Արմեն Գևորգյանը ներկայացրեց «Հայաստան» դաշինքի ծրագիրը
Մեր նախընտրական դաշինքի ծրագիրն անվանել ենք «365 օր․ ապագան սկսվում է այսօր»։ Այս մասին այսօր հայտարարեց նախկին փոխվարչապետ, «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Գևորգյանը՝ խորհրդարանական ընտրություններին իրենց ուժի նախընտրական ծրագիրն ու թիմին ներկայացնելուն նվիրված միջացառմանը։
«Մեր հասարակությանը ներկայացվող այս ծրագիրը մենք չենք համարում ավարտուն փաստաթուղթ, սա մեր սկզբունքային դիրքորոշումն է։ Մեր նպատակն է հետադարձ կապի միջոցով ստանալ առաջարկներ, նոր գաղափարներ, ինչու՞ չէ՝ նաև առարկություններ։ Մենք կոչով դիմում ենք հանրությանը, տարբեր մասնագիտական խմբերին, ձեր առաջարկները չափազանց կարևոր են մեզ համար։ Սրանով մենք շեշտում ենք մեր թիմի սկզբունքային մոտեցումներից մեկը՝ մասնակցային կառավարումը։ Հայաստանը կարիք ունի բոլոր կարող ուժերի համախմբման»,- ասաց նա՝ նշելով, որ ծրագիրը մտնելու է Հայաստանի բոլոր գյուղերն ու քաղաքները, բազմաթիվ տներ ու աշխատավայրեր, իրենք սպասում են բոլորի առաջարկներին։
Նրա խոսքով՝ իրենք առաջարկում են աշխատող երկրի կոնցեպցիան: Ըստ Գևորգյանի՝ այն մարդու մասին է և յուրաքանչյուր անհատի համար։ «Պետության ներսում պետք է գերիշխի արդարությունը, պետք է բացառվի անպատժելիությունը, ընտրովի արդարադատությունը և պոպուլիզմը։ Հասարակության զարգացման հաջողության հիմնական գրավականը պետք է դառնա ավանդական ու ժամանակակից մոտեցումների և արժեքների օպտիմալ համադրումը»,- ասց նա։

