Հայկական կողմը հետևություններ է արել ՀԱՊԿ-ի մասով և գործուն քայլեր է իրականացնում․ Ալեն Սիմոնյան
Կյանքն ապացուցում է, որ ՀԱՊԿ-ի ռազմական դերը հետխորհրդային տարածքում իրեն չի արդարացնում, և ապացույցները շատ են։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Դա, ըստ նրա, ակնհայտ է ոչ միայն հայ-ադրբեջանական հակամարտության համատեքստում։ Նա հավելեց, որ հայկական կողմը հետևություններ է արել և գործուն քայլեր է իրականացնում այդ ուղղությամբ: «Մենք միացել ենք ՀԱՊԿ-ին թուրք-ադրբեջանական տանդեմից պաշտպանվելու համար։ Ուրիշ ումի՞ց: Եվ երբ քաղաքական գնահատականներ տալու ժամանակն էր, այդ գնահատականները բավարար չէին։ Դրան Հայաստանի արձագանքը երեկվա փաստաթղթի ստորագրումից հրաժարվելն էր։ Մենք ակնկալում էինք, որ փաստաթղթում իր տեղը կգտնի քաղաքական գնահատականը»,- նշեց Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ երեկ ՀԱՊԿ ՀԱԽ նստաշրջանի արդյունքներով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է ստորագրել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրը երկրին օգնություն ցուցաբերելու մասին, քանի որ կազմակերպությունը շարունակում է չճանաչել Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան և միջազգային ճանաչում ունեցող տարածքի խախտման փաստը:

