Կոնգրեսականները Բայդենից պահանջել են մտավոր ունակությունների ստուգում անցնել

Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները նամակով դիմել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, որում նրանից պահանջել են կամ մտավոր ունակությունների ստուգում անցնել, կամ հրաժարվել 2024 թվականի ընտրություններին մասնակցելուց, հայտնում է Fox News հեռուստաալիքը:

«Մենք կոչ ենք անում ձեզ կամ հրաժարվել երկրորդ ժամկետով վերընտրվելու փորձից, կամ անցնել մտավոր կարողությունների կլինիկական հաստատված գնահատում և այդ արդյունքները հասանելի դարձնել հանրությանը»,- ասվում է փաստաթղթում:

Նամակի նախաձեռնողը կոնգրեսական Ռոնի Ջեքսոնն է, իսկ ընդհանուր առմամբ այն ստորագրել են 61 հանրապետականներ: Նրանք ուշադրություն են հրավիրում այն փաստին, որ Բայդենի նախագահ դառնալուց ի վեր նման հարցումներով երեք նամակ են ուղարկել, սակայն Սպիտակ տունն անտեսել է դրանք։ Եվ չնայած 2021 և 2023 թվականներին նախագահը բուժզննում է անցել, որևէ տեղեկություն չկա, որ նրան առաջարկվել են ճանաչողական թեստեր: