Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են անցկացրել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 29-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին տեղեկացրել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Նրա խոսքով՝ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում պատրաստակամություն է հայտնել մայիսի 9-ի Հաղթանակի օրվա կապակցությամբ Ուկրաինայի հետ ընթացող ռազմագործողություններում հրադադար հայտարարելու վերաբերյալ։

Ուշակովը նշել է, որ Դոնալդ Թրամփն իր աջակցությունն է հայտնել նախաձեռնությանը՝ ընդգծելով, որ տոնը նշանավորում է Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիզմի դեմ համատեղ հաղթանակը։

Ըստ աղբյուրի՝ հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ և ՌԴ առաջնորդները քննարկել են ռուս-ուկրաինական և ԱՄՆ-Իրան հակամարտություններին վերաբերող հարցեր։