ԲՈՒՀ-երի ընդունելության կարգում փոփոխություններ են կատարվել

«Այս տարի բուհերում ընդունելությունը կիրականացվի երկու փուլով»,- կառավարության նիստում հայտնեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ ներկայացնելով ԲՈՒՀ-երի ընդունելության կարգում կատարվող փոփոխությունները:

Ըստ նախարարի՝ առաջին փուլում դիմորդները կընտրեն բուհը և մեկ մասնագիտություն՝ վճարովի և անվճար:

Դումանյանը հայտնեց, որ դիմորդների բոլոր դիմումները և հայտարարագրումները լինելու են էլեկտրոնային տարբերակով:

«Մրցույթից հետո կհայտարարվեն արդյունքները և թափուր տեղերի քանակը՝ ըստ համապատասխան մասնագիտությունների և բուհերի: Երկրորդ փուլում, այն դիմորդները, որոնք չեն ընդունվել առաջին փուլով, կարող են դիմել 6 տարբեր մասնագիտություններով, որոնք պահանջում են այն քննությունների փաթեթը, որը դիմորդն արդեն հանձնել է»,- հայտնեց ԿԳՄՍ նախարարը:

Ըստ նրա՝ երկրորդ փուլով մրցույթը տեղի կունենա գումարային ավելի բարձր բալ ստացած դիմորդների միջև:

Վահրամ Դումանյանը նաև տեղեկացրեց, որ այս տարի կանցկացվի ընդունելության երկու քննություն, ի տարբերություն նախորդ տարվա, երբ համավարակի պատճառով անցկացվեց միայն մեկ քննություն: