ՆԱՏՕ-ն ցանկանում է «հակազդել» Չինաստանին, Պեկինը սթափության կոչ է անում
Սեպտեմբերին մենք արդեն հայտնել էինք, որ քաղաքական իրարանցման և տուրբուլենտության ժամանակը նկատվում է ոչ միայն Անդրկովկասում, Մերձավոր Արևելքում և Կենտրոնական Ասիայում, այլև Ասիա-Խաղաղօվկիանոսյան ուղղությամբ: Մենք նշեցինք, որ առնվազն երկու անգամ չինական ռազմական ինքնաթիռները թռել էին Թայվան կղզու տարածքի շուրջ, և պաշտոնական Պեկինը հրապարակայնորեն նախազգուշացրել է Թայվանի իշխանություններին, որ իրենց համար ավելի լավ կլինի, եթե կղզին խաղաղ ճանապարհով վերամիավորվի մայրցամաքային Չինաստանին: Եվ ահա հիմա`իրադարձությունների նոր զարգացում:
Հոկտեմբերի 18-ին Չինաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունների աղբյուրները հայտնեցին, որ Ճապոնական ծովում ավարտվել է երկու միջուկային տերությունների եռօրյա համատեղ ռազմածովային զորավարժությունը: Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի (ՉԺԱԲ) ռազմածովային ուժերը ներկայացված էին «Կուն Մին» և «Նան Չանգ» էսկադրային ականակիրներով [էսմինեցներ], «Բին Չժոու» և «Լյու Չժոու» կորվետներով, դիզելային սուզանավով, կոմպլեկսային մատակարարման նավով և փրկարար նավով: Ռուսական կողմից վարժանքներին մասնակցում էին «Ծովակալ Պանտելեև» մեծ հակասուզանավային նավը, 20380 նախագծի «Ռուսաստանի Դաշնության հերոս Ալդար Ցիդենժապով» և «Գռոմկիյ» կորվետները, երկու բազային ականազերծային նավ [տրալշիկ], 877 նախագծի «Ուստ-Բոլշերեցկ» սուզանավ, ինչպես նաև հրթիռային ռազմական նավակ [կատեր] և փրկարարական քարշակ: Այս վարժանքների ընթացքում Չինաստանը և Ռուսաստանը լայնորեն օգտագործեցին կրիչների վրա հիմնված ուղղաթիռներ և հակասուզանավային ինքնաթիռներ: Եզրափակիչ փուլի շրջանակներում երկու երկրների նավերը, հակասուզանավային ինքնաթիռների աջակցությամբ, նշանակված տարածքում հայտնաբերեցին և արգելափակեցին մոդելավորված պայմանական հակառակորդի սուզանավը:
Այս ծովային զորավարժությունների մասին հաղորդագրությունները դեռ չեն «մարսվել», երբ նրանց անմիջապես արձագանքեցին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանից: Մենք վստահ ենք, որ Հյուսիսատլանտյան բլոկի հայտարարությունները թելադրված են եվրոպացիներին ԱՄՆ իշխանությունների կողմից: ՆԱՏՕ-ի նոր ռազմավարական հայեցակարգում ներառվելու են մարտահրավերները և հակազդեցությունը Չինաստանի աճող ներուժին: Այդ մասին հոկտեմբերի 18-ին «Financial Times»-ին տված հարցազրույցում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Նրա խոսքերով՝ Չինաստանի վերելքի հետևանքով առաջացած անվտանգության սպառնալիքը կդառնա ՆԱՏՕ-ի ապագա հայեցակարգի կարևոր մաս: «ՆԱՏՕ-ն Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի դաշինք է: Եվ այս տարածաշրջանը կանգնած է գլոբալ մարտահրավերների առջև՝ ահաբեկչություն, կիբերտարածություն, բայց այժմ՝ նաև Չինաստանի վերելք: Այսպիսով, երբ խոսքը վերաբերում է մեր հավաքական պաշտպանության ամրապնդմանը, դա նաև այն մասին է, թե ինչպես վարվել Չինաստանի վերելքի հետ», – ասաց Ստոլտենբերգը: Նրա խոսքով, Չինաստանն արդեն ազդում է ՆԱՏՕ-ի երկրների անվտանգության վրա. «Չինաստանը մոտենում է մեզ: Մենք նրանց տեսնում ենք Արկտիկայում: Մենք նրանց տեսնում ենք կիբերտարածքում: Մենք տեսնում ենք, որ նրանք մեծ ներդրումներ են կատարում մեր երկրների կարևոր ենթակառուցվածքներում: Եվ, իհարկե, նրանք ունեն ավելի ու ավելի մեծ հեռահար զենքեր, որոնք կարող են հարվածել ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցներին: Նրանք կառուցում են շատ մեծ թվով ստորգետնյա շախտաներ հեռահար միջմայրցամաքային հրթիռների համար»:
Սակայն, այնուամենայնիվ, Պեկինի պատասխանը եկավ գրեթե ակնթարթորեն: Հոկտեմբերի 18-ին Չինաստանի ԱԳՆ խոսնակ Չժաո Լիցզյանը ճեպազրույցի ժամանակ մեկնաբանեց Ստոլտենբերգի խոսքերը՝ շեշտելով, որ Չինաստանը կոչ է անում ՆԱՏՕ-ին օբյեկտիվորեն և դրական գնահատել ՉԺՀ-ի սոցիալ-տնտեսական զարգացումը: «ՆԱՏՕ-ն՝ որպես աշխարհի ամենամեծ ռազմական բլոկը, պետք է հրաժարվի սառը պատերազմի մտածողությունից և նախապաշարմունքներից և օբյեկտիվ, դրական և բաց տեսքով դիտի Չինաստանի զարգացումը և ավելի շատ միջոցներ ձեռնարկի գլոբալ և տարածաշրջանային անվտանգության ապահովման համար: Չինաստանը կոչ է անում առավելագույնս օգտագործել գոյություն ունեցող հավասարության և փոխադարձ հարգանքի սկզբունքների վրա հիմնված երկխոսության մեխանիզմները` հարաբերությունները խորացնելու և համապատասխան ոլորտներում գործնական համագործակցությունը խթանելու համար»:
Կասկած չկա, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրներից եվրոպական պետություներն իսկապես չեն ցանկանում և շահագրգռված չեն Չինաստանի հետ հարաբերությունների սրմամբ: Բայց եվրոպացիներին դրդում են այն համաշխարհային շրջանակները, որոնք իրականում մտահոգված են «ԱՄՆ-ի դարաշրջանի» մոտալուտ ավարտով, և դրանք, իհարկե, Ամերիկայի իշխող էլիտաները և սիոնիստական շրջանակներն են, որոնց համար չինական նախաձեռնությունները, ինչպես Թայվանի՝ այնպես և Աֆղանստանի, Իրանի, Մերձավոր Արևելքի և այլնի շուրջ, վտանգ են ներկայացնում մոլորակի վերահսկողությունը կորցնելու համար: ԱՄՆ-ը, Իսրայելը, ինչպես նաև Եվրոպան (և ինչու ոչ՝ նաև Ռուսաստանը…) պետք է չափազանց ուշադիր և գերզգույշ լինեն. չէ՞ որ աշխարհը տեսնում է, որ Եվրասիայի Առյուծն ու Վիշապը լուրջ են տրամադրված և չեն հանդուրժում «կատակները» իրենց անվտանգության նկատմամբ:
Սերգեյ Շաքարյանց

