Փաշինյանի հրամանով սահմանամերձ, երեք կողմից շրջապատված գյուղի դպրոցը փակվում է. Արամ Մանուկյան
Շուրջ երկու ամիս տևեց իմ շրջագայությունները Հայաստանի բոլոր մարզերի փակվող դպրոցների գյուղերով և հիմա գտնվում եմ Դավիթ Բեկ գյուղում, որը նաև Առաջին Հանրապետության հիմնադիրներից Արամ Մանուկյանի ծննդավայրն է։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում հրապարակված տեսաուղերձում ասել է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության պատգամավորի թեկնածու Արամ Մանուկյանը։
«Փաշինյանի հրամանով՝ կառավարության որոշումով փակվում է այս գյուղի դպրոցը, որն ինչպես տեսնում եք, տիպային է, վերանորոգված, կահավորված, 50 աշակերտով և շուրջ 30 աշխատողով»,- ասել է նա։
ՀԱԿ պատգամավորի թեկնածուն ընդգծել է, որ Դավիթ Բեկ գյուղը սահմանամերձ է և երեք կողմից շրջապատված է ադրբեջանական տարածքներով։
«Սահմանամերձ գյուղերը, որոնք նաև սահմանապահ գյուղեր են, ուղղակիորեն փակվելու համար քննարկման թեմա չեն կարող լինել։ Հայաստանի Հանրապետության մարզերից ամենաերկար պետական սահմանն ունի Սյունիքը։ Եվ ամբողջ Հանրապետությունում փակվող 55 սահմանամերձ գյուղերի դպրոցների կեսը բաժին է ընկել Սյունիքին՝ 27 դպրոց։ Ես կարող եմ հանգիստ եզրակացնել և հայտարարում եմ, որ այդ դպրոցները դիտավորյալ են փակվում։ Սա ծրագիր է, ոչ թե կրթական համակարգ փակելու, այլ՝ սահմանները թուլացնելու, սահմաններում դատարկ գոտի առաջացնելու և չի կարող հայ մարդը, հայ քաղաքացին քվեարկել առաջիկա ընտրություններում այն քաղաքական ուժին, այն իշխանությանը, որ փակում է այս դպրոցները»,- ասել է նա։
Ա. Մանուկյանը նշել է, որ այդ դպրոցների չփակվելու հարցը ՀԱԿ-ը խորհրդարանում կլուծի․ «Ես ձեզ խոստանում եմ, խորհրդարանում թույլ չեմ տալու, արգելելու եմ, կասեցնելու եմ, մենք կասեցնելու ենք դպրոցների փակելը և գյուղերի ավիրելը։ Սա հակահայկական, հակապետական գործընթաց է։ Էս գործընթացը պետք է կասեցվի»։

