Արցախը հայկական պահելու քայլերից մեկը գաղափարական ու ինստիտուցիոնալ համախմբումն է․ Աբրահամ Գասպարյան
Մենք չունենք մի գլխավոր բան, որն ունի մեր թշնամին ունի․ գաղափարական կենտրոնացվածություն։ Այս մասին ասաց «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի կազմակերպած «Ինչպե՞ս պահել Արցախը հայկական» թեմայով փորձագիտական քննարկմանն ասաց «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոնի ղեկավար Աբրահամ Գասպարյանը։
«Այսօր ունենք կարևոր մի խնդիր, խոսքը հայկական ռեսուրսների ինվերտարիզացիային է վերաբերում։ Հայությունն ունի՞ պատկեր, թե պատերազմից հետո ռեսուրսներ ունե՞նք, թե՞ ոչ»,-ասաց նա, նշելով, որ դեմ է 80-ականների վերջին ու այսօրվա միջև համեմատություն անողների այն պնդումներին, թե այն ժամանակ էլ ոչինչ չունեինք։
«88-ի աշխարհը լրիվ ուրիշ էր, այսօրվա աշխարհը լրիվ ուրիշ տրամաբանությամբ է առաջնորդվում, մենք չունենք մի գլխավոր բան, որը մեր թշնամին ունի։ Խնդիրը վերաբերում է գաղափարական կենտրոնացվածությանը»,-ասաց Գասպարյանը։
Նա նշեց, որ 2018-ին ապագա խունտայի ղեկավարը հայտարարում էր, թե որևէ իզմի չեն հավատում, հետևանքը եղավ այն, որ հայությունը չունի որևէ միասնական մոտեցում, պատկերացում Արցախի, Սյունիքի, Գեղարքունքի, Հայաստանի ինքնիշխանության վերաբերյալ։
«Քանի որ բաց ենք խոսելու, եկեք երազանքների գիրկը չընկնենք, չասենք, որ մարդիկ չեն համաձայնելու Տավուշի անկլավների հարցն հօգուտ Ադրբեջանի լուծելուն։ Ոչ։ Ոչ։ Եկեք խոսենք շատ բաց ու հասկանանք, ովքեր են այցելում շրջաններ ու խոսում ժողովրդի հետ, նրանք ինչ պատկերացում ունեն հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին։ Գաղափարական կոլապս է տեղի ունեցել, չենք կարողացել պահել հայության միասնական դիրքորոշումը հայկական տարածքների լինելության կամ պատկանելիության վերաբերյալ»,-ասաց նա։
«2013-ից սկսած եկեղեցուն հարվածող, բանակին հարվածող, ազգային արժեքները ոտնատակ տվող այս խմբակների գործունեությունը, որոնք սնվում են տարբեր տեղերից, հանգեցրեց նրան, որ ազգային գաղափարի նշաձողն իջեցնում ենք կենցաղի մակարդակի։ Այսօր մարդկանց հրամցվում է մի իրավիճակ, որ 29 հազար 800 քմ պահելու համար պետք է հրաժարվենք Արցախից»,-ասաց նա։
Ստեղծված իրավիճակում, Արցախը հայկական պահելու առաջին նախապայմանը բանախոսը համարում է գաղափարական և ինստիտուցիոնալ համախմբումը:
«Պետությունն այսօր ոչ մի տեղ չի աշխատում՝ ոչ Հայաստանում, ոչ Արցախում։ Հիմա խնդիր կա Արցախում պետական ինստիտուտները չքանդելու, չվերացնելու և այդպիսով Ադրբեջանին մեծ ծառայություն չմատուցելու»,-ընդգծեց նա՝ ավելացնլով, որ արցախցիները միշտ կարողացել են խնդիրները հաղթահարել, կոնսենսուսի գալու հնարավորությունն այնտեղ պատմական հիմքերի վրա է դրված։
Ըստ այդմ, անդրադառնալով երկու օր առաջ Արցախում տեղի ունեցած ներքաղաքական վեճերին, բանախոսը վստահություն հայտնեց, որ Արցախում ավելի սթափ կկարողանան գնահատել «սև-սպիտակ» բաժանումները. «Արցախի պետական կառավարման համակարգը պիտի արդիականացվի և կառավարման նոր մոդելը, որը պիտի մտցվի, Արցախը պետք է դարձնի առավել մրցունակ և ավելի պաշտպանված՝ ամեն վայրկյան սպասվող ադրբեջանական հարձակումից: Պատերազմ, այո, լինելու է և լինելու է, որովհետև, մենք ուզենք, թե ոչ, պիտի մի փոքր մեր շրջահայացությունն ավելացնենք և տեսնենք, թե հարևան երկրներն ի՞նչ են մտածում այս ամեն ինչի մասին, ի՞նչ կանխատեսումներ ունեն Հայաստանի և հայկական իրականության մասին: Բոլոր տարածաշրջանային և միջազգային ինդիկատորները ցույց են տալիս, որ հայկական խաչմերուկը՝ Սյունիքը, դառնալու է շատ լուրջ բանակցությունների և պատերազմի առարկա: Ուզո՞ւմ եք հասկանալ՝ Արցախում պատերազմ կլինի՞, թե՞ ոչ, փորձեք հասկանալ ռուս-թուրքական պայմանավորվածությունների և իրանական միջամտության վերջին արդյունքները՝ Անկարա-Դամասկոս հարաբերությունների բարելավման առումով», ասաց Գասպարյանը:

