Պատմության ինստիտուտը տեղյակ չէ՝ ինչպես են վերանայվել պատմության դասագրքերը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Պատմության դասագրքերը վերանայվում են․ այս մասին նախօրեին Ազգային ժողովում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, մասնավորապես նշելով․ «Այո՛, դասագրքերն էականորեն փոխվում են, որովհետև փոխվել են չափորոշիչները։ Սեպտեմբերից դպրոցներում կլինեն նոր չափորոշիչները, իսկ դա նշանակում է, որ մենք պետք է ունենանք ամբողջովին նոր դասագրքեր, պատմությունը դրանց շարքում է։ Մենք հայեցակարգի փոփոխություն ունենք, որպեսզի մեր պետության շուրջ կառուցենք մեր կրթությունը։ Պատմությունը մեր առանցքային առարկաներից է, ուստի պետք է ունենալ որակյալ դասագրքեր»։

Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանից հետաքրքրվեցինք, թե տեղյա՞կ է՝ ինչպե՞ս են փոխվում պատմության դասագրքերը։ «Արդեն 3-րդ տարին է՝ այդ խնդիրն անընդհատ շրջանառվում է։ Այդ չափորոշիչների կապակցությամբ մեր լուսահոգի ընկեր Արտակ Մովսիսյանը մեծ աղմուկ բարձրացրեց, քննադատեց, 52 էջանոց նյութ տպեց դրանց դեմ, որից հետո մենք նախարարի հետ հանդիպեցինք, այն ժամանակ Արայիկ Հարությունյանն էր նախարարը։ Այնպես որ, դա նորություն չէ»,-ասում է Մելքոնյանն ու հավելում, որ այս գործընթացը մի քանի տարի արդեն գնում է, որին իրենք դեմ են արտահայտվել ու բազմիցս բարձրաձայնել, որ շատ թեմաներ դուրս են մնացել դասագրքերից․ «Օրինակ, ազգային խնդիրներին վերաբերող հարցեր չեն շոշափվել, հայ եկեղեցու պատմությունը բերել այնտեղ են մտցրել, որ իրականության մեջ առանձին հայ եկեղեցու պատմության դասագրքեր կային, և կուրս կար, որը հանվել է»։

Վերանայվում են բոլոր դասարանների պատմության դասագրքերը․ «Դասարաններ կան, որ անցնելու են «Հայ ինքնության պատմություն», հետո՝ «Ես և հայրենիքս» այդպիսի առարկա կա, որ անցնելու են 5-րդ թե 6-րդ դասարաններում։ ԵՊՀ-ի, մանկավարժականի պատմության ֆակուլտետները, մեր ինստիտուտը և Արևելագիտության ինստիտուտն այդ չափորոշիչների վերաբերյալ ամեն մեկը 15-20 էջ դիտողություններ էին գրել և ուղարկել նախարարություն։ Այն ժամանակ էլ արդեն Դումանյանն էր նախարարը, բայց որևէ պատասխան չստացանք, թե մեր դիտողությունները հաշվի առնվե՞լ են, թե՞ չէ։ Հետո պարզվեց, որ Տավուշի մարզում արդեն փորձնական ինչ-որ նոր դասագիրք են դրել շրջանառության մեջ, որը ես չեմ տեսել»։

Նորանկախ Հայաստանի վերջին տարիների պատմությունը թե ինչպես է շարադրվել նոր դասագրքերում, Մելքոնյանը նկատում է․ «Չափորոշիչներից շատ բան չի երևում, վաղը, մյուս օրը մրցույթ կլինի, այդ մրցույթի ժամանակ կերևա, թե որ դասագիրքը կընդունվի, որը՝ չէ։ Որքան գիտեմ, մի քանի խմբեր այդ ուղղությամբ արդեն աշխատում են»։

ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն էլ ԱԺ-ում հիշեցրել էր վարչապետի գնահատականը մեր պատմագրությանը․ «Վերջերս ՀՀ վարչապետը նույնպես նշել է, որ Հայաստանը՝ որպես ինքնիշխան պետություն, ձախողել է պատմագրության դպրոց ստեղծելու հարցում՝ ըստ էության արձանագրելով, որ հայ պատմագիտական միտքը մեզանում բացակայում է կամ կաղապարված է խորհրդային պատմագիտության մտքում»։

Աշոտ Մելքոնյանից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է վերաբերվում վարչապետի կողմից տրված այս գնահատականներին։ «Որպեսզի այդ հարցի պատասխանը մարդիկ ճիշտ տեսնեն, թող գան բացեն մեր հայոց պատմության ակադեմիական հատորները և տեսնեն, թե այնտեղ խորհրդային ժամանակաշրջանի ոգով գրված մի տող, մի բառ կա՞, թե՞ ոչ։ Ուրեմն ամբողջ 4-րդ հատորի 2 գրքերը՝ 1-ինը և 2-րդը, որը 1918-ից մինչև 1991թթ․-ն են ընդգրկում, եթե այնտեղ մի բառ գտնեն, որտեղ խորհրդային ոգով է գրված, ես ոչինչ չեմ ասի։ Ամբողջապես վերանայված է պատմությունը՝ առաջին հանրապետության պատմություն, Մոսկվայի, Կարսի պայմանագրեր, Հայաստանի տարածքային կորուստներ, 20-30-ական թվականների բռնամիջոցներ, այլախոհական շարժում․․․ դա խորհրդային պատմագրությո՞ւն է, թե՞ խորհրդային պատմագրությունն այլախոհության մասին էր գրում կամ Արցախյան շարժման։ Դրա պատասխանը մենք ունենք գրավոր՝ 2 հատորով և 2 գրքով, թող գան այդ գրքերի հետ ծանոթանան և մի պարբերություն գտնեն խորհրդային ժամանակաշրջանի ոգով գրված։ Թող իրենք մեզ ասեն՝ կոնկրետ ինչ նկատի ունեն, մենք էլ ասենք՝ այո, մենք խորհրդային ոգով ենք գրել, 20-30-ական թվականների բռնաճնշումների ամբողջ շրջանը մի ամբողջ ահռելի բաժնով է ներկայացվել, դա խորհրդային ոգով հնարավո՞ր է գրել։ Հայաստանի տարածքային կորուստները 20-30-ական թվականներին կամ ազգային կուսակցությունների ոչնչացման քաղաքականությունը 20-30-ական թվականներին, խորհրդային տարիներին նման բան հնարավո՞ր կլիներ գրել»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով