Երանի թե ամերիկյան հատուկ ծառայությունների գնահատականները համապատասխանեն իրականությանը

Պատերազմն իր չգրված ու գրված օրենքներն ու կանոններն ունի, և դրանցից մեկը նպատակային կերպով չսպանելն է նրանց, որոնց ձեռքին զենք չկա, ովքեր զենք չեն վերցրել ու քո դեմ զենքով չեն ելել քեզ սպանելու նպատակով, այսինքն՝ խաղաղ կամ քաղաքացիական բնակչությանը: Առավել ևս անթույլատրելի է համարվում երեխաների, կանանց, ծերերի սպանությունը:

Բայց այս ամենին հետևում են միայն մարդիկ և իսկապես քաղաքակիրթ պետությունները, տմարդը, մարդակերպ գազանը և քաղաքակիրթ պետության դիմակ հագած պետությունները, ինչպիսիք են, օրինակ, Իսրայելը, ԱՄՆ-ը, Թուրքիան, չեն հետևում այս պահանջներին: Մեկ այլ դաժան իրողություն էլ կա. երբ թշնամին խախտում է վերը նշված պահանջները, հաճախ դիմացինին չի թողնում այլընտրանք նույն կերպ չվարվելու:

Քաղաքացիական բնակչությանը չոչնչացնելու առումով միջուկային զենքի՝ որպես զանգվածային բնաջնջման զենքի, մշակումը, ստեղծումը և կիրառումը, որքան էլ որ անթույլատրելի է, նույնքան էլ, որպես զսպման ու հատուցման միջոց, արդարացված ու թույլատրելի է, երբ թշնամի պետությունն ունի ցեղասպանական նպատակ, առավել ևս՝ երբ նշված նպատակն ունենալով, ավելի վաղ կատարել է նույն քայլերը:

Եթե Հյուսիսային Կորեան չհասցներ ժամանակին ստեղծել միջուկային զենք, ապա ԱՄՆ-ը, միգուցե Իրանից էլ առաջ, արդեն հարձակված կլիներ նրա վրա, հնարավոր է, Հարավային Կորեայի և Ճապոնիայի հետ միասին: Եթե ԱՄՆ-ի կամ (և) Իսրայելի կողմից սպանված Իրանի նախկին գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին միջուկային զենքի ստեղծումը կրոնական նկատառումներով մերժած չլիներ, և Իրանը միջուկային զենք ունենար, ապա միջուկային զենք ունեցող Իսրայելը և ԱՄՆ-ը չէին համարձակվի հարձակվել նրա վրա, Ալի Խամենեին էլ ողջ կլիներ:

Հաշվի առնելով վերը շարադրվածը, կարելի է միայն ողջունել ԱՄՆ-ում հրապարակված այն տեղեկատվությունը, որ, ամերիկյան հատուկ ծառայությունների կարծիքով, Իրանը մտադիր է սեփական միջուկային զենքը ստեղծել, եթե, իհարկե, այդ կարծիքն անհիմն ու մոգոնված չէ՝ Իրանի վրա լայնամասշտաբ նոր հարձակման համար:

ԱՄՆ-ում հնարավոր են համարել, որ Իրանը մտադիր է սեփական միջուկային զենքը ստեղծել: Ամերիկյան հատուկ ծառայությունները կարծում են, որ Իրանի նոր գերագույն առաջնորդ այաթոլլա Մոջթաբա Խամենեին կարող է ավելի հակված լինել միջուկային զենք ստեղծելու, քան իր նախորդը՝ Ալի Խամենեին: Այս մասին, «Комсомольская правда»-ի և «Московский комсомолец»-ի փոխանցմամբ, հայտնել է ամերիկյան «The New York Times» թերթը՝ հղում կատարելով հետախուզության գնահատականներին ծանոթ աղբյուրներին: Ըստ հրապարակման, երկրի ավելի պահպանողական կառավարությունը նույնպես կարող է ունենալ համապատասխան հավակնություններ:

Պարբերականի տվյալներով՝ ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Իրանի նոր ղեկավարությունը դիտարկում է միջուկային ծրագիրն ավելի ակտիվ զարգացնելու հնարավորությունը: Ընդ որում, նշվում է, որ Ալի Խամենեին հրապարակավ միջուկային զենք ստեղծելու կոչ չի արել։ 

Ինչպես պնդել են թերթի աղբյուրները, ուրանի հարստացման համար նախատեսված սարքավորումների մի մասը տեղափոխվել է Իրանի կենտրոնական մասում, Պիկաքս լեռան տակ (Նաթանզ քաղաքի մոտակայքում) գտնվող նոր ու լավ պաշտպանված համալիր: Ամերիկյան հատուկ ծառայությունները պարզել են, որ Թեհրանն ուրանի հարստացման ցենտրիֆուգների մի մասը նշված ստորգետնյա է տեղափոխել 2025թ. հունիսին ԱՄՆ-ի կողմից հարվածների ենթարկված օբյեկտներից։ ԱՄՆ-ի պաշտոնյաների գնահատմամբ՝ բարձր հարստացված ուրանի պաշարները, որոնք անհրաժեշտ են միջուկային զենքի ստեղծման համար, մնացել են անձեռնմխելի և նախկինի պես հասանելի են Թեհրանին:

«The New York Times»-ի տեղեկություններով՝ հիշյալ օբյեկտի շուրջ ցամաքային ստորաբաժանումներ են տեղակայվել և այն հսկվում է ցամաքային զորքերի կողմից։ Վաշինգտոնում կարծում են, որ այնտեղ ցամաքային զորքերի տեղակայման նպատակն ամերիկյան զորքերի հնարավոր ցամաքային հարձակմանը դիմակայելն է։ 

Ամերիկյան հետախուզությունն այսպիսով կարծում է, որ Իրանը պատրաստվում է միջուկային զենք ստեղծել, թեև ուրանի հարստացման համար նախատեսված սարքավորումների մի մասի տեղափոխումը վերոնշյալ համալիր դեռ բնավ չի նշանակում միջուկային զենքի ստեղծման պատրաստություն ու կարող է ունենալ ընդամենը խաղաղ նպատակներով ուրանի հարստացման հնարավորությունները պահպանելու նպատակ:

Ավելի վաղ Իրանում հայտարարել էին, որ երկրի միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ է կրում: Հանրապետության արտգործնախարար Աբբաս Արաղչին պնդել է, որ Թեհրանը երբեք չի ձգտել ատոմային ռումբ ստանալ, իսկ բոլոր մշակումներն իրականացվում են միայն քաղաքացիական նպատակներով:

 

Թրամփը կրկին սպառնացել է ոչնչացնել Իրանի ենթադրյալ նոր միջուկային օբյեկտը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, «Новости Mail»-ի փոխանցմամբ, «Fox News» հեռուստաալիքի ուղիղ եթերի ընթացքում կրկին հանդես է եկել Նաթանզ քաղաքի մոտակայքում գտնվող իրանական ենթադրյալ նոր միջուկային օբյեկտը ոչնչացնելու սպառնալիքով:

Խոսքն Իրանի կենտրոնական մասում, Կում քաղաքի (պաշտոնական ու ճիշտ անվանումը՝ Ղոմ) մոտակայքում գտնվող, ԱՄՆ-ում Կիրկա կոչվող լեռան (իրանական տեղանունը՝ Պիկաքս) տակ կառուցվող կամ գուցե արդեն կառուցված ստորգետնյա օբյեկտի ուղղությամբ նախապատրաստվող հարվածների մասին: Նշված լեռը, որը հայտնի է նաև Կոլանգ Գազ-Լա անվանմամբ, գտնվում է Սպահան նահանգի Նաթանզ քաղաքի միջուկային համալիրից 2 կմ-ից պակաս հեռավորության վրա: 2020թ. Իրանն այնտեղ սկսել է ստորգետնյա օբյեկտ կառուցել, որտեղ, ինչպես ենթադրում են արևմտյան աղբյուրները, կարող է հարստացնել ուրանը։ 

«Ես ճշտորեն գիտեմ, թե ինչ է կատարվում Կիրկայի տակ,- հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը։- Դա մեծ խնդիր չէ։ Մենք ոչնչացրել ենք նրանց միջուկային օբյեկտները։ Եվ մենք ստիպված կլինենք ոչնչացնել Կիրկան, եթե գործարք չկնքենք: Եթե մենք գործարք չկնքենք, մենք դա հեշտությամբ կկործանենք»

Վերջին շրջանում Թրամփը բազմիցս զգուշացրել է, որ այդ շրջանին հարված կհասցվի «շատ շուտով»:

Եթե Պիկաքսի կամ Կիրկայի տակ գտնվող ստորգետնյա օբյեկտի ոչնչացումն ԱՄՆ-ի համար իսկապես մեծ խնդիր չլիներ, ապա Միացյալ Նահանգները, կարծում ենք, այն արդեն ոչնչացրած կլիներ, և այս առումով ԱՄՆ-ի նախագահը, հնարավոր է, ստել ու պարծեցել է, թե նշված օբյեկտի ոչնչացումն ԱՄՆ-ի համար մեծ խնդիր չէ: Խնդիրն այն է, որ Իրանը ստորգետնյա նոր օբյեկտը կարող է կառուցած լինել հաշվի առնելով ԱՄՆ-ի զինանոցում առկա և ստորգետնյա պաշտպանված օբյեկտները ոչնչացնելու համար նախատեսված առավել խորաթափանց ու հզոր ռումբերի հնարավորությունները՝ նույնիսկ նույն թիրախին այդ հատուկ ռումբերի շարունակական, մեկը մյուսին հաջորդող հարվածների դեպքում: Օբյեկտը, բացի բացի մի քանի շերտ երկաթբետոնե հատուկ պաշտպանությունից, ունի նաև բնական հզոր պաշտպանություն՝ հանձին լեռան: Բացառված չէ, որ Թրամփն, այնուամենայնիվ, Պիկաքսը ռմբակոծելու հրաման տա, բայց մեծ հարց է ԱՄՆ-ի ԶՈւ-ի կողմից դրա տակ գտնվող օբյեկտի ոչնչացումը, առավելագույնը, հավանաբար, կկարողանան միայն ժամանակավորապես փակել դրա մուտքը:

 

ԿՀՎ-ն ու Մոսադը Մոջթաբա Խամենեիի որոնման գործողություն են սկսել

Թերևս հաշվի առնելով Իրանին, առանց միջուկային հարվածի, հաղթելու մեծ դժվարությունը կամ անհնարինությունը, ԱՄՆ-ը և Իսրայելը փորձում են որսալ ու սպանել Իրանի գերագույն առաջնորդին, այդպես էլ դասեր չքաղելով այաթոլա Ալի Խամենիի սպանությունից ու չհասկանալով, որ Իրանն այն պետությունն է, որի գերագույն առաջնորդի սպանությունը պետությանը ոչ թե թուլացնում, այլ ճիշտ հակառակը՝ ավելի է ուժեղացնում՝ առավել համախմբելով հասարակությանը ու բարձրացնելով Զինված ուժերի մարտական ոգին: 

Ինչպես, «Новости Mail»-ի փոխանցմամբ, գրել է բրիտանական «The Times» թերթը՝ վկայակոչելով հետախուզության սեփական աղբյուրները, ամերիկյան Կենտրոնական հետախուզական վարչությունը և իսրայելական Մոսադը համատեղ գործողություն են սկսել Իրանի գերագույն առաջնորդի որոնման համար: Իբր թե հատուկ ծառայությունների նպատակը այաթոլլա Մոջթաբա Խամենեիի ֆիզիկական վերացումը չէ, և նրանք միայն ցանկանում են պարզել, թե արդյոք նա ընդհանրապես ո՞ղջ է, որտե՞ղ է թաքնվում և ի՞նչ վիճակում է գտնվում։

Ինչպես նշել է պարբերականը, գործողությունն իրականացվում է բացառապես գործակալական ուժերի կողմից, քանի որ Խամենեին փետրվարի 28-ից ամբողջովին դադարել է օգտվել էլեկտրոնային սարքերից: Վերլուծաբաններն ընդգծել են՝ այաթոլլան չի կարող երկար մնալ արտաքին աշխարհից լիակատար մեկուսացման մեջ։ ԿՀՎ-ն և Մոսադը հույս ունեն դուրս գալ սուրհանդակների հետքի վրա, որոնք փոխանցում են առաջնորդի գրառումները: Ըստ «The Times»-ի, հատուկ ծառայությունները հույս ունեն հավաքագրել նրանցից մեկին, ով անմիջական շփում ունի Խամենեիի հետ։ Ընդ որում, թերթի տվյալներով, Իրանի առաջնորդի ճշգրիտ գտնվելու վայրը գիտեն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) միայն 2-3 անդամներ:

Մինչ այդ «The New York Times»-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ Խամենեին ցանկացել է առաջին անգամ հանրությանը ներկայանալ հոր՝ Ալի Խամենեիի հուղարկավորության ժամանակ, սակայն անվտանգության ծառայությունն արգելել է նրան մասնակցել սգո արարողություններին։

Արթուր Հովհաննիսյան