2000 տարեկան հայ թատրոնը (մաս VIII)
Սկիզբը՝ https://livenews.am/press/2020/41116/05/16/59/
Ողբերգակ դրամատուրգներից «Գիրք պիտոյիցը» առաջնության դափնին տալիս է Էվրիպիդեսին:
Մենք գիտենք, որ դեռևս Ք.ա. առաջին դարում Էվրիպիդեսի ողբերգությունները ներկայացվել են հայ թատրոնի բեմում:
Մինչև մեր օրերը հասած Էվրիպիդեսի պիեսները լի են մեծ սիրով առ հայրենիք, և ատելություն թշնամու նկատմամբ:
Ճշմարիտ է նաև գրքի այն դիտարկումը, որ Էվրիպիդեսը եղել է խրատական ասացվածքների ամենահմուտ վարպետը, որին ճանաչել է Հունաստանը, և նրան, ինչպես ինքն է արտահայտվել, ընդօրինակել է Մենանդրոսը:
«Գիրք պիտոյիցի» հեղինակը իր հիացմունքն է արտահայտում հանճարեղ Էվրիպիդեսի մասին. «Մինչ օրս դեռ պարզվում է նրա զարմանալի արվեստի կենսաօգտակարությունը, որը նման է հետևյալ խրատին. «Խորունկ իմաստությունը կարող է բազմաթիվ միջոցներով հաղթահարել ուժը, իսկ տգիտությունը կբերի անթիվ աղետներ»:
Թվարկելով աղետի տեսակները, որոնց ծնում է տգիտությունը, գրքի հեղինակն ավարտում է հաջորդ գլուխը հետևյալ ասույթով. «Իմաստությամբ պատերազմն ընթանում է ավելի հաջող, քան խոշոր զինուժով, և դրա համար էլ հարմար է և արժանի բարձրագույն գավասանք տալ մեծ Էվրիպիդեսին, որը հետևելով իր իմաստությանը՝ գովերգել է քաջերի փառքը»:
Գրքի հեղինակը «հայտնաբերում է» Էվրիպիդեսի և Մենանդրոսի թողած դասական անտիկ թատրոնի ժառանգությունը:
Ռեալիզմը մոտեցրեց Էվրիպիդեսի ողբերգությունը մենանդրոսյան կատակերգություններին:
Այս մասին ասել է դեռ Սատիրն իր «Էվրիպիդեսի կենսագրությունը» աշխատության մեջ, որ Էվրիպիդեսն իր ազդեցությունն ունի «նոր» կատակերգության վրա:
Այստեղ տեսնում ենք պայքարն ամուսնու և կնոջ, հոր և որդու, տիրոջ ու ծառայի միջև, բռնությունն աղջիկների նկատմամբ…
Կարծես երկյուղելով Էվրիպիդեսի նկատմամբ անքննադատ մեղադրանքներից, «Գիրք պիտոյիցի» հեղինակը, բացի այն, որ պետք է հերքել, բերում է նաև որպես օրինակ ՝ շատ հետաքրքիր պիես ՝ «Մեդեայի հերքումը», որտեղ խոսքը Մեդեայի ողբերգության մասին չէ, ինչպես շատերն են կարծում, այլ «Պելիայի դուստրերը» ողբերգության մասին, որը նա ստեղծել է քսանհինգ տարեկանում:
Հրաշագործ Մեդեան փախչելով իր հայրենի Կոլխիդայից դեպի Ֆեսալիա, համոզում է տեղի թագավորի Պելիայի աղջիկներին, որպեսզի նրանք օգտվեն իր հմայքից, որը կվերադարձնի նրանց հոր երիտասարդությունը:
Իր հմայքի զորությունն ապացուցելու համար նա համոզում է աղջիկներին իրենց հորը գցել եռացող ջրի մեջ, որ ջահելանա:
Սրանք հավատում են, եփում իրենց հորը, բայց տեսնելով, որ հայրը մահանում է, և Մեդեան իրենց խաբել է՝ փախչում են:
Գրքի հեղինակը մերժում է «Պելիայի դուստրեր» ողբերգության սյուժեն ոչ միայն գեղարվեստական, այլև ոչ իրական, բարոյական տեսակետից:
Էվրիպիդեսը ինչքան խորանում է Մեդեայի պատմություններով, այնքան գնում է դեպի սուտը:
Այստեղ իհարկե կախարդանքի մասին է խոսքը:
Էվրիպիդեսի խոսքը համոզիչ չէ, այն դիցաբանություն է, առասպելաբանություն, հեքիաթ, և հեղինակը գտնում է, որ պետք է վերջ տալ այդ հորինված պատմություններին:
Այս տեսակետը համընկնում է Խորենացու հայացքներին, որը նա շարադրում է իր «Հայոց պատմությունում», ընդ որում համընկնում է ոչ միայն հայեցակարգով, այլև շարադրության ձևով, կիրառվող տերմիններով և արտահայտություններով:
Նա հոգ է տարել իր պատմածի իսկության, ակունքների մասին և մերժում է հորինված պատմությունները, որոնք ոչ միայն իր, այլև «Գիրք պիտոյիցի» հեղինակի համար առասպել են, ոչ թե անքուն գիշերների, գրական լուրջ աշխատանքների արդյունք:
Շարունակելի
Սիրանույշ Եղիազարյան

