ԵՄ-ում մեկնարկել է Ուկրաինայի անդամակցության հայտի քննարկման ընթացակարգը
Եվրամիությունը պաշտոնապես սկսել է Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության հայտի քննարկման ընթացակարգը։ Այս մասին «Թվիթերի» իր էջում գրել է Եվրամիությունում Ուկրաինայի ներկայացուցիչ Վսեվոլոդ Չենցովը։
«Եվրամիությանն անդամակցելու Ուկրաինայի հայտը, որը ստորագրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հանձնել եմ ԵՄ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Ֆիլիպ Լեգլիզ-Կոստին, որը նախագահում է ԵՄ խորհուրդը։ Հայտը գրանցվել է։ Քննարկման ընթացակարգը սկսվել է»,- գրում է նա։
Ռուսաստանի կողմից ռազմական գործողության մեկնարկից հետո ԵՄ մի քանի երկրներ կոչ են արել Ուկրաինային անդամակցության հեռանկար տրամադրել, իսկ Սլովակիան առաջարկել է ստեղծել ԵՄ-ին Ուկրաինայի միանալու հատուկ ընթացակարգ։
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է Եվրամիությանը Ուկրաինայի անդամակցության հայտը։ Սակայն Գերմանիայի ԱԳՆ-ն անհնար է համարել Ուկրաինայի արագ անդամակցությունը ԵՄ-ին:
Փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։

