Արցախի առողջապահության նախարարը շրջել է բուժհիմնարկներով

Այսօր ԱՀ առողջապահության նախարար Սամվել Ավետիսյանը նախարարության պատասխանատուների հետ այցելել է ԱՀ առողջապահության նախարարության «Արևիկ» բուժմիավորում ՓԲԸ, նույն բուժմիավորման ինֆեկցիոն բաժանմունք և ԱՀ ԱՆ «Դատաբժշկական փորձաքննության բյուրո» ՊՈԱԿ։

Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից, գործադիր տնօրենների ուղեկցությամբ նախարարը շրջել է բուժհիմնարկներով և ծանոթացել շենքային պայմաններին։ Այցերի ընթացքում տեղի են ունեցել հանդիպումներ նաև բուժանձնակազմերի հետ և քննարկվել դեղորայքային ապահովվածության, կադրային քաղաքականության, մասնագետների վերապատրաստման, սարքավորումների հագեցվածության և մի շարք այլ առանցքային հարցեր։

Բուժանձնակազմների կողմից բարձրացված հարցերի և առաջարկների վերաբերյալ նախարար Սամվել Ավետիսյանը տվել է համապատասխան պարզաբանումներ և հանձնարարել գործադիր տնօրեններին ներկայացնել բուժհիմնարկների գործառույթների արդյունավետության վերաբերյալ տեղեկատվություններ և առաջարկություններ։