Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ օրվա կարևոր իրադարձությունները՝ ամփոփ. 25.03.2022․ «Հենակետ»
«Հենակետ» վերլուծական կենտրոնը ամփոփել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ կարևոր իրադարձությունները
Բանակցային գործընթաց
- ՌԴ պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտարարել է. «Բանակցություններն ընթացել են ողջ շաբաթվա ընթացքում՝ երկուշաբթիից ուրբաթ տեսակոնֆերանսի ձևաչափով։ Դրանք կշարունակվեն նաև վաղը։ Բանակցություններն ընթանում են փորձագիտական խմբերի միջև, շաբաթական երկու-երեք անգամ պատվիրակությունների ղեկավարների միջև։ Վերջին անգամ դա եղել է երեկ երեկոյան։ Հիմա երկրորդական նշանակության հարցերում կողմերի դիրքորոշումները մոտենում են, սակայն գլխավոր քաղաքական հարցերում մենք փաստացի տեղում դոփում ենք»։
- Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ են բանակցային գործընթացի վեց կետերից չորսի շուրջ փոխհամաձայնությանը։
Ներքաղաքական իրադրություն
- Ուկրաինայի պետական մաքսային ծառայությունը հայտնել է, որ մարտի 24-ին Ուկրաինան ստացել է ռեկորդային թվով հումանիտար օգնություն՝ ավելի քան 10 000 տոննա։
- Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշուկը հայտարարել է, որ ռուսական ուժերը գերի են վերցրել Ուկրաինայի 14 քաղաքապետերի։
- Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «Հերոս քաղաք» կոչում է շնորհել Բուչա, Իրպեն, Նիկոլաև և Ախթիրկե քաղաքներին:
Արտաքին քաղաքական իրադրություն
- ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան մեկ ամսվա մեջ երկրորդ անգամ ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը դատապարտող բանաձևին, որը պահանջում է ռուսական զորքերի անհապաղ դուրսբերում։ 140 երկիր կողմ է քվեարկել, 5-ը՝ դեմ, որոնց թվում են Հյուսիսային Կորեան, Էրիթրեան, Բելառուսը, Ռուսաստանը և Սիրիան։ 38 երկիր, այդ թվում Հայաստանը, ձեռնպահ են մնացել։
- Մակրոնը հայտարարել է, որ մտադիր է առաջիկա ժամերին նոր զրույց անցկացնել Պուտինի հետ:
- ՆԱՏՕ-ն հաստատել է 40 հազար զինծառայողներից բաղկացած չորս գումարտակային զորախմբերի ուղարկումը Սլովակիա, Հունգարիա, Բուլղարիա և Ռումինիա։
- «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հայտնել է, որ Ուկրաինայում պատերազմի մեկ ամսվա ընթացքում զոհվել է 5 լրագրող, 9-ը վիրավորվել են։
- Ջո Բայդենը ժամանել է Լեհաստան։ Այցելության օրակարգում լինելու է նաև Լեհաստան ժամանած ամերիկյան 82-րդ օդադեսանտային դիվիզայի հետ հանդիպումը։
- Սպիտակ տունը հայտարարել է, որ վաղը նախագահ Ջո Բայդենը կարևոր հայտարարություն կանի Ուկրաինայի վերաբերյալ։
- Եվրամիությունը կշարունակի աջակցել Ուկրաինային, այդ թվում ՝ զենքի մատակարարումների հարցում, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը:
- ՄԱԿ-ը հանդես է գալիս միջազգային համակարգի բազմակողմանիության օգտին, հայտարարել են գլխավոր քարտուղարի գրասենյակում ՝ կոչ անելով Ռուսաստանին հանել G20-ից:
Ռազմական իրադրություն
- Ուկրաինայում շարունակվում են տեղային նշանակության մարտական գործողությունները։ Ըստ ուկրաինական կողմի՝ օպերատիվ իրավիճակում էական փոփոխություններ չկան։
- Ուկրաինան հայտարարել է ՌԴ սևծովյան նավատորմի «Սարատով» դեսանտային նավի ոչնչացման մասին, որը կանգնած էր Բերդյանսկի նավահանգստում։ Եվս երկու նավ վնասվել է։ Բրիտանական և ամերիկյան հետախուզական ծառայությունները հաստատել են տեղեկատվությունը։
- Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունն իր ամենօրյա վերլուծության մեջ հայտնում է, որ ուկրաինացիները կարողացել են իրենց վերահսկողության տակ վերցնել Կիևից մինչև 35 կիլոմետր դեպի արևելք ընկած քաղաքների վերահսկողությունն ու պաշտպանական դիրքերը։
- Խարկովի մարզային ոստիկանությունը հայտնել է, որ Խարկովում ռուսական զորքերը համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից հրթիռակոծել են քաղաքային պոլիկլինիկան։ Դրա հետևանքով զոհվել է 4 և վիրավորվել է 3 մարդ։
