Մի լուսանկարի և երկու Եղեռնի պատմություն
Իմանալով, որ լրագրող եմ, Դոնավագյան Արփինեն հրավիրեց իրենց տուն:
Սիրով ընդունեցի հրավերը:
Տիկին Արփինեն ուներ իր կյանքի շատ հետաքրքիր պատմությունը, սակայն նա ուզում էր պատմել իր ծնողներինը՝ շաղախված դառը հիշողություններով:
Թեյի սեղանի շուրջ, կսկիծով, ցավով, տիկին Արփինեն պատմում էր իր ծնողների դառնահամ անցյալի հուշերը:
Նրան մխիթարում էր այն, որ պատմությունը չի մոռացվի, որ այն կկարդան ուրիշները:
Տիկին Արփինեն Եղեռնի երրորդ սերնդի ներկայացուցիչ է, սակայն այնքան տպավորիչ է պատմում, կարծես ինքն է ապրել այդ ամենը:
Մեկ ու կես միլիոն մարդու խեղված ճակատագիր:
Թվում է, թե, այն կրկնվում է, բայց ամեն մեկն իր ցավն ապրում է յուրովի:
Եդեսիայում 1895 թ. նրա պապն ունեցել է վեց երեխա, և չնայած դրան, փողոցից մի որբ երեխայի է տուն տարել, որդեգրել, ում հետագայում ուղարկել է Աֆրիկա՝ աշխատելու:
Մինչև տասնհինգ թիվը ընտանեկան նկար են ուղարկել Աֆրիկա, իրենց որդեգիր զավակին, նա էլ ընտանեկան լուսանկարն ամբողջական դարձնելու համար ավելացրել է իր լուսանկարը և կրկին ետ ուղարկել՝ Եդեսիա:
Տունը, ուր ապրում էինք, տանիքը կաթում էր, ու բոլոր լուսանկարները խունացել էին, պահպանվել է միայն երկու լուսանկար. պատմում էր Արփինեն:


Այս նկարները հարյուրամյա պատմություն ունեն:
Լուսանկարի վրա տատիկս է, նրա գրկին՝ մայրս, ով մեծանալով նմանվում է տատիս, կարծես մայրս է այդ լուսանարի մեջ: Բոլորն էլ հետագայում դարձել են Ցեղասպանության զոհեր, այդ մեծ գերդաստանից մնացել են միայն երկու քեռիներս և մեկ մորաքույրս:
Պապս, որ շինարար էր, տանից դուրս գալիս պատվիրել է տատիս «ղազան քյուֆթա» պատրաստել, բայց այլևս չի վերադարձել:
Տատիս ողջ ընտանիքը տեղահանել են, և նրանք բռնել են գաղթի ճամփան:
Տատս իր գիրկն առած երկու տարեկան աղջկան՝ մորս, գաղթից առաջ տվել է մի արաբ կնոջ և ասել, որ եթե վերադառնա, թող հետ վերադարձնի իր երեխային, եթե ոչ՝ հալալ լինի:
Ինչ ապրումներ կունենար մայրը, երբ կրծքից պոկեին իր բարուրը:
Թե պահելու, թե թողնելու ցավի կշիռն ահռելի էր:
Տատիս գերդաստանը կոտորել են:
Որոշ ժամանակ անց, փրկված քեռիներիս ընկերները արաբի բակում տեսել են մորս՝ խաղալիս, ճանաչել, քեռիներիս տեղյակ են պահել այդ մասին:
Մեծ դժվարությամբ մորս վերցրել են արաբից, հանձնել Հալեպում ամերիկյան որբանոց:
Երբ մայրս դարձել է յոթ-ութ տարեկան, հետ են վերցրել:
Մայրս ամուսնացել է 1929 թ., տասնվեց տարեկան հասակում:
Հայրս ծնվել էր 1900 թ.: Նրա պատմությունը եղեռնի հետ կապված մեկ այլ ցավ էր: 15տարեկան էր, երբ ճակատագիրը տվեց իր առաջին հարվածը:
Շատ սիրուն տղա է եղել, ու միշտ աղջկա շոր են հագցրել, գլխաշոր կապել, ու այդ կերպ փրկել նրա կյանքը:
Մեռելների մեջ է պառկել, երկու անգամ այդպես է փրկվել:
Հետո քառասուն օր մնացել է դաշտում, որտեղ երկինքը վերմակն է եղել, քարերը՝ բարձը, խոտով է սնվել, անասունի նման արածել:
Այդպես շատերն են փրկվել:
Այս պատմության մեջ ինձ զարմանք առաջացրեց այն փաստը, թե մատղաշ տղան ինչպես կարող էր դիակների կողքին պառկել, այդ սահմռկեցուցիչ պատկերներն ապրել, ու չխելագարվել:
Մեռելների մեջ փնտրել է իր ազգականներին, գտել է հորեղբորը, գրպանից հանել հախճապակե օղու բաժակը, ինչը հետո պիտի որպես մասունք իր հետ տաներ ողջ կյանքի ընթացքում:
Նրա աչքի առջև երեք տարեկան քրոջը թևից բռնած դուրս էին շպրտել, մտածելով, որ մեռած է, հետո միայն լացի ձայնից են հասկացել ու փրկել երեխային:
Չկային նրա հարազատները, վաղուց են մոխրացել, բայց ցավը ծխում էր:
-Հորս հորեղբոր կինը,- շարունակում է Արփինեն,- շուտ էր մահացել, և տատիկս էր կերակրել նրա զավակներին:
Հորեղբոր տղան շատ անվախ է եղել, մեռյալների մեջ փնտրել գտել է ազգականներին, դիահոտից հիվանդացել դեղնախտով:
Տարիներ հետո նրանց բոլոր հանդիպումները պետք է սկսվեին այդ օղու բաժակով, հերթով, կում-կում ըմպելով, որում ավելի շատ արցունք կար, քան օղի:
Արցունքաշաղախ էին մեր բոլոր հանդիպումները:
«Ղազան քյուֆթան», որ մեր ավանդական ճաշն էր, մատուցվում էր իրար երես նայելով, մեղավորի նման, հիշելով իրենց պապին, որ տանից դուրս գալիս պատվիրել է կնոջը պատրաստել այն ու չի վերադարձել:
Պատմում էր տիկին Արփինեն, որ հայրն անընդհատ հիշում էր իրենց քարերի գույնը:
Նա ցանկացել է իրենց տանը փակված, այրված գերդաստանի մոխրացած ոսկորները վերցնել, սակայն վտանգը մեծ է եղել, միայն հեռվից են ցույց տվել ու հեռացել:
Ողջ է մնացել մի հորաքույրը, որը Հալեպում ամուսնացել է Քադեհչյան Հովհաննեսի հետ, և երեք տղաների հետ մեկնել Ուրուգվայ՝ Մոնտե Վիդե: Չորրորդ տղան ծնվել է այնտեղ:
Նրանք ցավոք հայերեն չգիտեն, բայց բոլորն էլ ամուսնացել են հայ կանանց հետ:
Նրանք թոռներ ունեն, սակայն նրանցից ոչ ոք հայերեն չգիտի:
Նրանց հետ Ուրուգվայ է մեկնում նաև քեռիս, ում երկու տղաները կոմունիստական շարժման ժամանակ սպանվել են:
Հայրական տատս երկու եղեռն էր տեսել, առաջինի ժամանակ կորցրել էր նշանածին, երկրորդի ժամանակ՝ ամուսնուն:
Նրան և աղջկան թուրքերը մերկացրել են և ստիպել այդպես մերկ քայլել: Ամոթից կուչ եկած մայր ու աղջիկ ձեռքերով փորձել են փակել մերկությունը:
Մահվան ճիրաններից մազապուրծ կինը ուներ երկու տղա, երկու աղջիկ:
Շատ ամաչկոտ էր, սև մազեր ուներ, բոլորը զարմանում էին, թե ինչպես այդ վշտի մեջ մազերը սև էին մնացել:
1929 թ. հայրս տեսել է աստիճաններով բարձրացող մորս:
Նրա դեմքը չտեսնելով անգամ, հայրս ասել է, թե հավանում է, և ամուսնանում են:
Համատեղ կյանքում Հալեպում ունենում են վեց աղջիկ և մեկ տղա:
Յոթերորդ աղջիկն ունենում են Հայաստանում:
Առաջնեկի ծնվելուց հետո հայրս ծանր հիվանդանում է, մեկու կես ամիս գամվում անկողնում:
Մայրս, պարտքերի մեջ է ընկնում և ստիպված է լինում վաճառել իր բոլոր զարդերը:
Աստվածային մայրս, որ զուրկ է եղել ծնողական գուրգուրանքից, սիրուց, ողջ պահած սերն ու կարոտն անմնացորդ փոխանցել է մեզ: Մորս սերն անեզր էր:
Հայրս շատ հայրենասեր էր, միակ քրոջն ու աներորդուն թողնելով Հալեպում, 1946 թ. ներգաղթում է Հայաստան: Ես այն ժամնակ յոթ տարեկան էի:
Հետպատերազմյան Հայաստանում սով էր, ցուրտ, զրկանք, և մեր ընտանիքն էլ հազարավորների պես անցավ դրա միջով:
Մայրս շնորհաշատ կին էր, իր ընտանիքը կարողացավ պահել կար անելով:
Մեկ շորի դիմաց բերում էին ձու, կաթ, ալյուր, օճառ:
Շատ դառն էինք ապրում:
