Բերձորի, Աղավնոյի, Լաչինի միջանցքի հանձնման մասին Նիկոլի հայտարարությունները հաղորդում են նախապատրաստվող պետական դավաճանության մասին. 2
Սկիզբը` այստեղ
Բացում եմ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան էջը, դուք էլ նշված հղմամբ կարող եք բացել:
Արայիկ Հարությունյանի էջը բացում եմ ու ծանոթանում առկա գրառումներին այսօր ժամը 23:20-ի կողմ, այսինքն` բազմաթիվ հիմնավոր փաստերով պետական դավաճանության մեջ մեղադրվող , բայց դեռ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլի հունիսի 27-ի այն հայտարարությունից 2 օր հետո, որ Բերձորը, Աղավնոն, Քաշաթաղի (Լաչինի) միջանցքում գտնվող մյուս բնակավայրերը, ինչպես նաև հենց Քաշաթաղի միջանցքն «անցնելու են Ադրբեջանի վերահսկողությանը»:
Հետաքրքրեց, կարծում ենք, շատերին նույնպես կհետաքրքի, թե ԱՀ նախագահի պաշտոնը զբաղեցնողն արդյոք որևէ կերպ անդրադարձե՞լ է փակ, ձևական ու խայտառակ «մամուլի ասուլիսում» Նիկոլի` Արցախի ու Հայաստանի թիվ 1 ներքին թշնամու վերոնշյալ դավաճանական հայտարարությանը, որևէ կերպ իր և արցախցիների դժգոհությունը, անհամաձայնությունը հայտնել է Նիկոլի ասածների, այսինքն` Քաշաթաղի միջանցքը և այնտեղ գտնվող հայկական բնակավայրերը մեր արտաքին թշնամուն հանձնելու վերաբերյալ: Ցավոք, այդ կապակցությամբ բառ անգամ չգտանք, այսինքն` ականատես եղանք ամոթալի, ավելին` նվաստացուցիչ մի վիճակի:
Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան էջում նրա վերջին գրառումը հունիսի 12-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված շնորհավորանքն է ազգային տոնի՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ, իսկ դրանից հետո` ոչինչ, կարծես ուղտի ականջում քնած է` չնայած նրան, որ գրեթե բոլոր ԶԼՄ-ները, սոցիալական ցանցերը ողողված են մեր հայրենիքի ռազմավարական նշանակության հերթական ճանապարհն ու բնակավայրերը Ադրբեջանին հանձնելու Նիկոլի հայտարարության վերաբերյալ հարյուրավոր, եթե ոչ հազարավոր հրապարակումներով:
Հիմա թող Արայիկ Հարությունյանն ինքը պատասխանի` Արցախի ընտրված նախագա՞հն է ինքը, թե Նիկոլի դրածոն, նրա քաղաքական գործիքն Արցախում կամ գրպանի քաղաքական գործիչը: Եվ եթե կհայտարարի, թե Արցախի ընտրված նախագահն է, տվյալ հայտարարությունը հիմնավորելու համար պետք է բացատրի իր վերոնշյալ լռությունը և համադրի այն իր` Արցախի ընտրված նախագահ հանդիսանալու (ոչ թե սոսկ պաշտոնը զբաղեցնելու) հանգամանքի հետ, եթե, իհարկե, կարող է…
Այլապես չբացատրելով, չհիմնավորելով կամ սույն հրապարակումն անտեսելով, Արայիկ Հարությունյանը միայն կհաստատի, որ ինքն իսկապես պետական դավաճանության մեջ մեղադրվող Նիկոլի դրածոն է Արցախում, նրա գործակիցը, եթե ոչ` Նիկոլի հետ նույն մեղադրանքը կիսողը:
Բա ամոթ չէ՞, ավելին` գետինը մտնելիք չէ՞, որ 168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղի ղեկավար Անդրանիկ Չաուշյանն ասել է, որ անկախ այն հանգամանքից, թե ինչ կհայտարարի Նիկոլ Փաշինյանը, իրենց դիրքորոշումը չի փոխվելու, շարունակելու են ամուր կանգնել իրենց սեփական հողի վրա, բայց Արցախի նախագահի պաշտոնը զբաղեցնողը լռում է, չի առարկում, չի ընդդիմանում Նիկոլի ասածներին: Ի՞նչ է` այդ հողը միայն Չաուշյանինն ու նրա համագյուղացինների՞նն է, Հարությունյանինը չէ՞…
Ինչպես Չաուշյանն է ասել, Նիկոլ Փաշինյանը կարող է այդ զիջողական դիրքն ընդունել իր սեփական տան մեջ, բայց իրենք ո՛չ նրան, ո՛չ էլ որևէ մեկին թույլ չեն տալիս իրենց փոխարեն որոշում կայացնել։
Այն, ինչ ասել է Աղավնոյի գյուղապետը, նա, ավելի ճիշտ, միայն նա չպետք է ասեր, պետք է ասեին նաև Արցախի նախագահի պաշտոնը զբաղեցնողը, Ազգային ժողովի նախագահը, Արցախի անվտանգության և ապագայի համար պատասխանատու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Չաուշյանն ընդամենը գյուղապետ է, բայց ունեցել է համարձակություն` հայտարարելու, որ անկախ Նիկոլի դիրքորոշումից, հայտարարությունից, շարունակելու են ամուր կանգնել իրենց սեփական հողի վրա, հայրենիքը չեն զիջելու թշնամուն, իսկ Արայիկ Հարությունյանը կամ ազնվության, հայրենասիրության ու համարձակության լրջագույն դեֆիցիտ ունի, կամ Քաշաթաղի միջանցքը և այնտեղ գտնվող բնակավայրերը թշնամուն հանձնելու հարցում համախոհ ու հանցակից է Նիկոլին: Եվ եթե վերջինը, ապա այդ դեպքում թող Արցախից տեղափոխվի Ադրբեջան և ապրի այն երկրում, որին ծառայում է, ընդ որում, շտապի տեղափոխման գործում, քանի դեռ դրա հնարավորությունն ունի…
«Չեմ ուզում կրկնվել և նույնն ասել, բայց իր սեփականությունը չէ, որ գնա, բանակցի Արցախի հողի մասով,- ասել է Անդրանիկ Չաուշյանը։- Դա Նիկոլի ու Ալիևի ցանկությունն է, և մենք չենք պատրաստվում իրականացնել նրանց այդ ցանկությունը։ Նիկոլի դիրքը միշտ զիջողական դիրք է, ինչին մենք դեմ ենք, մենք որևէ բան չենք պատրաստվում զիջել՝ այն էլ մեր հաշվին։ Եթե Նիկոլ Փաշինյանը ցանկանում է, ապա կարող է զիջել իր սեփականությունը։ Մենք նրան այդ իրավունքը չենք տվել, որ մեր հաշվին գնա զիջումների։
Ինքն ասում է՝ Սուս գյուղի վերաբերյալ բան չեմ կարող ասել, լավ գիտի, որ այնտեղ բնակիչ չկա։ Այսինքն՝ իրենք աշխատում են այն բնակավայրերի վրա, որոնք բնակելի տարածքներ են, այդպիսով՝ թիրախավորում է հայորդիներին, ուզում է ստրկացնի հային»:
Իր խոսքում Աղավնոյի գյուղապետն ասել է նաև. «Ի տարբերություն իրենց, մենք մեր հայրենիքի ու մեր տղաների հանդեպ պարտավորվածություն ունենք, խոստում ունենք, տղաները գնացին ու մեզ ասացին, որ այս հողը չթողնեք, հետևաբար՝ չենք թողնելու՝ սա է ամբողջ բերձորցիների դիրքորոշումը»:
Անդրանիկ Չաուշյանը միաժամանակ ընդգծել է, որ «Արցախը հանձնելու մասին Նիկոլ Փաշինյանը նոր չի խոսում, իսկ հասարակության մի հատվածն էլ դեռ աղաղակում է՝ «Նիկոլ վարչապետ», թեպետ սա հասկանալի է, քանի որ, ըստ Աղավնոյի գյուղապետի՝ հայ հասարակության մի մասը քաղաքականապես դեռևս հասունացած չէ»։
Աղավնոյի գյուղապետը շատ ճիշտ հարցեր է տվել` «Այս հողն ո՞ւմ է տալիս, դա իրե՞ն է պատկանում, այն համահայկական հող է», «Իրեն հող վաճառելու կամ հանձնելու մանդատ ո՞վ է տվել»…
Նա կարող է այդ զիջողական դիրքն ընդունել իր սեփական տան մեջ, որտեղ կարող է անել, ինչ ցանկանում է։ Բայց մենք ո՛չ իրեն, ո՛չ էլ որևէ մեկին թույլ չենք տալիս մեր փոխարեն որոշում կայացնեն։
Այո՛, ոչ ոք Նիկոլին իրավունք չի տվել, առավել ևս` նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածության խախտմամբ, Քաշաթաղի միջանցքը և այնտեղ գտնվող բնակավայրերն Ադրբեջանի վերահսկողությանը հանձնել կամ նույնիսկ այդ մասին հայտարարել, ինչը պետք է գնահատել որպես լիազորությունների ակնհայտ գերազանցմամբ պետական դավաճանության նախապատրաստման դրսևորում:
Հայաստանի բոլոր նախկին ղեկավարները, ինչպես նաև Նիկոլը բանակցային գործընթացում իրավունք ունեին և ունեն միայն Արցախի, նրա բնակչության իրավունքներն իրականացնելու և անվտանգության երաշխավորողի դերում հանդես գալ, բայց Արցախի ու բնակչության վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավունք նրանց տրված չի եղել ու տրված չէ:
Եթե Արայիկ Հարությունյանը նույնիսկ հայտարարի, թե ինքն է այդ իրավունքը Նիկոլին տվել, լիազորել նրան, ապա ԱՀ Սահմանադրությամբ չափազանց դյուրին կլինի ապացուցել, որ նա Նիկոլին այդպիսի իրավունք տալու իրավունք չուներ, ինքն էլ է, իր հերթին, պետական դավաճանություն կատարել ու Սահմանադրությամբ ամրագրված իր իմպերատիվ պարտականությունները չկատարելով, ավելին` դրանց ուղղակի կերպով դեմ գնալով, հենց ինքն իրեն դուրս դրել ԱՀ նախագահի կարգավիճակից, փորել իր գերեզմանը…
Շարունակելի
Արթուր Հովհաննիսյան