Առողջ՝ սպորտի համար, անառողջ՝ բանակի դեպքում. ինչպե՞ս են տարկետվում ՔՊ-ականների որդիները. «Ազատություն»
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար, ՔՊ վարչության անդամ Գնել Սանոսյանի որդին՝ Գոռ Սանոսյանը, 2024-ին առողջական հիմքերով տարկետում է ստացել պարտադիր զինվորական ծառայությունից։ Չնայած այդ առողջական խնդիրներին՝ Սանոսյանը պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերա է կառուցում և ներկայում հանդես է գալիս «Արարատ-2» ֆուտբոլային ակումբում։ Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը։
Առողջական հիմքերով զինվորական ծառայությունից տարկետում է ստացել նաև իշխող խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի որդին՝ Սամվել Գևորգյանը. այս խնդիրները, սակայն, վերջինիս չեն խանգարել հանդես գալ բասկետբոլի մինչև 20 տարեկանների Հայաստանի հավաքականում, նաև՝ «Հատիս» թիմում։
Ինչպե՞ս է ստացվել, որ առողջական խնդիրներով հնարավոր է պրոֆեսիոնալ ֆուտբոլով ու բասկետբոլով զբաղվել, բայց հնարավոր չէ անգամ սահմանափակումներով պարտադիր զինվորական ծառայություն անցնել։
20-ամյա Գոռ Սանոսյանը խաղում է պաշտպանի դիրքում։ Ըստ ֆուտբոլային տվյալների հավաքագրմամբ զբաղվող Transfermarkt կայքի՝ «Արարատ-2» է տեղափոխվել միլիարդատեր Սամվել Կարապետյանի ընտանիքին պատկանող «Արարատ-Արմենիա-2» ակումբից՝ այս տարվա փետրվարին։ Երկու թիմերում էլ Սանոսյանը հիմնականում հանդիսացել է որպես փոխարինման մտնող ֆուտբոլիստ։ «Արարատ-Արմենիա-2»-ում նա 2 խաղում է փոխարինման դուրս եկել, ևս երեք խաղում էլ փոխարինման է մտել «Արարատ-2»-ում, բայց այս թիմի վերջին խաղերում՝ մայիսի 15-ին ու 21-ին, նախկին նախարարի որդին եղել է նաև թիմի մեկնարկային կազմում։
Պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում Սանոսյանը ստացել է 2024-ին։ Հայաստանյան օրենսդրությամբ զորակոչից տարկետում հնարավոր է ստանալ առողջական պատճառներով, կրթական ու սպորտային նվաճումների հիմքով։ Գոռ Սանոսյանը, թեպետ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է, սակայն չի խաղում Հայաստանի տարբեր տարիքայինների ազգային հավաքականներում, և նրան այս հիմքով տարկետում չի տրվել։
«Ազատության» հետ զրույցում Գնել Սանոսյանը բացատրեց՝ որդին տարկետում է ստացել առողջության հետ կապված հարցերով. «Ֆուտբոլիստ է տղաս 6 տարեկանից, որի հետևանքով որոշակի առողջական խնդիրներ ունի, ինչը նկատվում է շատ ֆուտբոլիստների մոտ, ովքեր մանկուց են զբաղվում ֆուտբոլով։ Եթե ճիշտ եմ հիշում, սրտի, փայծաղի, արյան ճնշման հետ կապված խնդիրներ են։ Եթե դուք հետաքրքրվեք, կտեսնեք, որ ովքեր 6-7 տարեկանից ֆուտբոլի են հաճախում, իրենց մոտ օրգանները զարգանում են, այնպիսի չափեր են ունենում, որ մեր բժշկական ստանդարտներին չեն համապատասխանում», – բացատրեց Սանոսյանը։
Ինչպե՞ս է որդին պրոֆեսիոնալ ֆուտբոլով զբաղվում, եթե կան սրտի, ճնշման ու փայծաղի խնդիրներ։ Սանոսյանը պատասխանեց՝ կան ստանդարտներ, բժշկական ստուգումներ են իրականացվում. «Տղաս որոշակի փոխարինումներով է խաղում, ստաբիլ չի խաղում», – ասաց նա՝ բացառելով, որ իր միջամտությունը եղել է որդուն բանակից առողջական հիմքով տարկետում տրամադրելու հարցում։ Սանոսյանի խոսքով՝ ինքն անձնապես ցանկանում է, որ տղան թողնի ֆուտբոլը՝ մտածելով նրա առողջության մասին։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

