Վլադիմիր Ժիրինովսկին պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
Ռուսաստանի լիբերալ-ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Այս մասին հայտնում է կուսակցության մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ Ժիրինովսկին բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է լինել առաջիններից մեկը, ով կպատվաստվի COVID-19-ի դեմ:
«Վլադիմիր Ժիրինովսկին աշխարհում առաջիններից մեկն էր, որ պատվաստվեց կորոնավիրուսի դեմ: Ռուսաստանի Լիբերալ-ժողովրդավարական կուսակցության առաջնորդը դարձավ կամավոր մասնակից՝ առաջին կորոնավիրուսային պատվաստանյութի «Սպուտնիկ V»-ի հետգրանցման կլինիկական փորձարկումներին, որը մշակվել է Ռուսաստանի առողջապահության նախարարության Գամալեյա կենտրոնի կողմից», – այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են կուսակցության մամուլի ծառայությունից:
Ժիրինովսկուց բացի, հետազոտության այս փուլում Ռուսաստանի ևս 40 հազար քաղաքացի կստանա պատվաստանյութը, որը համապատասխանում է աշխարհի լավագույն չափանիշներին, նշել են Լիբերալ-ժողովրդավարական կուսակցությունից:
«Պատվաստումը կատարվում է երկու փուլով: Երկրորդ ներարկումը կատարվում է առաջինից երեք շաբաթ անց: Վլադիմիր Ժիրինովսկին պատվաստանյութի երկրորդ մասը կստանա սեպտեմբերի վերջին, որից հետո բժիշկները վեց ամիս կհետևեն նրա առողջությանը», – նշել են մամուլի ծառայությունից:
Ռուսաստանի Առողջապահության նախարարությունը ավելի վաղ գրանցել է COVID-19-ի կանխարգելման համար աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել է Գամալեայի անվան հետազոտական կենտրոնի կողմից `Ռուսաստանի ուղղակի ներդրումների ֆոնդի հետ համատեղ: Ռուսաստանի ուղղակի ներդրումների ֆոնդի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը հայտնել է, որ հիմնադրամը ավելի քան 20 երկրներից դիմումներ է ստացել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մեկ միլիարդ չափաբաժին գնելու վերաբերյալ: Միևնույն ժամանակ նա նշել է, որ Ռուսաստանը պայմանավորվել է հինգ երկրներում պատվաստանյութերի արտադրության շուրջ, առկա հզորությունները թույլ կտան տարեկան արտադրել 500 միլիոն դեղաչափ: