Ջրային կոմիտեն կացնով հարվածել է Արփի լճին` հաշվի չառնելով նույնիսկ «Արփի լիճ» ազգային պարկի գոյության հանգամանքը

Հաղորդում հանցագործության մասին

 Կոռուպցիայի դեմ պայքարից և օրինականության հաստատումից մեծ-մեծ խոսող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ գլխավոր դատախազության ու գլխավոր դատախազի, Հատուկ քննչական ծառայության ու ՀՔԾ պետի, թերևս նաև քննչական կոմիտեի համար սա հերթական լակմուսի թուղթն է: Հայաստանում դարձյալ հանցագործություն է կատարվել բնության նկատմամբ` Ջրային կոմիտեն կացնով հարվածել է Հայաստանի հյուսիսային գեղեցկուհուն` Արփի լճին, հաշվի չառնելով նույնիսկ «Արփի լիճ» ազգային պարկի գոյության հանգամանքը, իսկ վերոնշյալ մարմինների կողմից դեռ որևէ տեղեկատվություն կամ հաղորդագրություն չի հրապարակվել այդ կապակցությամբ գոնե նյութեր նախապատրաստելու մասին: Ի դեպ, այս թեմային անդրադարձել ենք նաև մեր «Գրեթե դատարկված Արփի լճում ձկների շնչահեղձության դեպքում Ջրային կոմիտեի ղեկավարները ենթակա կլինեն դատվելու» հրապարակմամբ:

Փաստ 1-ին. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը կամ նրա Ջրային կոմիտեն «Արփի լիճ» ջրամբարի մակարդակն իջեցնելուց, ջրամբարում ջրի ծավալը մեռյալ ծավալի (5 մլն խմ) հասցնելուց առաջ չի ստացել ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի մասնագիտական եզրակացության վրա հիմնված ՀՀ շրջակա միջավայրի նախարարության թույլտվությունը, իսկ առանց դրա, իրավունք չուներ «Արփի լիճ» ջրամբարի ջրի ծավալը մեռյալ ծավալի իջեցնել:

Փաստ 2-րդ. ինչպես տեղեկացանք ՀՀ շրջակա միջավայրի նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնակատար Ալլա Սուքիասյանից, վարչապետի հանձնարարականի համաձայն, շրջակա միջավայրի նախարարության կողմից ուսումնասիրվել են Արփի լճի լցվածության և մեռյալ ծավալի հետ կապված խնդիրները, և նախարարությունը թռչունների բնադրավայրերի պահպանման համար «Արփի լիճ» ջրամբարի ջրի մեռյալ ծավալն ընդունել է 18 մլն խորանարդ մետր:

Այսպիսով, թեև ՀՀ կառավարության համապատասխան որոշման համաձայն, կառավարության պաշտոնական խորհրդատուն ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան է, և «Արփի լիճ» ջրամբարի ջրի մեռյալ ծավալ ընդունելուց կամ որոշելուց առաջ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը համապատասխան մասնագիտական եզրակացություն ստանալու համար պարտավոր էր դիմել ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն, առանց նրա եզրակացությունը ստանալու, իրավունք չուներ «Արփի լիճ» ջրամբարի մեռյալ ծավալ որոշելու, այնուհանդերձ, նույնիսկ նախարարության` չգիտես ինչի հիման վրա որոշած մեռյալ ծավալը Ջրային կոմիտեի կողմից գերազանցվել է 13 մլն խմ-ով: Այսինքն` ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը թեկուզ կառավարության վերոնշյալ որոշումը զանց է առել, սակայն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը կամ նրա Ջրային կոմիտեին, բոլոր դեպքերում, չի տվել «Արփի լիճ» ջրամբարի ջրի մեռյալ ծավալը 5 մլն խմ համարելու, ջուրը մինչև այդ ծավալը դատարկելու թույլտվություն:

Փաստ 3-րդ. ըստ «Արփի լիճ» ազգային պարկի նախկին տնօրեն Հովսեփ Սիմոնյանի, Արփի լճի ջրի թույլատրելի նվազման սահմանը 20 մլն խմ է, և լճի ջրային ծավալի նվազեցումը լճի կենսաբազմազանության վրա կանդրադառնա ուղղակիորեն: Անկախ «Արփի լիճ» ազգային պարկի հորդորներից, Ջրային կոմիտեն օգոստոսի վերջից սկսած ջրբացթողումների արդյունքում լճի ծավալը նվազեցրել է 5 մլն խմ-ի, ինչը, Հովսեփ Սիմոնյանի հավաստմամբ, անթույլատրելի էր: Այս մասին նա ասել է «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում:

«Ըստ Սիմոնյանի, իր տնօրինության ժամանակահատվածում, երբ Ջրային կոմիտեից ստացվել է պատվարի անվտանգությունն ապահովելու գործողություններն իրականացնելու համար ջրի մակարդակն իջեցնելու մասին գրությունը, իրենք դեմ են եղել,- գրել է «Հայկական ժամանակը»:- «Մենք գրել ենք, որ դա լուրջ խնդիրներ է առաջացնելու, նույնիսկ էդ ժամանակ Շրջակա միջավայրի նախարարն էլ գրեց, որ մեզ համար ընդունելի չէ: Ընդունելի տարբերակը մինչև 20 մլն խմ էր, դրանից ներքև արդեն խնդիրներ են առաջացնում»:

Փաստ 4-րդ. «Բավական ձկնային պաշար կար, էդ ջրթողի հետ ձկնային պաշարները գնացին գետը, էդ ձկնային պաշարը թռչունների համար կերակուր էր եւ անհայտ է, թե վաղը էդ թռչուններն որ եկան ինչ է լինելու դրանց հետ»,- «Հայկական ժամանակ»-ի հետ նույն զրույցում ասել է 2017 թվականից «Արփի լիճ» ազգային պարկի տնօրեն, ս. թ. հոկտեմբերի 31-ին, աշխատանքային պայմանագրի ավարտից դեռ 2,5 տարի առաջ առողջական խնդիրների պատճառաբանությամբ աշխատանքից ազատման դիմում ներկայացրած Հովսեփ Սիմոնյանը:

Փաստորեն վերոնշյալ ջրբացթողումը` տվյալ պարագայում ՀՀ քրական օրենսգրքի 293-րդ հոդվածում («Ձկնային պաշարների պահպանության կանոնները խախտելը») նշված այլ աշխատանքների իրականացումը, լճից ձկնային պաշարների հեռացման առումով (հիմք ընդունելով «Արփի լիճ» ազգային պարկի նախկին տնօրենի հայտնած տեղեկությունը) հանգեցրել է օրենսգրքի նույն հոդվածում նշված այլ ծանր հետևանքների, մանավանդ, եթե նկատի ունենանք, որ Արփի լիճը բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող «Արփի լիճ» ազգային պարկի օբյեկտ է, առավել ևս` կենտրոնական կամ հիմնական օբյեկտը: Բացի այդ, կատարվածը կարող է հանգեցնել կերից զրկված ջրլող որոշ թռչունների զանգվածային ոչնչացման:

Ջրային կոմիտեի համապատասխան պաշտոնյաների վերոնշյալ արարքը համապատասխանում է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 298-րդ հոդվածում («Բնության հատուկ պահպանվող տարածքների ռեժիմը խախտելը») նշվածին` «Արգելոցների, արգելավայրերի, ազգային պարկերի, բնության հուշարձանների և պետության կողմից հատուկ պահպանվող բնական այլ տարածքների կամ օբյեկտների ռեժիմը խախտելը, որը դիտավորությամբ կամ անզգուշությամբ առաջացրել է էական վնաս…»:

Կատարվածը նաև «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի կոպիտ խախտում է:

Եվ վերջում` մեղավորների նկատմամբ համապատասխան միջոցներ չձեռնարկելը գնահատվելու է առնվազն հովանավորչության, քաղաքական կոռուպցիայի դրսևորում:

Արթուր Հովհաննիսյան