Կարմիր խաչը մինչև հիմա այցելել Ադրբեջանում գերի ընկած սպա Գուրգեն Ալավերդյանին. Աննա Նաղդալյան

Կարմիր խաչը մինչև այժմ չի այցելել Ադրբեջանում գերի ընկած հայ սպա Գուրգեն Ալավերդյանին։ Մամուլի ասուլիսում այս մասին ասաց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Աշխատանքներ են իրականացվում Կարմիր խաչի Բաքվի գրասենյակի հետ այցելություն կազմակերպելու նպատակով, այլ մանրամասներ չեմ կարող հայտնել», – ասաց ԱԳՆ խոսնակը:

ԱԳՆ մամուլի խոսնակը անդրադաձավ Ադրբեջանի հայտնած պաշտոնական մտահոգությանը, որ իրենք բացատրություններ են ակնկալում, թե ինչու է ՌԴ-ն շարունակում ինտենսիվ կերպով զինել Հայաստանին: Նաղդալյանը նշեց, որ վերրջին շրջանում Ադրբեջանի կողմից ստանում են խիստ իրարամերժ ազդակներ և հայտարարություններ, որոնց հիման վրա կարելի է ենթադրել, որ հուլիսյան մարտերը հուժկու հարված են հասցրել ոչ միայն Ադրբեջանի զինված ուժերին, այլև դիվանագիտական ներուժին: «Որքան էլ շարունակվի Ադրբեջանի դիվանագիտական ներուժի դեգրադացիան, հայկական կողմը այդ մակարդակի չի իջնելու: Ըստ ադրբեջանական կողմի վարկածի՝ թե երկկողմ, թե բազմակողմ հարթակներում դաշնակցային հարաբերություններ ունեցող երկրները՝ տվյալ պահին Հայաստանն ու Ռուսաստանը չպետք է սերտ համագործակցություն ունենան նաև ռազմարդյունաբերական ոլորտում, գուցե բացահայտում անեմ իրենց համար, բայց Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունները հաստատվել են դեռևս 90-ական թվականներին, և պարզապես տարակուսանքի է արժանի, որ Ադրբեջանը հենց այսօր է բացահայտել աշխարհաքաղաքական այդ իրադարձությունը»,- ասաց նա:

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպմանը՝ Նաղդալյանը ասաց. «Հայաստանը պատրաստ է շարունակել աշխատանքները խաղաղ գործընթացի շրջանակներում: Երբ լինեն հստակ ժամկետներ, հանրությունը կտեղեկացվի»: