Չենք էլ զարմանա, եթե Արցախի համար նախատեսված 150 տոննա մարդասիրական օգնությունն այս օրերին ուղարկվի Թուրքիա
Թուրքիայում հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվն այս պահին հատել է երեք հազարի սահմանը։ Ժամ առ ժամ զոհերի թիվը համալրվում է։ Իհարկե, ամեն նման աղետ համամարդկային ողբերգություն է, քանի որ նախևառաջ անմեղ մարդիկ են զոհվում, դառնում հաշմանդամ ու անօթևան։ Երկրաշարժը հասել է նաև Սիրիա, և այնտեղ ևս զոհերի ու վիրավորների թիվը փոքր չէ։ Եվ սա բնական տարերային արհավիրքի հետևանքով ողբերգություն է, որը կանխելը գրեթե անհնար է։ Այս օրերին աշխարհի շատ պետություններ պատրաստակամություն են հայտնել մարդասիրական օգնություն, փրկարարական ջոկատներ ուղարկել Թուրքիա, Սիրիա։
Այնինչ, այդ նույն աշխարհը՝ պետական կառույցների, պաշտոնյաների, քաղաքական գործիչների մակարդակով, մեկ այլ ողբերգության՝ Արցախի 120 հազար բնակչության տարերային շրջափակման նկատմամբ նույն ջանասիրությամբ քայլեր չի ձեռնարկում հնարավոր աղետը կանխելու համար։ Աղետ, որը ստեղծվել է մարդու՝ այսպես կոչված «բնապահպանների» միջոցով, նույն Թուրքիայի և դրա հոգեզավակ Ադրբեջանի ղեկավարությունների նախաձեռնությամբ։ 120 արցախցիներ արդեն երկու ամիս է՝ մեծ վտանգների առաջ են հայտնվել՝ սովի մատնվելու, առանց բժշկական օգնության ու դեղորայքի մնալու, ցրտի ու մթի հետ կռիվ տալու, առանց աշխատանքի ու սեփական գործի, հետևաբար՝ ապրուստի միջոցի մնալու․․․ Քաղաքակիրթ ու «բարեսիրտ» աշխարհը այս դեպքում բավարարվեց անհետևանք ու անապատ նետված հայտարարություններով ու մեղմ քննադատություններով ագրեսոր Ադրբեջանի հասցեին։ Որևէ գործուն քայլ չարվեց, որևէ մարդասիրական օգնություն չհասավ էլեկտրաէներգիայից, գազից, սննդից, վառելիքից, բուժօգնությունից մասնակի կամ ամբողջությամբ զրկված Արցախի համար, քար անտարբերությունը մեզ համար պարզեց այսօր Թուրքիային վշտակցող աշխարհի դեմքը՝ այս էլ որերորդ անգամ։
Եվ այս էլ որերորդ անգամ նաև ցույց տվեց մեր՝ Հայաստանի Հանրապետության իշխանությունը զավթած խմբակի վերաբերմունքը հայի, Հայաստանի ու Արցախի նկատմամբ։ Հիշում եք՝ բոլորովին վերջերս ԱԺ ամբիոնից խոսելով Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակելու մասին՝ Նիկոլ Փաշինյանը հստակ հասկացնել տվեց Արցախին, որ ինքը չի պատրաստվում Հայաստանը ներքաշել Արցախը ստեղծված վիճակից հանելու գործընթացներում և դրա համար, բացի դիվանագիտական քայլերից, որևէ ջանք չի գործադրելու։ Իսկ պարոն Փաշինյանի դիվանագիտությունը սահմանափակվում է Արևմուտքի օձիքին աղվեսի մի քանի կաթիլ արցունք թափելով, թե՝ հարայ, հասեք, Ադրբեջանը փորձում է ցեղասպանել Արցախում շրջափակման մեջ մնացած հայերին։ Բայց հաջորդ պահին էլ ի լուր աշխարհի հայտնում, թե Հայաստանն իբրև ընդունում է, որ Արցախն ադրբեջանական տարածք է և այն պետք է վերադարձվի իրենց տերերին։
Օգնությո՞ւն Հայաստանի իշխանություններից Արցախին, իսկ ինչո՞ւ պետք է օգնեն, եթե նախորդ տարի արդեն 170 մլրդ դրամ են հատկացրել։ Փաշինյանը հորդորեց ացախցիներին բավարարվել այդքանով և համարել, որ Հայաստանն իր եղբայրական պարտքը կատարել է այն Արցախի նկատմամբ, որի մասին 44-օրյա ոճրագործությունից առաջ բղավում էր, թե Արցախը Հայաստան է, ու վերջ։ Երկու ամիս շարունակ Հայաստանից պետական մակարդակով որևէ շոշափելի օգնություն չի ուղարկվել Արցախ, միայն անհատների ու կազմակերպությունների միջոցով է հնարավոր եղել որոշակի օգնություն հատկացնել՝ զարտուղի ճանապարհներով կամ Կարմիր խաչի օգնությամբ։ Սեփական ժողովրդի նկատմամբ այսպիսի վերաբերմունք ունեցող վարչապետի սիրտը սակայն չի դիմացել իր եղբայրական Թուրքիայում երկրաշարժի հետևանքներին, և թվիթերյան իր միկրոբլոգում նա շտապել է ցավակցել երկրաշարժից տուժածներին, զոհերի հարազատներին ու տեղեկացնել, որ Հայաստանը, որի նկատմամբ այսօր էլ Թուրքիան ցեղասպանական նկրտումներ ունի, կազմ-պատրաստ է նրանց օգնություն տրամադրելու համար։
Իսկ այդ ընթացքում մեր աղբյուրը մեզ տեղեկացրեց, որ այս պահին Գորիսում մոտ 150 տոննա մարդասիրական բեռ կա Արցախի համար։ Սփյուռքի մեր հայրենակիցներն իրենց ուժերը միավորելով, շրջափակված Արցախին օգնելու նպատակով «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով մեծ քանակությամբ օգնություն են հավաքագրել և ուղարկել՝ հույս փայփայելով, որ գոնե այս անգամ հիմնադրամը կկատարի իր առաքելությունը։ Բայց, ինչպես հայտնում է մեր աղբյուրը, հիմնադրամը ոչինչ չի անում, որպեսզի այդ բեռը հասնի Արցախ։ Ձևավորվել է անգամ հատուկ խումբ, որն իր օգնությունն է առաջարկել հիմնադրամին՝ այդ հարցում որոշակի քայլե անելու ուղղությամբ, սակայն Համահայկական հիմնադրամը անտարբեր է նրանց առաջարկներին։ Արժե՞ արդյոք զայրանալ, եթե մի գեղեցիկ օր էլ պարզվի, որ արցախահայության համար նախատեսված բեռը վերահասցեավորվել է դեպի Թուրքիա՝ երկրաշարժից տուժածներին օգնելու նպատակով։ Մեկ անգամ արդեն նման դառը փորձ եղել է, երբ 44-օրյա պատերազմի ժամանակ Սփյուռքից ուղարկված մեծածավալ օգնությունը անհետ կորավ, և ոչ ոք այդպես էլ հաշվետվություն չպահանջեց այդ կառույցից։ Ավելի ճիշտ՝ պահանջ եղավ, բայց հաշվետվություն չներկայացնելու համար պատիժը չհաջորդեց։ Ինչպես ասում են՝ հետևությունները թողնում ենք ձեզ։
Թագուհի Ասլանյան

