Աշխարհի, մարդկության քաղցկեղ Իսրայելի սիոնիստական վարչակարգի ղեկավարը Թրամփին փորձում է դրդել Իրանին միջուկային հարվածի (տեսանյութ)

Հավանականության գնահատականները տարբեր են

 

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է Իրանին հարվածելու հրաման տալ մինչև նոյեմբերի 3-ին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները: Մերժել է՝ հասկանալով, որ Միացյալ Նահանգներին Իրանի դեմ նոր պատերազմի մեջ ներքաշելով, հերթական հարվածն է հասցնելու իր և հանրապետականների առանց այն էլ սասանված հեղինակությանը, հետևաբար մեծ ռիսկի տակ է դնելու ընտրություններում հանրապետականների հաղթանակի հնարավորությունը: Իսկ ի՞նչ կլինի նոյեմբերի 3-ից հետո…

Թեև պատերազմի տագնապը կախված է օդում, բայց բացի Թրամփից և ԱՄՆ-ի նախագահի վրա ազդեցության լծակներ ունեցողներից, վերոնշյալ հարցի պատասխանը որևէ մեկին հայտնի չէ: Նույնիսկ հնարավոր է համարվում, որ ընտրություններում հանրապետական թեկնածուների հաղթանակից կամ պարտությունից կախված, իրավիճակ կարող է փոխվել:

Տողերիս հեղինակը համակարծիք է Իրանի Զինված ուժերի ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Մոհամմադ Աքրամինիայի հետ (նրա ելույթը, «Московский комсомолец»-ի փոխանցմամբ, հաղորդել է Իրանի պետական հեռուստատեսությունը), որ Իրանի և ԱՄՆ-ի միջև հնարավոր նոր ռազմական բախումը կարող է ավելի երկար լինել, քան նախորդ հակամարտությունները: Իրանում ԱՄՆ-ին նախազգուշացրել են նոր հակամարտության դեպքում ձգձգվող պատերազմի մասին: Աքրամինիայի խոսքով՝ ԱՄՆ-ի նախագահը չի կարողանա ինքնուրույն որոշել ապագա դիմակայության տևողությունը և դրա ավարտի պայմանները:

Հակամարտության հնարավոր վերսկսման նախապատրաստական աշխատանքները քննարկվել են Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Մոջթաբա Խամենեիի և բարձրագույն ռազմական հրամանատարության հանդիպման ժամանակ: Ինչպես հաղորդել է ИРНА գործակալությունը, խորհրդակցությունը կայացել է հոկտեմբերի 31-ին: Երկրի ղեկավարը ռազմավարական ցուցումներ է հանձնել զորահրամանատարներին:

Հանձնարարություններից մեկը եղել է ոչ միայն ԱՄՆ-ին պատկանող, այլև Իսրայելի տարածքում պոտենցիալ թիրախների թարմացված ցանկի պատրաստումը։ Այդ օբյեկտները կարող են պատասխան հարվածների թիրախ դառնալ մարտական գործողությունների նոր փուլի դեպքում։ Խամենեին նաև կարգադրել է անհապաղ արձագանք ապահովել Վաշինգտոնի և Թել Ավիվի կողմից ցանկացած սպառնալիքի՝ անկախ դրանց բնույթից և մասշտաբից: Ընդ որում, պատասխան գործողությունները, ըստ գործակալության փոխանցած տեղեկությունների, չպետք է սահմանափակվեն որոշակի աշխարհագրական տարածքով։

 

ԱՄՆ-ը կարող է Իրանին միջուկային հարված հասցնելու որոշում կայացնել արդեն այս շաբաթվա վերջին

Այս մասին, «Газета.Ру»-ի փոխանցմամբ, հայտարարել է ամերիկացի հայտնի լրագրող Թաքեր Կարլսոնը՝ ընդգծելով, որ Դոնալդ Թրամփին նման որոշման փորձում է հակել Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն։

«Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի ճնշման ներքո Թրամփի վարչակազմը, հնարավոր է, Իրանին միջուկային հարված հասցնելուց օրեր առաջ է գտնվում։ Թիրախը կլինի Իրանի կենտրոնական հատվածում գտնվող Պիկաքս լեռը, որի տակ, իսրայելական հետախուզության պնդմամբ, Իրանի կառավարությունը վերսկսել է միջուկային հարստացման իր ծրագիրը»,- գրել է Կարլսոնը X սոցիալական ցանցում:

Ինչպես բացատրել է Կարլսոնը, ամերիկյան ոչ մի սովորական հրթիռ ի վիճակի չէ 300 ոտնաչափ թափանցել գրանիտի միջով՝ ոչնչացնելու համար թունելները, որտեղ կարող է իրականացվել ուրանի հարստացումը: Ուստի այս դեպքում միակ տարբերակը մնում է միջուկային հարվածը, որի գաղափարն ակտիվորեն առաջ է մղում Իսրայելի վարչապետը։

«Բիբին (Բենիամին Նաթանյահուն.- Ա. Հ.) ամեն օր զանգահարում է Թրամփին այդ առիթով»,- գրել է լրագրողը՝ մեջբերելով իր աղբյուրներից մեկի խոսքը:

Կարլսոնը նշել է, որ ԱՄՆ-ի նախագահը կարող է որոշում կայացնել հարձակման մասին մինչև նոյեմբերի 7-ը: Այժմ, ըստ լրագրողի, Սպիտակ տան ղեկավարը հապաղում է և լսում է ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսին և հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆին, ովքեր կարծում են, որ Իրանի հետ գործարքը դեռ հնարավոր է: Դատելով մեկ այլ հրապարակումից, Կարլսոնը զգուշացրել է ոչ միայն Պիկաքս լեռանը միջուկային հնարավոր հարվածի, այլև Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի զանգվածային միջուկային հարձակման հնարավորության մասին:

 

Թրամփը զայրացած է

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Axios» պորտալը, Նաթանյահուն Թրամփի հետ վերջերս կայացած հեռախոսազրույցում պնդել է, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսվեն: «The Atlantic» պարբերականի տվյալներով՝ Սպիտակ տան ղեկավարն արդեն ստացել է Մերձավոր Արևելքում գործողության վերսկսման մի քանի սցենար։

Ամսագիրը պարզել է, որ ԱՄՆ-ի պատերազմի նախարարության (նախկինում՝ Պենտագոն) ղեկավար Փիթ Հեգսեթը և ԱՄՆ-ի ԶՈւ Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնը ԱՄՆ-ի նախագահին ու փոխնախագահին են ներկայացրել հետագա գործողությունների մի քանի տարբերակներ, «որպեսզի Թրամփը կարողանա հայտարարել հաղթանակի մասին»: Ընդ որում, պարբերականը դրանք անվանել է «չափազանց տհաճ որոշումների հավաքածու»։

Ինչպես նշել է «The Atlantic»-ը, տարբերակների թվում են մի քանի ժամից մինչև մի քանի շաբաթ տևողությամբ հարվածների նոր շարքը, այդ թվում՝ Իրանի միջուկային ծրագրի ենթակառուցվածքներին, Հորմուզի նեղուցի ծովային շրջափակման պահպանումը՝ ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիքով, կամ էլ հետագա ռազմական գործողությունից լիակատար հրաժարվելը:

«The Atlantic»-ը նշել է, որ Սպիտակ տան ղեկավարն արդեն մի քանի շաբաթ է, քննարկում է նոր հարձակումների հնարավորությունը: Նրա խորհրդականները հնարավոր են համարել ռազմագործողության վերսկսումը Կոնգրեսի ընտրություններից անմիջապես հետո: Սակայն Թրամփը կասկածում է ոչ միայն նոր ծրագրերի արդյունավետությանը, այլև իր խորհրդականներին, որոնք խոստանում էին հակամարտության արագ ավարտ:

Մյուս կողմից՝ ձգձգված պատերազմը նյարդայնացնում է Թրամփին, քանի որ այն վնասում է միջանկյալ ընտրություններում հանրապետականների հնարավորություններին: Սպիտակ տուն, ինչպես ընդգծում է պարբերականը, աստիճանաբար գալիս է այն գիտակցումը, որ ԱՄՆ-ի նախագահին դժվար թե «հաջողվի ևս մեկ տպավորիչ քաղաքական վերադարձ կատարել» այս քվեարկության ընթացքում:

«Թվում է, թե Ներկայացուցիչների պալատն արդեն կորած է, իսկ դրանից հետո կարող է կորչել նաև Սենատը… Վերջին շաբաթներին Թրամփը կատաղած բողոքում է, որ իր ուղերձները չեն հասնում ընտրողներին։ Այժմ նա կարծում է, որ Իրանի հետ պատերազմն առնվազն մասամբ մեղավոր է իր ներկայիս քաղաքական դրության համար»,- նշված է հրապարակման մեջ։

 

Կլինի՞ միջուկային հարված…

Մեկնաբանելով ԱՄՆ-ի կողմից Իրանին միջուկային հարված հասցնելու հավանականությունը, ամերիկագետ Մալեք Դուդակովը «Газетой.ru» -ին հայտարարել է, որ այն չափազանց փոքր է։ Ըստ նրա, ԱՄՆ-ի կողմից Իրանին միջուկային հարված հասցնելու հնարավորության մասին Կարլսոնի խոսքերին պետք է թերահավատորեն վերաբերվել: Դուդակովի խոսքով՝ Թաքեր Կարլսոնը միտումնավոր հասարակական հնչեղություն է տալիս իր հրապարակմանը, քանի որ այժմ բավականին մեծ գումարներ է ստանում Կատարից և, ըստ էության, այդ երկրի շահերի լոբբիստն է:

«Կատարցիներն ամեն կերպ ջանում են համոզել թե՛ ամերիկյան քաղաքական դասին, թե՛  ամերիկյան հասարակությանն Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու անհրաժեշտության մեջ։ Կարլսոնը տվյալ դեպքում, կարծում եմ, հատուկ որոշակի հիստերիա է սարքում, բարձրացնում է իր կանխատեսումների աստիճանը և այլն»,- պարզաբանել է քաղաքագետը։

