Հայ ուխտավորները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելել են Դադիվանք և Ամարաս

Ռուսաստանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման շրջանակներում ռուս խաղաղապահները շարունակում են աջակցել Արցախի խաղաղ կյանքի վերականգնմանը:

Ըստ ՌԴ ՊՆ հաղորդագրության, մի խումբ հայ ուխտավորներ ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների ուղեկցությամբ այցելել են Դադիվանքի հնագույն վանական համալիր:

Ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում՝ Ադրբեջանի զինծառայողները չեն խոչընդոտում ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ուխտավորների մուտքը համալիրի տարածք: Անվտանգությունն ապահովելու համար եկեղեցական համալիրի մոտակայքում տեղակայված է Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի դիտակետերից մեկը:

Դադիվանքը քրիստոնեական ամենահին վանական համալիրներից մեկն է և գտնվում է Քարվաճառի շրջանում, որը, համաձայն եռակողմ հայտարարության, 2020-ի նոյեմբերին անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ:

Ռուս խաղաղապահներն ապահովել են հայ ուխտավորների անվտանգությունը նաև  Ամարասի վանք այցելելիս, որը գտնվում է Արցախի սահմանազատման գծին հարող տարածքում: