Ադրբեջանը պատրաստվում է էսկալացիայի և Տեղ գյուղի միջադեպը այդ պլանի մի մաս է կազմում. Արմեն Գրիգորյան

Տեղ գյուղի մոտ միջադեպը տեղի ունեցավ, որովհետև Ադրբեջանը սադրանք է արել ՀՀ սուվերեն տարածքով. Տեսանյութի մեջ երևում է, որ երբ ադրբեջանցիների ավտոմեքենան մտնում է Հայաստանի սուվերեն տարածք, մոտենում է հայ զինվորներին, սկսվում է հրմշտոց, այնուհետև ադրբեջանցիներն առաջինը կրակում են և էսկալացիան տեղի է ունենում հենց դրա պատճառով: Այս մասին «Սիվիլնեթ»-ին տված հաևրցազրույցում նշեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ շաըտերը նշում են, որ այդ միջադեպը և զոհերը կարող էին չլինել:

«Վերջին շրջանում գրեթե բոլորը խոսում են, որ Ադրբեջանը պատրաստվում է հնարավոր ռազմական էսկալացիայի և այս միջադեպը պետք է դիտել հենց այդ տրմաբանության մեջ: Ադրբեջանը սա պլանավորած է արել:

Ադրբեջանի ամբողջ պրոպագանդան վերջինն շրջանում խոսում է հնարավոր էսկալացիայի մասին: Դրա մասին խոսում են նաև միջազգային տարբեր պարբերականներ՝ հղում անելով  հետախուզական տվյալներին: Ընդհանուր առմամբ Ադրբեջանը պատրաստվում է և այս միջադեպը տեղի է ունեցել  այդ նախապատրաստական աշխատանքների տրամաբանության մեջ:  Այսինքն սա Ադրբեջանի կողմից պատրաստվող հնարավոր էսկալացիայի, այդ պլանի մի մաս է կազմում»,-հայտարարեց Արմեն Գրիգորյանը:

Նա նաև պնդեց, որ ադրբեջանական կողմի զոհերն ավելի շատ են, քան պաշտոնապես հայտարարվում է. «Տեսախցիկները, որ նկարում էին, այդտեղ որոշակի ինֆորմացիա կա, որից կարելի է ենթադրություն անել, գնահատումը կատարվում է, կարծում եմ՝ վերջնական տեղեկատվություն կունենանք»,-ընդգծեց նա: