ՌԴ-Ուկրաինա դիմակայությունը և գաղափարական հոսանքները ժամանակակից Ադրբեջանում

Ադրբեջանում կա 3 հիմնական գաղափարական հոսանք, որոնց դիրքորոշումներն այս օրերին հատկապես հետաքրքիր է՝ կապված Ուկրաինայում տեղի ունեցողի հետ։

1. Լիբերալիստներ, որոնց Ադրբեջանում անվանում են «լիբոշներ»։ Այս խումբը աչքի է ընկնում «արևմտյան արժեքների» քարոզով, ընդհանուր առմամբ դեմ է պատերազմներին առհասարակ, սակայն 2020թ. 44 օրյա պատերազմի ժամանակ խումբը ճաք տվեց։ Սրանց շարքերը նոսրացան, քանի որ մի մասը, չնայած իրենց «դավանած արժեքներին», դարձան պատերազմի քարոզիչներ և Իլհամ Ալիևին սկսեցին անվանել «ռայիս» (շեֆ), ինչպես դա անում են Թուրքիայում Էրդողանի կողմնակիցները վերջինիս դիմելիս։ Նոսրացած այս խմբի անդամների մեծ մասը ներկա էր Բաքվում Ուկրաինայի դեսպանատան դիմաց անցկացված աջակցության ակցիային՝ ձեռքերում պահած «NO WAR» ցուցանակներ։

2. Թյուրքականության թևի ազգայնականներ, որոնք մեծամասնություն են կազմում այս պահին և՛ իշխանական, և՛ ընդդիմադիր ճամբարներում։ Սրանք հանդես են գալիս «ավանդական արժեքների» պաշտպանությամբ, թյուրքականության քարոզով։ Հայատյացության բացահայտ քարոզիչներ են։ Այս օրերին հանդես են գալիս Ուկրաինայի պաշտպանությամբ և բացահայտ հակառուսական քարոզով։ Սրանց մի մասը ևս ներկա էր Ուկրաինայի աջակցության ակցիային։ Մի հետաքրքիր նորություն, որ կարելի է արձանագրել սրանց առումով, այն է, որ վերջին օրերին հիասթափություն են ապրում Թուրքիայի իշխանությունների՝ ուկրաինական քաղաքականությունից և հաճախ են հանդես գալիս Էրդողանի քննադատությամբ։

3. Ադրբեջանականության թևի ազգայնականներ, որոնք մասամբ ներկայացված են իշխանության մեջ, սակայն 44 օրյա պատերազմից հետո թուլացած են և դարձել են լուսանցքային։ Սրանց համար բացարձակ արժեք է միայն «Ադրբեջանը», «ադրբեջանցին», «ադրբեջաներենը, «ադրբեջանական մշակույթը» եւ այլն։ Այս խումբը ևս բացահայտ հակահայ է, հայատյաց և այս առումով առանձնապես չի տարբերվում 2-րդ խմբից։ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին այս խումբը մասնատվել է, քանի որ սրանց մեծ մասը ևս հանդես են գալիս Ուկրաինայի պաշտպանությամբ և հակառուսական քարոզով, և ավելի պակաս հատվածն է միայն, որ պաշտպանում է Ռուսաստանին, ռուսական քաղաքականությունը, քննադատում Արևմուտքին և «արևմտյան բարքերը»։ Այս վերջին ենթաուղղության պրոռուսական դիրքորոշումները պաշտպանողների թվում քիչ չեն տեղաբնիկ ժողովուրդների ներկայացուցիչները։

 

Իրանագետ Արտյոմ Տոնոյան