«Կուզեի խոցված օդանավում լինել, որպեսզի այս ողբերգության ականատեսը չլինեի». ԻՀՊԿ գեներալ

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար գեներալ Հոսեյն Սալամին ներողություն է խնդրել «Ուկրաինական ավիաուղիներին» պատկանող ինքնաթիռը սխալմամբ խոցելու համար:

Ինչպես նշել է nypost.com-ը, գեներալն այս մասին ասել է երկրի խորհրդարանում ելույթի ժամանակ:

«Երդվում եմ ամենակարող Աստծով՝ կուզենայի խոցված օդանավում լինել և այդ մարդկանց հետ մեռնել, որպեսզի այս ողբերգության ականատեսը չլինեի»,- ասել է գեներալը:

Նա ընդգծել է, որ «կյանքում երբևէ այսքան չի ամաչել»:

Հիշեցնենք, որ լույս հունվարի 8-ին Իրանում կործանվել է «Ուկրաինական ավիաուղիներին» պատկանող ինքնաթիռը, ինչի պատճառով 176 մարդ է զոհվել: Օդանավում եղել են Իրանի, Ուկրաինայի, Կանադայի, Գերմանիայի, Շվեդիայի և Աֆղանստանի քաղաքացիներ:

Իրանի իշխանությունները մի քանի օր անց խոստովանել են, որ Թեհրանից Կիև թռչող Boeing 737-800 ինքնաթիռը սխալմամբ խոցվել է իրանական հրթիռով: Նրանք մանրամասնել են, որ ԱՄՆ-ի հետ գերլարված հարաբերությունների ֆոնին երկրի ՀՕՊ համակարգերը բերված են եղել լիարժեք մարտական պատրաստության, և որ իրենք ինքնաթիռը շփոթել են թշնամու թիրախի հետ՝ մտածելով, թե այն թևավոր հրթիռ է: