Արցախում կրկին դադարեցվել է գազամատակարարումը

Ադրբեջանը շարունակում է Արցախի հայաթափմանն ուղղված գործողությունները։

Արցախում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։

«Արցախգազ» ՓԲ ընկերությունը հայտնում է, որ հանրապետությունում գազամատակարարումը դադարեցվել է ժամը 13։00-ի դրությամբ:

Նշենք, որ Արցախը մոտ 40 օր գտնվում է ամբողջական շրջափակման մեջ: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակներով փակել է Ստեփանակերտ-Գորիս-Երևան միջպետական մայրուղու Շուշի-Քարին տակ խաչմերուկը՝ Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը։

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետևանքով Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախի Հանրապետություն։ Տասն օր առաջ Ադրբեջանը անջատեց Արցախը Հայաստանից սնուցող միակ մալուխը, ինչի հետևանքով հանրապետությունում հովհարային անջատումներ են տեղի ունենում։

Արցախում սպառվում են պարենի և դեղորայքի պաշարները, չեն գործում կրթական և բժշկական հաստատությունները, պարենը տրվում է կտրոններով: