ՀՀ իրավապահ համակարգն իշխանությունների քաղաքական պատվերները կատարող հարճը կամ գործիքն է, մինչդեռ կյանքը կարուսել է…

Ոչ Լևոն Տեր-Պետրոսյանը, ոչ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը չմնացին իրենց պաշտոններին

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ս. թ. հոկտեմբերի 17-ին պետական իշխանության յուրացման փաստի առթիվ հարուցված քրեական գործը, որը, ըստ էության, ուղղված կամ առաջնահերթորեն ուղղված է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ, հերթական անգամ փաստում է, որ Հայաստանի Հանրապետության իրավապահ համակարգը գործում է երկակի ստանդարտներով, պաշտոնապես, դե յուրե լինելով ապաքաղաքականացված, իրականում օրվա իշխանությունների քաղաքական պատվերները կատարող հարճը կամ գործիքն է:

Ինչպես արդեն հայտնի է ՀՔԾ-ի հրապարակած տեղեկատվությունից, «ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի կապակցությամբ:

Հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին»:

Արման Բաբաջանյանն իր վերոնշյալ հաղորդման մեջ, Hayeli.amտեղեկացմամբ, իրավապահների ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ Թովմասյանը ՍԴ անդամ դառնալուց առաջ պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում չի գրել, յուրացրել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը՝ հանցավոր սխեմաներ կիրառելով, ինչի մաս են դարձել Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանն ու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարը։ Ըստ Բաբաջանյանի, ՀՀԿ-ի հետ համագործակցությամբ ամեն ինչ արվել է, որպեսզի Թովմասյանը ՍԴ նախագահի պաշտոնը ստանձնի 2018թ. ապրիլի 9-ից առաջ, մինչև 2015թ. փոփոխված Սահմանադրության ամբողջությամբ ուժի մեջ մտնելը, որպեսզի պաշտոնավարի ոչ թե 6 տարի, այլ մինչև 65 տարեկանը։ Հենց այդ նպատակով էլ լիազորությունների ավարտից մոտ մեկ ամիս շուտ հրաժարական է տվել ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը:

Անհասկանալի է, թե Հրայր Թովմասյանը 2018թ. ՀՀ գլխավոր դատախազության, ՀՔԾ-ի և ԱԱԾ-ի, ընդհանրապես, ողջ Հայաստանի և եվրոպական հայտնի կառույցների աչքերի առջև այդ ինչպե՞ս է յուրացրել Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը, դա ինչպե՞ս է կարողացել աննկատ անել: Այդ պաշտոնը հո ասեղ չէ՞ր, որ, ասենք, գրպանը դներ, գաղտագողի յուրացներ, և դա նույնիսկ ԱԺ-ի ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը չնկատեր և իրեն «չճղեր»…

Հայտնի բան է, որ, քրեական իրավունքի համաձայն, ենթադրությունների հիման վրա չի կարելի անձին ոչ մեղադրանք առաջադրել, ոչ դատապարտել, դրա համար անհերքելի փաստեր, համապատասխան ապացույցներ են անհրաժեշտ: Սակայն առանձնապես չեմ զարմանա, եթե ՀՔԾ-ում Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրվի առանց նշված ապացույցների, առանց իրավական հիմքերի (էլ չեմ խոսում այդ հիմքերի բավարար լինելու մասին…), քանի որ ՀՀ այսօրվա իշխանություններն արդեն վաղուց դուրս են եկել մեր երկրի օրենսդրության, օրինականության ու նույնիսկ ողջախոհության սահմաններից: Իրոք, մեծ հարց է, թե ինչպես է Թովմասյանի կողմից իշխանության յուրացման դրույթն ապացուցվելու, բայց եկեք մի պահ պատկերացնենք, թե ՀՔԾ-ն ապացուցելու է դա, ինչով նաև հերքելու է այժմ մեծ տարածում ունեցող այն կարծիքը, որ ՍԴ-ի նախագահի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: Այդ դեպքում, սակայն, ուրիշ խնդիր է առաջանում: Այդ խնդրի էությունը հակիրճ ներկայացնելու համար, մեջբերենք Ազգային ժողովի նախագահի նախկին տեղակալ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Արփինե Հովհաննիսյանի կողմից ՀՀ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին երեկ հրապարակայնորեն ներկայացված հաղորդումը հանցագործության մասին.

