Գրեթե դատարկված Արփի լճում ձկների շնչահեղձության դեպքում Ջրային կոմիտեի ղեկավարները ենթակա կլինեն դատվելու

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեի տեղեկատվական կենտրոնն օրերս հանդես է եկել տեղեկատվությամբ` անդրադառնալով Շիրակի մարզում, Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում գտնվող Արփի լճի վերաբերյալ Հայկական բնապահպանական ճակատի հրապարակած ահազանգին:

Հայկական բնապահպանական ճակատը տեղեկություն էր տարածել, որ «Արփի լիճը ցամաքել է» և այդ «փաստով» պայմանավորված մտահոգություն էր հայտնել։ Այս մասին հայտնելով, Ջրային կոմիտեն տեղեկացրել է.

«Ջրային կոմիտեն տեղեկացնում է, որ մտահոգության առիթ չկա, քանի որ լճի մակարդակն իջեցվել է մեռյալ ծավալի՝ ոչ թե այն ցամաքեցնելու, այլ տեխնիկական հանգույցների  ուսումնասիրության համար։ Մանրամասնենք.

«Արփի լիճ» ջրամբարը կառուցվել է Շիրակի, Արմավիրի, Թալինի տարածաշրջանների  ոռոգելի տարածքների ջրապահանջարկն ապահովելու նպատակով, գտնվում է Շիրակի մարզում,  շահագործվում է 1950 թվականից։ Ջրամբարի ընդհանուր ծավալը 105մլն խմ է, մեռյալ  ծավալը՝ 5 մլն խմ։ Այն իր աշխատանքային  ռեժիմով բազմատարյա կարգավորման ջրամբար է։

Ջրամբարի շուրջ 70 տարվա շահագործման  ընթացքում առաջ են եկել մի շարք տեխնիկական հարցեր, որոնք պայմանավորված են պատվարի առանձին  տարրերի մաշվածության, կայունության, աշխատանքային բնութագրերի փոփոխման խնդիրներով։ Մասնավորապես, պատվարի վերին շեպի երկաթբետոնե էկրանը հողմահարված, ջրատարված վիճակում է, շինարարական կարերը, մակերեսի առանձին  խոռոչները, ամրանները բացված վիճակում են։ Էկրանի միջով, պատվարի հիմնատակով, ինչպես նաև պատվարի աջ և ձախ ափային լծորդումներից տեղի են ունենում ֆիլտրացիոն հոսքեր, որոնք բեռնաթափվում են ներքին բիեֆում։

Իռիգացիոն ջրթող կառույցը կահավորված է 4 հարթ փականներով, որոնց ծառայության նորմատիվ ժամկետը վաղուց լրացել է, դրանք ենթակա են փոխարինման՝ նորերով։

Հարթ փականների վերամբարձ սարքավորումները 1946թ. արտադրության են, բարոյապես, ֆիզիկապես մաշված վիճակում են։ Մասնակի կատարված ուսումնասիրության հիման վրա Պատվարների անվտանգության Համաշխարհային Բանկի փորձագիտական  խումբը, ինչպես նաև Գերմանական զարգացման բանկի (KfW) մասնագետները եզրակացության են հանգել, որ պատվարի հանգույցը պետք է ենթարկվի վերականգնման  և վերազինման՝ դրանք նորմատիվային պահանջներին համապատասխանեցնելու համար։

Ջրային կոմիտեի կողմից այդ աշխատանքների  նախագծումը կազմակերպելու համար մրցույթ էր հայտարարվել, որոշվել է կապալառու նախագծող կազմակերպությունը։

Նախագծային աշխատանքների համար պայմաններ ստեղծելու նպատակով «Արփի լիճ» ջրամբարում ջուրն իջեցվել է մինչև մեռյալ ծավալի /5մլն խմ/ հորիզոնի։ Դա թույլ կտա  նախագծողներին՝ պատվարի վերին շեպի երկաթբետոնե էկրանի խուլ պատի ջրընդունիչի բազալտե հենապատերի ստորջրյա հատվածն ուսումնասիրել, դրանց տեխնիկական վիճակը վերհանել և ըստ այդմ, նախագծային լուծումներ մշակել՝ պատվարի ամրացման, պատվարի հիմնատակով և ափերի շրջանցող ֆիլտրացիոն հոսքերի, ինչպես նաև էկրանի ջրամեկուսացման աշխատանքները նախագծելու նպատակով: Ավելացնենք, որ նշված հանգույցներում երբևէ հիմնանորոգում չի կատարվել, կատարվել են միայն ընթացիկ նորոգումներ։

Ջրամբարի ջուրն իջեցվել է մինչև մեռյալ ծավալ, այդ հորիզոնը կպահպանվի մինչև նոյեմբերի 20-ը, որից հետո կվերսկսվի ջրի կուտակումը»։

Նախ, նկատի ունենանք, որ ըստ Հայկական բնապահպանական ճակատի հրապարակած տեղեկատվության, «Արփի լիճը ցամաքել է», ինչը թեև նման դեպքերում միանգամայն թույլատրելի կերպով փոքր-ինչ չափազանցված է, սակայն հիմնականում համապատասխանում է իրականությանը, քանի որ հենց Ջրային կոմիտեի խոստովանության համաձայն, 105 մլն խմ ընդհանուր ծավալ ունեցող ջրամբարի ջուրն իջեցվել է մինչև մեռյալ ծավալ` 5 մլն խմ: ՀԲՃ-ի տեղեկատվության մեջ չի նշված, թե լճի մակարդակն իջեցվել է այն ցամաքեցնելու նպատակով, հետևաբար անհասկանալի է, թե Ջրային կոմիտեն ինչն է հերքում կամ պարզաբանում:

Երկրորդ. «Արփի լիճ» ջրամբարը նախևառաջ բնական լիճ է, որն անցյալ դարի 50-ական թվականներին մարդն է վերածել ջրամբարի: Արփի լիճն իր մեծությամբ` թե մակերեսով, թե ծավալով, Սևանա լճից հետո Հայաստանի երկրորդ բնական լիճն է: Բացի այդ, թե ջրային տարածքում, թե ափամերձ գոտում այնպիսի հարուստ, գեղեցիկ ու բացառիկ էկոաշխարհ ունի, որ Ջավախք-Շիրակ բարձրավանդակի ուրույն կենսաբազմազանության պահպանման նպատակով և «Կովկասի էկոտարածաշջանի բնապահպանական ծրագրի» (ECP) շրջանակում 2009թ. Գերմանիայի կառավարության ֆինանսավորմամբ այստեղ հիմնվեց «Արփի լիճ» ազգային պարկը: Ազգային պարկի տարածքում կան մոտ 670 տեսակի ծաղիկներ և այլ բույսեր՝ խոլորձ, թրաշուշան, հիրիկ, կակաչ, շուշան և այլն, որոնցից 25-ը ներառված են ՀՀ Կարմիր գրքում, դրանցից 22-ն էնդեմիկ տեսակներ են։ Պարկում կա կաթնասունների 38 տեսակ, որոնցից 3 գրանցված են ՀՀ Կարմիր գրքում, 2-ը՝ Բնության պահպանության միջազգային միության (IUCN) կարմիր ցուցակում:

Ազգային պարկի տարածքում գրանցված են 225 տեսակի ողնաշարավոր կենդանի, այդ թվում Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում գրանցված 14 տեսակ՝ ջրասամույր, խայթաքիս, տափաստանային հողմավար բազե եւ այլն: Տարածքում գրանցված են 11 տեսակի ձուկ, 3 տեսակ երկկենցաղ, 6 տեսակի մողեսև 4 տեսակի օձ, որոնցից մեկը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության կարմիր ցուցակում:

«Արփի լիճ» ազգային պարկի էկոհամակարգը ճանաչված է որպես չվող և բնիկ թռչունների բազմացման համար նպաստավոր գոտի, ինչպես նաև համաշխարհային կարևորություն ներկայացնող օբյեկտ: Պարկի տարածքում արձանագրվել է թռչունների 193 տեսակ, որոնցից 32-ը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում, իսկ 11 տեսակը՝ Բնության պահպանության միջազգային միության կարմիր ցուցակում: 193 թռչնատեսակներից 80-85-ը բնադրվում են ազգային պարկի տարածքում, նշված 80-85-ից յոթը համաշխարհաին պահպանման մտահոգության առարկա են, ներառյալ` գանգրափետուր հավալուսանը և մարգահավը: Ազգային պարկի տարածքում են գտնվում Հայաստանում գանգրափետուր հավալուսնի միակ բնակավայրը և էնդեմիկ հայկական որորի ամենամեծ գաղութն աշխարհում (էնդեմիկ հայկական որորը ձվադրում է Արփի լճի շրջակայքում):

Երրորդ. Արփի լճին էկոլոգիական լուրջ հարված հասցնելու պարագայում, ինչի ռիսկն այժմ, կարծում ենք, կա, ազգային պարկի գոյությունը և կատարված ծախսերը կարող են դառնալ այս կամ այն չափով անիմաստ:

Չորրորդ. նախագծային վերոնշյալ աշխատանքների կատարման համար պայմաններ ստեղծելու նպատակով, կարծում ենք, լճում ջրի ծավալը նվազեցնելու (այն էլ մինչև` մեռյալ ծավալ) և մակարդակն իջեցնելու անհրաժեշտություն չկար, քանի որ նախագծման համար անհրաժեշտ ուսումնասիրման, չափագրման աշխատանքները կարելի էր կատարել նաև ջրասուզակների միջոցով, ախր հիմա ո՞ր դարն է…

Հինգերորդ. եթե հիմա միայն նախագծային աշխատանքների կատարման համար պայմաններ ստեղծելու պատճառաբանությամբ ջրամբարում ջրի ծավալն իջեցվել մինչև մեռյալ ծավալ, ապա բնական է, որ նախագծային աշխատանքների ավարտից հետո, երբ գա բուն շինարարական ու տեխնիկական աշխատանքների կատարման ժամանակը, ջրամբարի ջրի ծավալը դարձյալ նվազեցվելու է մինչև մեռյալ ծավալ, մինչդեռ մեծ հարց է, թե այդպիսի ահռելի տատանումներից, փոփոխություններից հետո լճի առանց այն էլ տուժած ձկնաշխարհից ու նվազած ձկնապաշարներից, ընդհանրապես, էկոաշխարհից ինչ կմնա:

Վեցերորդ. եթե նույնիսկ ընդունենք, թե վերոնշյալ նախագծային աշխատանքների կատարման համար պայմաններ ստեղծելու նպատակով անհրաժեշտ էր ջրամբարում ջրի ծավալն իջեցնել մեռյալ ծավալ, և այդ գործողությունը չուներ այլընտրանք, ապա դա պետք է արվեր ժամանակին: Պետք էր նկատի ունենալ, որ առջևում ձմեռն է, Արփի լիճն ամեն ձմռան խորը սառցակալում է (ընդհանրապես, տվյալ վայրը Հայաստանի ամենացուրտ տարածաշրջանն է, Արփի լճի ամբարտակի մոտ, ջրամբարի արևելյան ափին գտնվող Պաղակն գյուղը ոչ միայն Հայաստանի, այլև ողջ Կովկասի ամենացուրտ վայրն է, նվազագույն ջերմաստիճանն այստեղ հասել է Ցելսիուսի սանդղակով -46-ի), իսկ լճում ջրի մեռյալ ծավալի կամ, թեկուզ, դրանից քիչ ավելիի պարագայում չափազանց մեծ է ռիսկը, որ լիճն ավելի հաստ շերտով կսառցակալի, բացի այդ, սառցե շերտով ծածկված, մթնոլորտից էկրանավորված լճում մնացած թթվածինը չի բավարարի արդեն այնտեղ միավոր ծավալում այժմ ավելի մեծ խտությամբ գտնվող ձկներին, ինչի հետևանքով ձկները կարող են շնչահեղձ լինել` անկախ նրանից, որ առանց այն էլ փոքրիկ, իսկ այժմ և առաջիկա ամիսներին սակավաջուր (տարվա տվյալ սեզոնով պայմանավորված) գետերն այդ ընթացքում թթվածնի ոչ մեծ պաշար կբերեն լիճ:

Յոթերորդ. թեև Ջրային կոմիտեի տեղեկատվության մեջ նշված է, որ ջրամբարի ջրի մեռյալ ծավալը, լճի ներկայիս հորիզոնը կպահպանվի մինչև նոյեմբերի 20-ը, որից հետո կվերսկսվի ջրի կուտակումը: Չի նշված, սակայն, թե լճի ծավալը երբ կհասնի մինչև իջեցումը եղած ծավալին, մինչդեռ նոյեմբերի 20-ից մինչև ձմեռ ընդամենը 10 օր է մնում, մինչև ձմռան ավարտ` մոտ 100 օր, հետևաբար մինչև լճի սառցակալումը և նույնիսկ ձմռան ավարտին լճի ծավալը, ինչպես արդեն նշեցինք, տարվա տվյալ  տվյալ ժամանակահատվածում սակավաջուր գետերի շնորհիվ էապես չի կարող ավելանալ ու չի ավելանալու:

Փաստն այն է, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը կամ նրա Ջրային կոմիտեն Արփի լճի մակարդակն իջեցնելուց, լճի ծավալը մեռյալ ծավալի (5 մլն խմ) հասցնելուց առաջ չի ստացել են ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի մասնագիտական եզրակացության վրա հիմնված ՀՀ շրջակա միջավայրի նախարարության թույլտվությունը, իսկ առանց դրա, Արփի լճի ծավալը մեռյալ ծավալի իջեցնելու իրավունքը չուներ:

Արթուր Հովհաննիսյան