ԼՂ հայության վրա շարունակում են կրակել, այս պայմաններում ՊԲ առաքելությունն առավել քան պահանջված է․ Արարատ Միրզոյան
Լաչինի միջանցքի փակումը նոյեմբերի 9-ի հայտարարության կոպտագույն խախտում կլիներ, բայց ռուս խաղաղապահների հետ բանակցությունների արդյունքում հարցը արագորեն հարթվել է։ Այս մասին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով օրեր առաջ բնապահպաններ ներկայացած մի խումբ ադրբեջանցիների կողմից Գորիս-Ստեփանակերտ մայրուղին փակելու հարցին, ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նա նշեց, որ ԼՂ հայության վրա շարունակում են կրակել և այս պայմաններում Պաշտպանության բանակի գոյությունը առավել քան անհրաժեշտ է։
«ՊԲ-ի անվանումն ինքնին հուշում է այն մասին, որ բանակի առաքելությունը Լեռնային Ղարաբաղի հայության պաշտպանությունն է ու սա այսօր, առավել քան երբևէ, պահանջված է: ԼՂ հայության վրա շարունակում են կրակել, նրանց ենթարկում են տարատեսակ ճնշումների, գազն են փակում: Երբ որ կվերանա ԼՂ հայության էթնիկ զտումների վտանգը, այն ժամանակ, կարծում եմ, ԼՂ հայությունը կկարողանա քննարկել հնարավոր այլ սցենարներ։ Այս պահին կարող ենք արձանագրել, որ գոյաբանական վտանգը կա», – ասաց Արարատ Միրզոյանը:
«Նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները ոչ ամբողջությամբ են իրագործված, խոսքը առաջին հերթին հայ ռազմագերիներրի ազատ արձակման ձգձգման մասին է, ինչ վերաբերում է տարածաշրջանային ենթակառուցվածքների բացման հարցին, բառացիորեն երեկ է եղել աշխատանքային խմբի հանդիպումը, ընթանում են աշխատանքներ, իհարկե, քննարկվող հարցերը բարդ են, բայց բոլոր հարցերում հայկական կողմը դրսևորում է առավելագույն կառուցողականություն»,- ասաց Միրզոյանը։