Մեր վիճակը շտկվեց 1962 թ., երբ երկիրը մի քիչ ոտքի կանգնեց:
Հայրս, ով շատ ազնիվ մարդ էր, աշխատում էր Հոկտեմբերյանի պահածոների գործարանի արկղերի արտադրամասում, որպես բրիգադիր:
Մի տարի գործարանը տալիս է երեսունյոթ միլիոնի պակասորդ, քառասուն հոգի դատվում է, իսկ հորս անգամ չեն կանչում հարցաքննության, քանզի նրա ազնվությունը կասկած չի հարուցել: Նա շատ օրինապաշտ էր:
Հայրս թոշակի անցավ 1965 թ.:
Մի անգամ, երբ հացի հերթի մեջ կոտրել էին կողոսկրը, առաջին անգամ բարձրաձայնեց՝ այս կարգերի համար չարժեր ներգաղթել:
Մեր ընտանիքը դարձյալ բռնեց գաղթի ճամփան, այս անգամ՝ արտագաղթի:
Արդեն քսանվեց տարի է, ինչ ապրում եմ այստեղ, այս տարիների ընթացքում Հայաստանում չեմ եղել:
Կարոտել եմ քար ու թփին, Երևան, սակայն գնալ չեմ կարող:
Արփինեն ունի մեկ աղջիկ, երկու թոռնիկ, ապրում է տարեցների համար կառուցված հարմարավետ բնակարանում: Ընտանիքի կեսն Ամերիկայում է, մյուս մասը՝ Հայաստանում:
Տեղին է կիրառել «հայի բախտ» արտահայտությունը:
Այս պատմության տխուր մթնոլորտն անմիջապես ցրվեց, երբ ներս մտավ Արփինեի թոռնուհին`արևաշող ժպիտով, գեղեցկադեմ Նիկոլը:
Եղնիկ հիշեցնող այս դեռատի օրիորդը գեղարվեստական մարմնամարզության չեմպիոնուհի է:
Նիկոլ- Արփինե Արզումանյանը ծնվել է 2001թ. ապրիլի 28-ին, Լոսանջելես քաղաքում: Հայրը` Պետրոս Արզումանյանը, երաժիշտ է, մայրը` Սյուզի Դոնավագյանը` բուժաշխատող:
Մի անգամ փոքրիկ Նիկոլը տեսնում է գեղարվեստական մարմնամարզության ելույթ, և սիրահարվում այս սպորտաձևին, իսկ ծնողներն անում են ամեն ինչ, իրենց դստեր ցանկությունն իրականություն դարձնելու համար:
Ինն ու կես տարեկան աղջնակն անցնում է դժվար ճանապարհ` շաբաթական չորս օր, երեք ժամ, իսկ շաբաթ օրերին հինգժամյա պարապմունքները տալիս են իրենց ցանկալի արդյունքը:
Մեկ տարի պարապելուց հետո Նիկոլը մասնակցում է Կալիֆորնիայի մրցումներին, երկրորդ և երրորդ տարում դառնում չեմպիոն, մշտապես զբաղեցնելով առաջին հորիզոնականը:
Այժմ նա պատրաստվում է իններորդ մակարդակին, ինչը հաղթելու դեպքում նրան կներգրավեն ԱՄՆի հավաքականի կազմում:
Դպրոցում սովորում է իններորդ դասարանում, գերազանցիկ է:
Սա թերևս մոր` Սյուզիի պայմանն է, ինչն աղջնակն անում է սիրով, միայն թե չարգելեն զբաղվել սիրած գործով:
Այս սպորտաձևը բավական թանկ հաճույք է, ԱՄՆում սպորտը վճարովի է, ծնողներն անտեսելով նյութական բոլոր դժվարությունները՝ ճանապարհ են հարթում չքնաղ Նիկոլի համար:
Նրա զգեստների դիզայնը կատարում է մայրը, սակայն դերձակը տատիկն է, որ իր մասնագիտական բարձր որակավորման շնորհիվ Նիկոլին տալիս է էլ ավելի հմայիչ տեսք:
Նիկոլի հաղթանակները ընտանիքինն են, երկրինը, նաև մերը, չէ՞ որ նա հայուհի է:
Ապրելով ամերիկյան միջավայրում, ընտանիքում պահպանվում են ազգային ավանդույթները:
Տիկին Արփինեն, ով սպասում էր երրորդ թոռան աշխարհ գալուն, սիրված տատիկ է, մայր, զոքանչ, ում պատրաստած համեղ ճաշերն ինձ հիշեցրին Հայաստանը:
Արփինե Դոնավագյանը ծնողների ցավը չի մոռանում, այն մեղմում է աղջկա` Սյուզիի ընտանիքը, մասնավորապես թոռները, Նիկոլի հաղթանակները, ինչն էլ ապրեցնում է հերոսուհուս:
ԱՄՆ, Լոս Անջելես
Սիրանույշ Եղիազարյան