«Հրայր Թովմասյանի դեմ իշխանության զավթման հատկանիշներով հարուցված քրեական գործը թակարդ է հենց Նիկոլ Փաշինյանի համար։ Եթե Հրայր Թովմասյանը ՍԴ դատավոր է դարձել մինչեւ պատգամավորական լիազորությունների դադարումը, ապա ճիշտ նույն կերպ Նիկոլ Փաշինյանը՝ վարչապետ, իսկ Արարատ Միրզոյանը՝ փոխվարչապետ, Մանե Թանդիլյանն և Ֆելիքս Ցոլակյանն էլ՝ նախարար դարձել են մինչև իրենց պատգամավորական լիազորությունների դադարումը։

Բացատրեմ, թե՞ կհասկանանք, թե սա ինչ է նշանակում։

Հարգելի՛ Սասուն Խաչատրյան, ընդունեք սա՝ որպես հանցագործության մասին հաղորդում՝ հենց նույն հիմնավորումներով, ինչը ձեզ ներկայացվել է Հրայրի դեպքում»։

Հանցագործության մասին իր հաղորդման մեջ Արփինե Հովհաննիսյանը, ըստ էության, նշել է մի խումբ պաշտոնյաների, նրանց թվում նաև Նիկոլ Փաշինյանի կողմից իշխանությունը յուրացնելու կամ զավթելու մասին (եթե Հրայր Թովմասյանի` ՍԴ դատավոր դառնալը մինչև իր պատգամավորական լիազորությունների դադարումը, համարվում է իշխանության յուրացում), սակայն դա հավանաբար բավարար համարելով, չի անդրադարձել իշխանության բռնազավթմանը` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի դարձյալ նույն` 300-րդ հոդվածով: Մի՞ թե իշխանության բռնազավթում չէր այն, որ Նիկոլ Փաշինյանը և նրա թիմակիցները 2018թ. հոկտեմբեր- նոյեմբեր ամիսներին ԱԺ-ին հարկադրեցին երկու անգամ չընտրել Փաշինյանին, ավելին՝ խորհրդարանին թույլ չտվեցին նիստ հրավիրել: Ի՞նչ է` ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը մոռացե՞լ է այս ամենը…

Այն, որ խորհրդարանին թույլ չտվեցին նիստ հրավիրել դրանից առաջ, 2018թ. ապրիլին ԱԺ ԵԼՔ խմբակցության և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր համախոհների հետ նպատակ ուներ շրջափակել Ազգային ժողովը, փակել հանրապետական պատգամավորների տների մուտքերը, Երևանում երթևեկությունը կաթվածահար անել, որպեսզի թույլ չտա Սերժ Սարգսյանի` վարչապետ դառնալը, եթե ԱԺ-ի ՀՀԿ խմբակցությունը նրա թեկնածությունն առաջադրի, ավելին` նրա այս նպատակը, որը նաև սպառնալիք էր պարունակում` ուղղված նույն պատգամավորներին, ԶԼՄ-ների միջոցով հրապարակայնացվել է, ի՞նչ է` իշխանության բռնազավթման հատկանիշներ չի՞ պարունակում:

Ընդգծենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի համաձայն, իշխանությունը զավթելը «բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ սահմանադրական դատարանի լիազորություններին» տիրանալն է: Ազգային ժողովի պատգամավորների աշխատավայրի և բնակության վայրերի (տների) ելքն ու մուտքը շրջափակելու հրապարակային սպառնալիքը նրանց ազատ տեղաշարժի սահմանադրական իրավունքի (ՀՀ Սահմանադրության 40-րդ հոդված) նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիք չէ՞…

Կյանքը կարուսել է, ոչ Լևոն Տեր-Պետրոսյանը, ոչ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը չմնացին իրենց պաշտոններին, այսօր նրանք զուրկ են իրենց նախկին իրավասություններից ու կարողություններից: Անգամ Վազգեն Սարգսյանը հիշատակ դարձավ: Ժամանակավոր է նաև Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, բայց չէ որ հետո գալու է պատասխանատվության պահը: Հենց ՀՀ գլխավոր դատախազության, ՀՔԾ-ի և ԱԱԾ-ի համապատասխան պաշտոնյաների շահերից է բխում այս մասին հիշելը:

 Արթուր Հովհաննիսյան