Չի կարող իշխանությունը քննել իր ենթադրյալ հանցագործության վարկածը․ Թովմասյանը՝ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի մասին

«Ակնհայտ է, որ «2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով» ստեղծված Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի գործունեությունն ուղիղ առնչվում է Նիկոլ Փաշինյանին մաքրագործելու իրողության և ցանկության հետ»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Նա նշեց, որ բոլոր հնարավոր ձևերով այդ հանձնաժողովի գործունեությունը նպաստում է և միտված է, որպեսզի Փաշինյանին պատերազմի բոլոր հնարավոր հանցանքներից մաքրի։

«Չի կարող իշխանությունը քննել իր ենթադրյալ հանցագործության վարկածը։ Սա ուղղակի աբսուրդ է։ Սովորաբար քննիչ հանձնաժողովները գործիք են ընդդիմության ձեռքին, ոչ թե իշխանությունն է դա օգտագործում»,- ասաց Թովմասյանը։

Հիշեցնենք, որ «2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով» ստեղծված Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգվել է ևս վեց ամսով։