Ինձ թիրախավnրnւմ են և նվաuտացնում. Գերմանիայի կանցլեր
Ինձ գրոհում են և նվաստացնում. ոչ մի դաշնային կանցլեր մինչ օրս ստիպված չի եղել նման բան հանդուրժել: Այս մասին ասել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Spiegel պարբերականին տված հարցազրույցում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»-ը:
«Ես միայն հազվադեպ եմ մտնում սոցցանցեր: Բայց եթե նայեք, թե ինչեր են այնտեղ իմ մասին տարածում, ինչպես են ինձ թիրախավորում ու նվաստացնում՝ ոչ մի դաշնային կանցլեր մինչ օրս ստիպված չի եղել նման բան հանդուրժել: Ես չեմ բողոքում, բայց դա է իրականությունը»,- հայտարարել է Մերցը:
Մերցի կարծիքով՝ նախկին կանցլեր Օլաֆ Շոլցը նույնպես ստիպված է եղել շատ բան հանդուրժել, բայց նա փորձում էր ներշնչել բնակչությանը, թե ամեն ինչ այնքան էլ վատ չի լինի, եթե ընտրեն իրեն:
«Չէ՞ որ նա միշտ ասում էր, թե չի ցանկանում անվտանգության քաղաքականությունը հակադրել սոցիալական քաղաքականությանը: Մենք այլևս չենք կարող մեզ նման բան թույլ տալ»,- ասել է Մերցը:
Միևնույն ժամանակ, կանցլերն ընդունել է, որ իր բառապաշարը հաճախ տարակուսանք ու վրդովմունք է առաջացնում տեղեկատվական դաշտում:
«Ես ասում եմ այն, ինչը համարում եմ ճիշտ, և ընդունում եմ այն փաստը, որ դա բուռն վեճեր է հարուցում: Այնուամենայնիվ, ես նաև նկատում եմ, որ նման խոսքերը բախվում են գերնյարդային հանրության հետ, որին հեշտ է հունից հանել: Չնայած դրան, ես մտադիր չեմ դրժել ինքս ինձ»,- նշել է նա:

