությունը ՀՀ ինքնիշխան տարածքում այսպես կոչված անկլավներում բնակվելու միջոցով չի կարող որևէ խնդիր առաջացնել՝ կապրեն միմյանց հետո հաշտ ու խաղաղ․ «Մենք պետք է շարունակենք այս ճանապարհով գնալ, որպեսզի որևէ լեգիտիմացնող առիթ չտանք Ադրբեջանին` ագրեսիվ քաղաքականություն վարելու համար, բայց սա անելիս, լինենք անկեղծ, չստացվի, որ ամեն անգամ ուզում ենք միջազգային հանրությանը կամ դիմացինին մոլորության մեջ գցել: Ես էս վերջերս գնացել էի Ոսկեպար, մարդկանց ասեցի՝ կոնկրետ որոշում չկա, բայց լարվածությունը թուլացնենք, քաղաքական մակարդակով խնդիր չկա, էնքան հարց կա էդտեղ, քանի որ սահման կա անկլավի երկրի արանքում: Հարց է առաջանում. եթե երթուղին փոխվի, Երասխի վիճակը ո՛նց կլինի, բայց կարևոր է՝ խաղաղությա՞ն, թե պատերազմի մասին է: Եթե խաղաղության մասին է, դա էն լրջության հարցը չէ, որ մենք խոսենք»: ՀՀ վարչապետը նման հայտարարություն արել է հունիսի մեկին՝ Մոլդովայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։

Այդ նույն հանդիպման ժամանակ անդրադառնալով հարցին, թե 1975 թ․ քարտեզով Տիգրանաշենը Հայաստանի՞նն է, թե Ադրբեջանինը, Փաշինյանը չհերքեց, որ ինքն ընդունում է մասնավորապես Տիգրանաշենի ադրբեջանական ծագումը․ «Քաղաքական մակարդակով՝ մենք ելնում ենք այն կանխավարկածից, որ այնտեղ եղել է «Քյարքի»: Մենք ասում ենք, որ պետք է իրավական հիմքերը նայենք: Քաղաքական առումով, եթե կպարզվի, որ այդ քարտեզով Ադրբեջանինն է՝ մենք ոչ մի խնդիր չունենք»։ Փաստորեն Փաշինյանը Տիգրանաշենը ադրբեջանական վերահսկողության տակ հանձնելը խնդիր չի համարում ու համոզում է, իբրև «խնդրի արժեքը գերագնահատված է, հորդորում քաղաքացիներին՝ թույլ չտալ նման ձևով հոգեբանական ազդեցություն գործադրել իրենց վրա»։ Ձեռքի հետ էլ լսարանի ականջներին լապշա է կախում, թե գյուղի հանձնումը ամենաշատը կարող է ճանապարհի խնդիր առաջացնել։ Դրա լուծումն էլ տալիս է՝ այլընտրանքային ճանապարհ կառուցելը․ «Այնպիսի անկլավ չկա, որը մեզ համար առաջացնի ճանապարհային այնպիսի խնդիր, որն անլուծելի է: Չկա այդպիսի հարց: Եթե ճանապարհը, օրինակ, այսպես չի կարող անցնել՝ այնպես կանցնի: Ոչ մի խնդիր չկա: Իրականում մենք մեր ճանապարհային ցանցն այսօր էլ Հանրապետությունում այնքան ենք զարգացնում, որ այդպիսի անլուծելի խնդիր չկա»։

Ի դեպ, այսօր անգամ Տավուշի մարզպետն է փաշինյանական հանգով մարդկանց փորձել համոզել, թե անկլավների խնդիրը ՀՀ ներկայիս վարչապետը չէ, որ առաջ է բերել։ Իբրև դրանք նախկինում էլ արդիական են եղել․ «Անկլավները չեն առաջացել հեղափոխությունից հետո, դրանք միշտ եղել են»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը՝ չհստակեցնելով, թե միշտ-ը որ ժամանակահատվածն է ընդգրկում։ Բայց մարզպետը, պարզվում է, բանից անտեղյակ է ու չգիտի, որ իր վարչապետն արդեն պատրաստակամություն է հայտնել անկլավները վերադարձնել։ Լրագրողներին Հայկ Ղալումյանը փորձել է համոզել, թե «անկլավների մասով այս պահին բանակցություն տեղի չի ունենում, երբ կլինի՝ հանրությանը տեղյակ կպահվի։ Ինչպես մենք ունենք տարածքներ Ադրբեջանի տիրապետության տակ, նույնն էլ ունեն նրանք և՛ Տավուշի մարզում, և՛ ՀՀ տարբեր հատվածներում։ Մեր հողերից շատ տարածություններ գտնվում են նրանց վերահսկողության տակ: Բերքաբերի հատվածից մոտ 950 հեկտար գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ: Ինչ խնդիր ունենք մենք, նույնն ունեն ադրբեջանցիները, պետք է նստել սեղանի շուրջ, որոշել հարցերը»։

Պատերացնո՞ւմ եք, ՀՀ երրորդ նախագահի ժամանակ որևէ պաշտոնյա նման հայտարարություն աներ ու անպատիժ մնար կամ գոնե պաշտոնազուրկ չարվեր։ Այսօրվա իշխանություններին նախորդած իշխանությունների ժամանակ նման  հայտարարությունները պատժելի էին թե՛ ՀՀ սահմանադրությամբ, թե՛ Անկախության հռչակագրով, որոնք Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ անգամ բանավոր հայտարարությունները հանցագործություն են որակում։ Իսկ այսօր այդպիսի հանցագործությունը ոչ միայն չի պատժվում, այլև խրախուսվում է երկրի առաջին դեմքի մակարդակով։ Հենց ինքն էլ թիվ մեկ հանցագործն է, քանի որ ոչ միայն խոսքով, այլև գործարքի գնալու սպառնալիքով է ոտնձգություն իրականացնում Հայաստանի Հանրապետության ամբողջականության ու անձեռնմխելիության դեմ։

Թագուհի Ասլանյան