Դուդակովի կարծիքով, Իրանին միջուկային հարված հասցնելու հավանականությունը չափազանց փոքր է, սակայն Կոնգրեսի ընտրություններից հետո հակամարտության սրումը հնարավոր է: Թրամփի վարչակազմը կարող է հարվածել Իրանին ԱՄՆ-ում ընտրություններից անմիջապես հետո՝ սպասելով քվեարկության արդյունքներին։ Նրա խոսքով՝ միջուկային հարվածին դժվար թե համաձայնի և գնա «նույնիսկ ամերիկյան գեներալիտետը»։ Ըստ Դուդակովի, Վաշինգտոնը միջուկային մարտագլխիկների փոխարեն կօգտագործի իր մեծ չափի ավիառումբերը, բայց ոչ թե ստորգետնյա թունելները ոչնչացնելու, այլ դրանք ավելի շուտ փլվածքներով ծածկելու, մուտքն ու ելքը փակելու համար, որպեսզի Իրանի համար բարդացնեն այդ ուղղությամբ աշխատելու խնդիրը։ Դրա ազդեցությունը, ինչպես նշել է Դուդակովը, ակնառու չի լինի։ Իրանը կհարվածի ամերիկյան բազաներին, նավթավերամշակման գործարաններին, այսինքն՝ մենք կտեսնենք էսկալացիայի հերթական փուլը, և դրանում, սկզբունքորեն, ամեն ինչ:

«Ես այդ կապակցությամբ միջուկային զենքի կիրառում չեմ ակնկալում: Ինչպես արդեն ասացի, Թրամփը հաստատ չի կարողանա հասնել իր ուզածին, ուստի, ամենայն հավանականությամբ, կլինի վերջնական հուսահատ էսկալացիա Իրանի նկատմամբ՝ ոչ թե միջուկային ավիառումբերի, ոչ թե միջուկային զենքի, այլ պարզապես ամերիկյան մեծ ավիառումբերի հարվածներով։ Ես կարծում եմ, որ սա, ինչպես ասում են, Թրամփի վերջին փորձն է՝ գոնե ինչ-որ կերպ վերախաղարկել իրավիճակն իր օգտին»,- եզրափակել է փորձագետը:

 

Իրանին ԱՄՆ-ի միջուկային հարվածի հավանականությունը գնահատել է նաև քաղաքագետ Կոնստանտին Բլոխինը

Հավանականությունը, որ Վաշինգտոնը կհամարձակվի զանգվածային միջուկային հարված հասցնել Իրանին, մնում է չափազանց ցածր։ NEWS.ru-ի հետ զրույցում  նման կարծիք է հայտնել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Անվտանգության հիմնախնդիրների հետազոտման կենտրոնի առաջատար գիտաշխատող և քաղաքագետ-ամերիկագետ Կոնստանտին Բլոխինը: Նա պարզաբանել է, որ նման սցենարն աղետի կվերածվի ոչ միայն Իսլամական Հանրապետության, այլև Ամերիկայի մերձավորագույն գործընկերների համար:

Բլոխինն ընդգծել է, որ եթե ԱՄՆ-ն, այնուամենայնիվ, լիարժեք միջուկային հարձակում իրականացնի, որի մասին նախազգուշացնում է ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնը, հետևանքները կործանարար կլինեն ողջ տարածաշրջանի, այդ թվում՝ Իսրայելի համար:

«Պայթյուն տեղի կունենա, և միջուկային ամպը կգնա նույն Իսրայելի և նրանց բոլոր հարևանների վրա,- ասել է NEWS.ru-ի զրուցակիցը:- Կարծում եմ, որ եթե ամերիկացիները հնարավորություն ունենային նման քայլի գնալ, նրանք վաղուց կանեին դա։ Բայց այդ դեպքում ռիսկի կենթարկվեն ԱՄՆ-ի շատ դաշնակիցներ։ Հիշեք Չեռնոբիլի ատոմակայանի աղետը, երբ միջուկային ամպը գնաց ամբողջ Եվրոպա և ծածկեց այն: Հետևաբար ես ավելի հակված եմ միջուկային մարտագլխիկ կրող ինչ-որ զենքի օգտագործմամբ հարձակման հնարավորությանը: Նման հարված Նահանգները կարող է որոշել»:

Բլոխինի գնահատմամբ՝ ամերիկյան կողմը կարող է գործողություն կազմակերպել իրանական ենթակառուցվածքի կետային խոցմամբ։ Դրա համար, ինչպես կարծում է Բլոխինը, կարող է կիրառվել միջուկային լիցք ունեցող զինամթերք։ Ընդ որում, քաղաքագետը նշել է, որ Կարլսոնը խոսել է հարվածի մասին, որի հետևանքները համեմատելի կլինեն Հիրոսիմայի և Նագասակիի ռմբակոծությունների հետ:

Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հույս էր հայտնել, որ ԱՄՆ-ն ընտրություն կկատարի հօգուտ դիվանագիտության:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Տեսանյութը՝ այստեղ