Աշխարհիս վրա պետությունները կամ Ռուսաստանից են կախված, կամ Ամերիկայից

Աշխարհը 20-րդ դարակեսին

Հատված Լեռ Կամսարի «Կարմիր օրեր» գրքից

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո որպես թե աշխարհիս բոլոր ժողովուրդները, փոքր թե մեծ, անկախություն ստացան, բայց իրականության մեջ նախկին անկախություններն էլ վերացան, ու ներկայիս պետությունները կամ Ռուսաստանից են կախված, կամ Ամերիկայից. կախված են ոչ միայն Ալբանիայի նման գրպանը դնելիք պետություններ, այլև Անգլիայի, Ֆրանսիայի և Իտալիայի նման պետություններ, որոնց հասակի երկարության պատճառով Ամերիկան անկարող է մի քիչ բարձր կախել իրենից. ոտները գետնաքարշ են գնում…

Վեց հարյուր միլիոնանոց Չինաստանը կախվել է երկու հարյուր միլիոնանոց Ռուսաստանից։ Իսկ այդ նշանակում է՝ գետին չքսվելու համար Չինաստանը երեք տակ պիտի ծալի իր ոտքերը։

Հարավսլավիան, ճիշտ է, ինքն իրենից է կախված, բայց պարանը շատ է երկար, անվերջ ճոճվում է Ամերիկայի ու Ռուսաստանի միջև…

Կան ողջակիզված պետություններ, մեջտեղից կիսված, որոնց մի մասը Ամերիկայից է կախված, մյուս մասը՝ Ռուսաստանից։

Այդ պետություններն են՝ Գերմանիան, Կորեան ու Վիետնամը։

Ճապոնիան, որ մի ժամանակ Ամերիկայի հետ չափ ընկած հավասար ուժով լողում էր Խաղաղ օվկիանոսում, հիմա չընկղմվելու համար Ամերիկայից է բռնել։

Չկան, չէ, անկախ պետություններ աշխարհիս վրա. նրանք երկու հավասար մասի բաժանված՝ կեսը Ամերիկայից են կախված, կեսը՝ Ռուսաստանից։

Միայն այն տարբերությամբ, որ Ամերիկայից կախված են երկաթյա շղթաներով, իսկ Ռուսաստանից՝ կոճի թելով…

———-

Աշխարհի այս տագնապալի պահին, երբ ամեն պետություն փեշերը հավաքում է պատերազմի պարագային մեկի կողմը բռնելու, Հնդկաստանը՝ չէ. փեշերը լայն փռել, նստել է։ Նա սկզբունքով խաղաղության կողմնակից է, ու եթե աշխարհը կործանվի էլ պատերազմից, նա իր սկզբունքը փոխողը չէ։ Մի պետություն, որ կռվի հետ գլուխ չունի։ Տարիներ առաջ, երբ Գանդին ու Ներուն «ապստամբեցին» անգլիական իշխանության դեմ և անկախություն էին «պահանջում», փողոցներում պառկում էին անգլիական ավտոմոբիլների տակ։

Եվ անգլիական իշխանությունը իր ավտոյի տակ չգցեց Հնդկաստանին միայն նրա համար, որ այդքան մեծ մարմին թաղելու հոգսից ազատ մնար…

 Լեռ Կամսար, 1957թ․, «Կարմիր օրեր»