Առաջարկում եմ Արցախում կառուցել գազի պահեստարան և արևային էներգիայի կայաններ՝ պետական ներդրումներով․ Թանդիլյան
Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Արցախի նկատմամբ Ադրբեջանի վարած հայատյած քաղաքականությունը պատերազմի ավարտից հետո բազմաթիվ դրսևորումներ է ստանում և ակնհայտ է, որ նպատակը Արցախի հայաթափումն է առաջին հերթին հումանիտար խնդիրների առաջացման միջոցով։
Արցախցիների անկոտրուն կամքի շնորհիվ ավելի քանի 120.000 բնակչություն ունեցող Արցախը չի տեղավորվում Ադրբեջանի ծրագրերի մեջ՝ հասկանալով, որ սեփական հողում ապրելու իրավունքի ամրագրման հարցով արցախցիների պայքարը շարունակվելու է նույն հաստատակամությամբ։
Հետևաբար, Հայաստանի հետ «խաղաղության օրակարգի» քննարկմանը զուգահեռ՝ թշնամին շարունակում է Արցախը հայաթափելու ապարդյուն փորձերը։
Կասկածից վեր է, որ գազամատակարարման առկա ճգնաժամը արցախցիները կհաղթահարեն, սակայն ստեղծված վիճակում զարմանալի է Հայաստանի իշխանությունների կրավորական կեցվածքը։
Ամեն օր Ադրբեջանի հետ «խաղաղության դարաշրջան» բացող իշխանությունը «չի նկատում» Արցախը այդ դարաշրջանում։
Արցախցիների սոցիալական անվտանգության երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն է, որի վերաբերյալ հուշագիրը ստորագրվել է Արցախի և Հայաստանի միջև պատերազմից հետո՝ իմ նախաձեռնությամբ։ Հուսով եմ, Հայաստանի կառավարությունը չի հրաժարվում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանող արցախցիների կենսական կարիքները ապահովելուց։
Մյուս կողմից հասկանալով, որ շարունակելու ենք ապրել թշնամու պարբերական խոչընդոտների ներքո՝ Արցախի էներգետիկ անվտանգությունը բարձրացնելու նպատակով առաջարկում եմ Արցախում կառուցել գազի պահեստարան և արևային էներգիայի կայաններ՝ պետական ներդրումներով»։

