Իսրայելն զգուշանում է Թուրքիայի հետ ռազմական բախումից

Իսրայելում սկսել են խոսել պատերազմի մասին: Բայց ոչ Իրանի հետ: Եկեք ուշադրություն դարձնենք օրեր առաջ իսրայելական «Jewish News Syndicate» թերթում հրապարակված իսրայելցի փորձագետ Էյալ Զիսերի հոդվածին։ Նրա կարծիքով, Միջերկրական ծովում վերջերս հայտնաբերված բնական գազի պաշարները դարձել են տարածաշրջանային լարվածության հիմնական աղբյուրը: Միևնույն ժամանակ, չնայած Զիսերը չի գրում Սիրիայի և Իրանի մասին, հոդվածի իմաստից կարելի է հասկանալ, որ այդ երկրների հարաբերակցությունը հարևան պետությունների հետ նույնպես ենթակա է «տատանումների»՝ հենց այն պատճառով, որ Կիպրոսի մերձակայքի շելֆում (ծանծաղուտ,-խմբ․) կան գազի հարուստ պաշարներ: Չնայած երկրները կարող են բարելավել տնտեսական կապերը, Միջերկրական ծովում «զգացմունքները բանականությունից առաջ են անցնում», հետևանքը՝ լարվածությունն աճել է ամբողջ Մերձավոր Արևելքում, գրել է Էյալ Զիսերը:

Որոշ չափով տպավորված ենք այն փաստից, որ իսրայելցի Զիսերը Թուրքիան է համարում Իսրայելի գլխավոր սպառնալիքը, ոչ թե այլ երկրներ: «Այնուամենայնիվ, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օրոք հենց Թուրքիան գլխավոր սպառնալիքն է  տարածաշրջանային կայունության համար, և նրա կողմից ձեռնարկված քայլերը կարող են ամբողջ տարածաշրջանը ներքաշել հակամարտության մեջ»,- գրում է փորձագետ Զիսերը: Անցյալ տարի Թուրքիան ակտիվացրել է իր ջանքերը Միջերկրական ծովում բնական գազի պաշարների մասնաբաժնի պահանջներում՝ երկու հորատման նավեր ուղարկելով Կիպրոսի մերձակայքում գազ որոնելու: Բացի տարածքային պահանջներից, որոնք մասամբ համընկնում են Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտու հետ, Անկարան համաձայնագիր է կնքել Լիբիայի կառավարության հետ, որն անտեսում է Հունաստանի որոշ կղզիների մայրցամաքային շելֆերը: Այս քայլը «թույլ է տալիս Անկարային խանգարել Իսրայելին, Կիպրոսին և Հունաստանին խողովակաշար կառուցել, որը նրանց թույլ կտա գազն արտահանել Եվրոպա»,- գրում է Զիսերը:

Ըստ նրա խոսքերի՝ Թուրքիայի կառավարությունն իրականում ցանկանում է, որ խողովակաշարն անցնի Թուրքիայի տարածքով, սակայն վերջինս դադարեցրել է բանակցություններն Իսրայելի հետ քաղաքական պատճառներով: Անկարան բախվում է տարածաշրջանային մեկուսացման հետ, քանի որ Կիպրոսը, Հունաստանն ու Եգիպտոսը դեմ են Թուրքիայի միջերկրածովյան քաղաքականությանը: «Էգոիզմի, քաղաքականության և միլիարդավոր դոլարների հեռանկարների համադրությունը ներկայումս հանգեցնում է լարվածության աճի մեր տարածաշրջանում, և դա կարող է վերածվել ռազմական բախման՝ Իսրայելի համար բացահայտ հետևանքներով», – ենթադրում է փորձագետը:

Իհարկե, դեռ դժվար է հասկանալ, թե Իսրայելում քաղաքական գործիչները որքան են հաշվի առնում Զիսերի կարծիքը: Այնուամենայնիվ, եթե նա գրել է «պատվիրված հոդված», և այս քաղաքական պատվերը նա ստացել է Իսրայելի կառավարության որոշակի օղակներից, ապա իրավիճակը ավելի լուրջ է, քան նույնիսկ գրել է փորձագետ Զիսերը: Ճիշտ է, կա մի նշանակալի «բայց», որն ստիպում է նույնիսկ այս փորձագետի հոդվածից հետո չվստահել Թել Ավիվի որևէ  հաղորդագրության կամ հոդվածի: Բանն այն է, որ եթե Իսրայելի վախերը լուրջ և արդարացված են, ապա այս դեպքում սիոնիստական ​​պետությունը չպետք է աջակցեր Սիրիայի դեմ պատերազմ հրահրողներին, քանի որ այս պատերազմում քրդերը, քրիստոնյաները (հայերն ու ասորիները), եզդիները, ալավիները և դրուզները մեծ վնաս են կրել: Այսինքն` նրանց համար, ովքեր հավասարապես ընկալել և ընկալում են Թուրքիան որպես դարավոր թշնամի: Այսպես, թե այնպես, հետաքրքիր ազդանշան եկավ Իսրայելից: Տեսնենք, թե ինչպես կարձագանքեն դրան Ռուսաստանը, Իրանը, Չինաստանը և Սիրիան:

Սերգեյ Շաքարյանց