Ի՞նչ են որոշում Փաշինյանի կադրերը և ո՞ւմ համար են որոշում

Կադրերը որոշում են ամեն ինչ: 1935 թվականին ԽՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղար Իոսիֆ Ստալինի այս արտահայտությունը, Կրեմլի պալատում զինվորական ակադեմիայի շրջանավարտների առաջ, թևավոր խոսքի արժեք ունի և արդիական է անգամ մեր օրերում: Արհեստավարժ, բարեխիղճ ու պետության հարգն իմացող, պետությանը նվիրված կադրերի ներգրավվածությունը պետական կառավարման համակարգում այդ պետության անվտանգության ու կայունության, հզորացման կարևոր երաշխիքն է ու նախապայմանը: ԽՍՀՄ ամենահզոր ղեկավարը լավ էր հասկանում, օրինակ, պետական համակարգում օտարերկրյա լրտեսների ներթափանցման ողբերգական հետևանքները և հետևողականորեն էր ընտրում այդ կադրերին: Լավ էր հասկանում նաև, որ բանիմաց ու փորձառու կադրերով գերատեսչությունները զինելը կապահովի հզոր խորհրդային պետության առաջընթացը, ինչն էլ տեղի ունեցավ նրա կառավարման բարդ ու պատմական ժամանակահատվածում:

Հայաստանի Հանրապետության կայացման գործում նույնպես կարևոր դեր են խաղացել կադրերը, որոնք կանխորոշել են տվյալ գերատեսչության քաղաքականությունը և հետևողականորեն ու հավատարմորեն իրականացրել իրենց ստանձնած առաքելությունը: Այդպես ստեղծվել ու հզորացել է հայոց բանակը, որը մինչև վերջերս՝ մինչև Նիկոլի ավերածությունները, համարվում էր տարածաշրջանի ամենահզոր ռազմական կառույցը, կայացել են պետական ինստիտուտները, զարգացել է մշակույթը, տնտեսությունը, ստեղծվել են հիմնարկներ, ձեռնարկություններ, զարգացել է փոքր արդյունաբերությունը, ոտքի է կանգնել գյուղատնտեսությունը, կայացել է կրթական համակարգը և այլն, և այլն: Միով բանիվ՝ պետությունը ոտքի է կանգնել ու կշիռ ձեռք բերել միջազգային հարթակներում, կարևորվել որպես սուբյեկտ, որի հետ հաշվի են նստել, որին գնահատել են ու կարևորել մինչև Հայաստանի համար թերևս իր նորանկախ պատմության ամենաողբերգական ժամանակաշրջանը, երբ 2018 թվականին երկիրը զավթեցին և իրենց կառավարման լծի տակ առան օտարերկրյա գործակալները: Դրանից հետո ամեն ինչ սկսեց ավերվել, երբևէ մեր երկրի ունեցած ձեռքբերումները փոշիացվեցին, նվաստացվեցին, Հայաստանի Հանրապետությունը դարձավ մանրադրամ մեր տարածաշջանում հետաքրքրություններ ունեցող տերությունների ձեռքին՝ մեկը մյուսի հետևից տանուլ տալով բոլոր մարտահրավերներում: Դրանում, ի դեպ, զգալի է նաև այս իշխանությունների կադրերի դերը, որոնք ասես մանրադիտակով ընտրված լինեն իրենց ապիկարությամբ, ոչ պրոֆեսիոնալիզմով, սնապարծությամբ, տհասությամբ, տգիտությամբ, մեծամտությամբ ու վախկոտությամբ, շեֆի կոշիկները լիզելու պատրաստակամությամբ, որոնք միմյանց հետ մրցույթի են մտել, թե ով ավելի դավադիր ու ցավոտ կերպով կդավաճանի երկիրը, կնսեմացնի Հայաստանի երբևէ եղած հեղինակությունն աշխարհում, ավելի շահավետ խաղադրույքներ կանի հայ ժողովրդի ճակատագրի առնչությամբ, կտրվի ցոփ ու շվայտ կյանքին պետական միջոցների հաշվին: Սրանց ամենաաններելի մեղքը Հայաստանի, հայ ժողովրդի թշնամիների հետ գործարքի գնալն է ու նրանց շահերը սպասարկելը՝ ստանձնելով Հայաստանի Հանրապետության կառավարումը, շահելով միամիտ հասարակության վստահությունը և նրանց խաբելու միջոցով դեպի թշնամու երախը ճանապարհելը: Ինչպես ասում են՝ կարելի է ծիծաղել, եթե ամեն ինչ այսքան լացելու չլիներ, թե ինչպիսի բացահայտ ցինիկությամբ ու ակնհայտ տգիտությամբ են այդ կադրերը ոչնչացնում երկրի անվտանգությունը, կառավարման ինստիտուտները, ջնջում Հայաստանի սահմանները, երկիրը տարրալուծում ոսոխի գրկում: Կար ժամանակ, երբ Հայաստանի Հանրապետության գերատեսչություններում աշխատելու համար լավագույններն էին ընտրվում ու նշանակվում՝ իրենց արժանիքներով, գիտելիքներով, փորձառությամբ, նախաձեռնողականությամբ, բանիմացությամբ, անցած մասնագիտական ուղով: Հատկապես այն բնագավառներում, որոնք կարևոր էին պետության անվտանգության ու կայացման համար՝ պաշտպանության, արտաքին հարաբերությունների, տնտեսական կառավարման: Հատկապես պաշտպանության ոլորտի կադրերն առանձին նախանձախնդրությամբ էին ընտրվում, քանի որ մեր պետության ղեկավարները՝ գոնե թե երկրորդ ու երրորդ նախագահները, գիտակցում էին, որ հզոր պաշտպանական համակարգի միջոցով կարող են զսպել արտաքին թշնամու սանձարձակությունները։ Եվ փաստացի տարածաշրջանի ամենամարտունակ բանակի առկայությունն էլ Արցախյան առաջին ազատամարտից հետո մեր երկիրը տևական ժամանակ ապահովագրեց թշնամու առաջխաղացումներից ու խաղաղություն ապահովեց: Իսկ մարտունակ բանակի ոգին պահելու համար իսկական պրոֆեսիոնալներ էին հարկավոր: Պաշտպանության նախարարի պաշտոնը այսօրվա գործակալների կողմից ատելի նախկինների օրոք միշտ ճիշտ մարդկանց է վստահվել, որոնք լուծել են իրենց առջև դրված խնդիրները և կարողացել պահպանել բանակի ներուժը, զարգացնել այն ու նոր հեռանկարներ ապահովել, զինել ու սպառազինել այն՝ թշնամու համար անխոցելի դարձնելով: Թե Միքայլել Հարությունյանը, թե Սեյրան Օհանյանը, Դավիթ Տոնոյանը ոլորտի մասնագետներ էին՝ անցել են ռամական գործի բովով մինչև բանակի ղեկավարումը ստանձնելը և որպես նախարարներ կատարել են իրանց գործառույթները: Նրանց օրոք չէ, որ 15 զինծառայող կրակի անմեղ զոհ դարձավ, նրանց օրոք չէ, որ սահմանին զինվորը անպաշտպան է անգամ քամու, ցրտի ու սովի դեմ, ուր մնաց թշնամու գնդակի: Մինչդեռ բոլորս ենք հիշում, թե 2018 թվականին Նիկոլն ինչ հիստերիկա էր բարձրացրել բանակում անդրավարտիքների ու ելակի թեմայով: Հիմա այդ ելակներն ու անդրավարտիքները զինվորների ծնողների քթերից է հանում, երբ նրանց զավակներին տարրական պաշտպանական համակարգերով չի ապահովում ադրբեջանական սպառնալիքի առաջ: Ի դեպ, Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին հայոց բանակը համալրվել է 50 հազար տոննա սպառազինությամբ, որի համար Հայաստանի բյուջեից որևէ լումա չի ծախսվել: Մեր բանակը այն զենքը, ռազմական տեխնիկան պարզապես նվեր է ստացել ՀՀ ռազմավարական դաշնակցից: Ի հավելումն դրան՝ նույն Ռուսաստանի Դաշնությունը 200 մլն վարկ է տրամադրել մեր պետությանը՝ ներքին շուկայական գներով Ռուսաստանից զենք ու սպառազինություն գնելու նպատակով: Այդ թեմային արդեն անդրադարձել ենք մեր նախորդ հրապարակումներում, թե ինչպիսի օգնություն ու որքան ֆինանսական միջոցներ են ծախսվել նախկին իշխանությունների օրոք բանակի պաշտպանողականությունը բարձրացնելու համար: Իսկ այսօր Պաշտպանության բանակի ղեկին հայտնված պատահական մեկը՝ Սուրեն Պապիկյան անունով, հայտարարում է, թե մենք գումարի խնդիր չունենք, բայց այնքան չենք բաշարում, որպեսզի կարողանանք այդ գումարով զենք գնել Հայաստանի համար: Պաշտպանության համակարգը ձախողած նախարարի փոխարեն ԱԺ նախագահն է նրա ապիկարության մասն հայտարարում ու չնայած դրան՝ Պապիկյանը շարունակում է պաշտոնավարել: Զարմանալի չէ, քանի որ նա որևէ պատասխանատվության չենթարկվեց 15 զինվորների կյանքը զոհաբերելու համար: Իսկ դա նշանակում է, որ նրա վարքը պարզապես խրախուսվում է իր ղեկավարի կողմից:

Ի դեպ, Սերժ Սարգսյանի կադրերից Վիգեն Սարգսյանը թեև ռազմական գործիչ չէր, բայց ոչ պակաս նվիրումով էր կատարում իր գործառույթը, պաշտոնավարման կարճ ժամանակահատվածում նաև բավականին արդյունավետ ծրագրեր իրականացրեց բանակի համար: Վիգեն Սարգսյանի շնորհիվ ստեղծվեց ազգ-բանակ հայեցակարգը և զինծառայողների ֆինանսական փոխհատուցման հիմնադրամը, որի միջոցով էլ 44-օրյա պատերազմից հետո այս իշխանությունները կարողացան ֆինանսական աջակցություն տրամադրել զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին: Իսկ ինչո՞վ են աչքի ընկել Նիկոլի կադրերը՝ մահեր սփռելուց ու զենք ձեռք բերելու գործարքները տանուլ տալուց բացի:

Մեկ այլ կարևոր ոլորտի՝ Արտաքին գործերի նախարարության փաշինյանական կադրերը շատ ավելի ապիկար ու ձախողակ դուրս եկան՝ այդպես էլ չկարողանալով ադրբեջանցիներին համոզել խաղաղության իրենց օրակարգին կանաչ լույս վառելու հարցում: Այս վերջինը, որը մեզ ավելի շատ հայտնի է Օմեգա կեղծանվամբ, ամեն միջազգային հանդիպման ժամանակ կարողանում է միայն կոկորդիլոսի արցունքներ թափել, թե մեզ Ադրբեջանը ցեղասպանության է ուզում ենթարկել, թե չի ընդունում խաղաղության համաձայնագրի իրենց առաջարկները, հարայ, հասեք, հարայ, օգնեք: Այսինքն՝ Արարատ Միրզոյանի գործառույթը, որքան հասկանում ենք, տարբեր հանդիպումների ժամանակ Նիկոլ Փաշինյանի թեզերը կրկնելն է ու հնարավորինս Հայաստանի դիվանագիտական, գործընկերային հարաբերությունները տապալելը:

Շարունակելի

Թագուհի Ասլանյան