Սերժ Սարգսյանը մասնակցելու է այսօրվա հանրահավաքին. Արմեն Աշոտյան (տեսանյութ)

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցելու է այսօր Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին: Այս մասին, այսօր՝ ապրիլի 5-ին, ասուլիսում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Մասնակցելու է ոչ միայն որպես կազմակերպիչ ուժերից մեկի՝ ՀՀԿ-ի նախագահ, ոչ միայն որպես Արցախի ու Հայաստանի անվտանգության համար հսկայական ամագ ունեցող մարդ, այլ մասնակցելու է նաև որպես Հայաստանի Հանրապետության մտահոգ քաղաքացի: Քաղաքացի, որը տանը նստել չի կարող, երբ տեսնում է, թե ինչ է կատարվում մեր երկու հայկական միավորների շուրջ:

Կարող է հարց ծագել, թե ինչու նախորդ հանրահավաքներին չէր մասնակցում: Այդ հարցը լեգիտիմ է: Դե պատկերացրեք, թե որքան օրհասական է իրավիճակը, որ նախագահ Սերժ Սարգսյանը ոչ միայն կազմակերպում է պայքար գործող իշխանությունների դեմ և Արցախի համար, այլև մասնակցում է այս հանրահավաքին: վերջին անգամ նման օրհասական վիճակ եղել է երևի այն ժամանակ, երբ հանդիպել են երեք նախագահները՝ Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը»,-ասաց նա:

Նշենք, որ հանրահավաքը կազմակերպել են «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, այն կայանալու է այսօր՝ ժամը 18.30-ին: