Հիշեցնում ենք Ադրբեջանի ղեկավարությանը, որ կրոնական պաշտամունքի վայրերի թիրախավորումն ամրագրված է միջազգային հումանիտար իրավունքում՝ որպես պատերազմական հանցագործություն. ՀՀ ԱԳՆ

Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի զինված ուժերը օդային հարվածներ են հասցրել հայկական ճարտարապետության գոհար՝ Արցախի մշակութային մայրաքաղաք Շուշիի կենտրոնում գտնվող Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարին՝ պատճառելով նրան զգալի ավերածություններ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն:

Նա մասնավորապես նշել է.

«Սա Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հերթական հանցագործությունն է, որը բացահայտում է նրա հակամարդկային Էությունը։ Այնուհանդերձ, այս քայլը լիովին տեղավորվում է տասնամյակներ ի վեր իրականացվող  հայատյացության  քաղաքականության մեջ։ Ադրբեջանը, որն ամբողջովին բնաջնջել է հայկական մշակութային ժառանգությունը Նախիջևանում և հայ ժողովրդի պատմական հայրենիքի այլ մասերում, այժմ փորձում է Արցախի դեմ սանձազերծած ռազմական ագրեսիայի շրջանակներում հայրենիքից և պատմական հիշողությունից զրկել արցախահայությանը։

Իր այս գործողություններում Ադրբեջանն ուղղակիորեն ընդօրինակում է իր նորօրյա դաշնակիցների՝ միջազգային հայտնի ահաբեկչական կազմակերպությունների գործելաոճը, որի արդյունքում Մերձավոր Արևելքում ոչնչացվել են բազմաթիվ պատմամշակութային կոթողներ։

Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի այս հրեշավոր հանցանքը, որը միաժամանակ նաև մարտահրավեր է ողջ քաղաքակիրթ մարդկությանը։

Այս առիթով հիշեցնում ենք Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը, որ կրոնական պաշտամունքի վայրերի և մշակութային հուշարձանների թիրախավորումն ամրագրված է միջազգային հումանիտար իրավունքում՝ որպես պատերազմի հանցագործություն, որի համար պատասխանատվությունը չունի վաղեմության ժամկետ»։