- Ուկրաինական լրատվամիջոցները պնդում են, որ զոհվել է ռուսաստանցի յոթերորդ գեներալը՝ Յակով Վլադիմիրի Ռեզանցևը։
- Զելենսկու գրասենյակի հայտարարության համաձայն՝ զոհվել է ՌԴ ռազմածովային նավատորմի 645 մարտիկ։ Ուկրաինայի իշխանությունները հայտարարել են ռուսական 200-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի ոչնչացման մասին։
- Ռուսական զինուժը հրթիռակոծում է Վինիցան։ Հայտնել է մարզային վարչության ղեկավար Սերգեյ Բորզովը։
- ՌԴ ՊՆ. ընդհանուր առմամբ Ուկրաինայում «հատուկ գործողության» առաջին փուլի հիմնական խնդիրները կատարվել են։ «Էականորեն իջեցվել է Ուկրաինայի զինված ուժերի մարտական պոտենցիալը, ինչը հնարավորություն է տալիս հիմնական ուժերը կենտրոնացնել գլխավոր նպատակի՝ Դոնբասի ազատագրման վրա»,- ասված է հայտարարության տեքստում։ Գրեթե ոչնչացվել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը և ՀՕՊ-ը, ուկրաինական ռազմածովային ուժերը գոյություն չունեն, ոչնչացվել են զինանոցները, որտեղ պահվում էր ռազմական տեխնիկայի պաշարների մինչև 70% -ը: Ուկրաինական բանակի մոտ եղած 2 416 տանկերից ոչնչացվել են 1 587-ը, 1 509 հրետանային միջոցներից՝ 636-ը, 535 ՀԿՌՀ-նեից՝ 163-ը, 152 ինքնաթիռներից՝ 112-ը, 149 ուղղաթիռներից՝ 75-ը, 36 միավոր «Բայրաքթար ՏԲ2» ԱԹՍ-ներից՝ 35-ը: Ուկրաինական զորքերի կորուստները կազմել են շուրջ 30 հազար մարդ, որց ավելի քան 14 հազար՝ անդառնալի։ Գործողության ընթացքում զոհվել է 1 351 ռուս զինվորական, 3 825-ը՝ վիրավորվել։ Ռուսական զորքերը արգելափակել են Կիևը, Խարկովը, Չերնիգովը, Սումին և Նիկոլաևը, ՌԴ ԶՈՒ-ի լիակատար վերահսկողության տակ է գտնվում Խերսոնի մարզը և Զապորոժյեի մարզի մեծ մասը։
- Ուկրաինայի ՊՆ-ն հայտնել է, որ օրվա ընթացքում հակառակորդը շարունակել է վերախմբավորել զորքերը՝ հարձակողական գործողությունները վերսկսելու համար։ Պաշտպանության ուժերի խումբը շարունակում է պաշտպանական գործողություններ իրականացնել։ Կիև քաղաքի պաշտպանական միջոցառումներին մասնակցող պաշտպանության ուժերը շարունակում են դիմակայել հակառակորդի հարձակմանը, նրա ուղղությամբ կրակ բացել և պահպանել նշված սահմանները: Տեղի բնակչությանը վախեցնելու համար ռուսները բնակավայրերի քաոսային գնդակոծություններ են իրականացնում, գրավում են ավտոտեխնիկան և անձնական իրեր:
- Ռուսաստանի «Տակտիկական հրթիռային սպառազինության կորպորացիա» բաժնետիրական ընկերության նախկին կոմերցիոն տնօրեն Վիկտոր Վագանը դատապատվել է 8 տարվա ազատազրկման՝ Ուկրաինային գերարագ ավիացիոն կառավարվող հրթիռների տեխնիկական մասեր վաճառելու համար:
Միջազգային մամուլ
- «The Wall Street Journal» պարբերականը հայտնել է, որ Վլադիմիր Զելենսկին խնդրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին պատժամիջոցներ չսահմանել Աբրամովիչի դեմ՝ հղում անելով նրան, որ ռուսաստանցի գործարարը կարող է օգնել Ռուսաստանի հետ բանակցություններում։
- «Financial Times» պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին հայտնել է, որ Պուտինն անձամբ է հավանություն տվել Ուկրաինայի հետ բանակցություններին Ռոման Աբրամովիչի մասնակցությանը։ Պարբերականի տվյալներով, ստանալով Ռուսաստանի նախագահի թույլտվությունը, Ռոման Աբրամովիչը հանդիպել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որպեսզի օգնի կազմակերպել բանակցային գործընթացը։
- «TACC» գործակալությունը, հղում անելով Մոսկվայի պատրիարքությանը, գրում է, որ Բելգորոդի ռմբակոծման արդյունքում զոհվել է ռազմական հոգևորական։
- «Bloomberg»-ը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին, հայտնում է, որ Վաշինգթոնում ավելի ու ավելի են վախենում Ուկրաինայում Մոսկվայի կողմից քիմիական զենքի հնարավոր կիրառումից, «գորգ ռմբակոծություններից» կամ նույնիսկ մարտավարական միջուկային զենքի կիրառումից:
- «Guardian»-ը գրել է, որ Հնդկաստանը մերժել է բրիտանական պատվիրակության այցը, որը պետք է հակառուսական տրամադրվածության միտված բանակցություններ վարել։

