Մոտ երեսուն մարմին մեզ թարմ խփած են հետ տվել, շղթան վզներին գցած. զոհված զինծառայողի հարազատ

«Երկու օր առաջ Պաշտպանության նախարարությունը ցուցակներն ուղարկել է Արցախ, ես խնդրեցի, որ եթե կան սպաներ, որ տեղեկություն ունեն, թե որտեղ է դեպքը տեղի ունեցել, մարդ զոհվել, այդ տեղերի մասին ինֆորմացիան հավաքվի, որ ԱԻՆ-ը շարունակի իր գործողություները: Այս մասին լրագրողներին պատմեց այսօր Կառավարության դիմաց իրականացված բողոքի ակցիայի մասնակիցը՝ եղբորը կորցրած և անհետ կորած եղբորորդուն որոնող Արսեն Ղուկասյանը: Նա մասնակցել է որոնողական աշխատանքներին և երեկ է վերադարձել, որոնողական աշխատանքները շարունակվում են:

«Մի հատվածը մի քանի անգամ գնում են, ասում են՝ մարդ չկա, հետո իմանում են, որ դիերը այլ տեղում են, գնում գտնում են: Զոհվածի ծնողներից Սամվելը տղային էր ման գալիս, զինվոր եկավ և տարավ այն տեղը, որտեղ 7 անգամ  եղել էին, տարավ, 6 մարմին հանեց, և ինչքան ժամանակ է՝ դիմում ենք Պաշտպանության նախարարություն, որ մի բան անեն, քանի սպայի, զինվորի մենք ենք գնացել զորամասերից գտել, բայց գնալով՝ հասկանում ենք, որ մարմին էլ արդեն չկա»,- նշեց Արսեն Ղուկասյանը:

Նրա խոսքով՝ տարբեր պաշտոնատար անձանց հետ հանդիպումների ժամանակ իրենց վստահեցնում են, որ աշխատանքները շարունակվում են, սակայն իր կարծիքով, աշխատանքները շատ դանդաղ են ընթանում.

«Այդքան, որ իրենց անգործությունը շեշտում ենք, հենց այնպես չենք շեշտում, քանի որ նոյեմբերի 23-ին, երբ  պատերազմն արդեն վերջացել էր, երեխեքը կապ են ստեղծում, զանգում ասում են, որ այստեղ ենք, օգնություն են խնդրում, չկա օգնություն, այդ խմբի երեխաներից մոտ երեսուն մարմին են հետո մեզ թարմ խփած տվել, դուք չեք տեսել այդ մարմինները, շղթան վզներին գցած են հետ տվել: Եթե այս ղեկավարությունը՝ ՊՆ է, ով որ կա, գործողություն կատարեր, այսօր այդ երեխաները կարող էին ողջ -առողջ տանը լինեին, ոչինչ չարեցին, թուրքերը գտան, սպանեցին, բերեցին ասեցին՝ վերցրեք ձեր երեխաներին»: