Այս իշխանության օրոք պատերազմի օբյեկտիվ քննություն չի կարող լինել. ընդդիմադիրները լքեցին հանձնաժողովի նիստը
Կայացավ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ Ազգային ժողովում 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի առաջին նիստը։
Այսօրվա նիստին ընդդիմադիր երեք անդամները ներկա էին։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի անդամ Տիգրան Աբրահամյանն ասաց, որ մի կողմից իշխանությունը հայտարարում է, թե աղետալի պատերազմի հետևանքների «թիվ մեկ մեղավորը» և «թիվ մեկ պատասխանատուն» հենց ինքն է, և այս պայմաններում նրա մասնակցությամբ, գլխավորությամբ այս հանձնաժողովի աշխատանքների իրականացումը, բնականաբար, չի կարող օյեկտիվությունը ներկայացնել։
44-օրյա պատերազմի հանգամանքների բացահայտումը, հանրության ներկայացումը, բնականաբար, շարունակում է մնալ մեր առաջնահերթություններից մեկը, բայց համարում ենք, որ դրա աշխատանքները պետք է իրականացվեն այն ժամանակ, երբ այս իշխանությունը չլինի իշխանության»։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի անդամ Գեղամ Նազարյանն ասաց, որ, լինելով Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ, օրենքի իրավունքի ուժով հանդիսանում են քննիչ հանձնաժողովի անդամներ, ազատ են որոշելու իրենց մասնակցության ձևն ու ձևաչափը։
«Այնպես չէ, որ մենք մի կողմ ենք քաշվում և հետևելու ենք մամուլից, թե ինչպես են ընթանում աշխատանքները։ Իմ հիմնական նպատակներից է պատերազմի ամբողջական հանգամանքների բացահայտումն ու պարզաբանումը, բայց վստահ եմ, դուք էլ եք գիտակցում, որ այն քաղաքական ուժը, որը պատերազմի ժամանակ ղեկավարել է երկիրը, այդ ուժի ղեկավարությամբ հանձնաժողովը կաշկանդված է»,- ասաց Նազարյանը։
«Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանն ասաց, որ իշխանության ներկայացուցիչների, հանձնաժողովի նախագահի կողմից բազմաթիվ անգամներ եղել են հայտարարություններ, թե ովքեր կարող են ընդգրկվել այս հանձնաժողովում, այդ թվում որպես փորձագետներ. «Դա խոսում է մի բանի մասին, որ դժվարություն է լինելու որևէ օբյեկտիվ եզրակացության հանգել։ Դրա համար որպես հանձնաժողովի անդամ, ինքաբերաբեր որպես քննիչ հաձնաժողովի անդամ, լքում ենք հիմա դահլիճը, և մենք ենք որոշում կայացնում մեզ համար, եթե մի օր նպատակահարմար հարմարենք, կարող ենք գալ ու շարունակենք մասնակցել։ Բայց այս բոլոր փաստարկների, երկու խմբակցությունների հայտարարության հիման վրա, մենք չենք մասնակցում հանձնաժողովի աշխատանքներին»,- նշեց նա, որից հետո հանձնաժողովի ընդդիմադիր երեք անդամները հեռացան դահլիճից։
Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց, որ չի կարող այդպես լինել՝ ըստ ցանկության որոշել ու ինչ որ պահի մասնակցել։

