Թեստավորումների թիվը կհասցվի օրական 4 հազարի, 4 նոր լաբորատորիա կբացվի․ Թորոսյան

Հայաստանի համաճարակաբանները դեմ չեն, որ թեստավորումների թիվն ավելանա։ Այս մասին այսօր հայտարարեց առողջապահության նախարարը։ Արսեն Թորոսյանն ասաց, որ արդեն այսօր Հայաստանում օրական մինչև 2500 թեստավորում է իրականացվում։

Ըստ Թորոսյանի՝ իրենք հիմա մեծացնում են կորոնավիրուսի թեստավորումների համար անհրաժեշտ հզորությունները։ Դրա արդյունքում սպասվում է, որ 1-3 շաբաթվա ընթացքում Հայաստանում պետպատվերով թեստավորումների քանակը կհասցվի 3500-ի։ Իսկ մասնավոր հիմնարկներում կատարվող թեստավորումների հետ հանրագումարում, ըստ Թորոսյանի, օրական թեստավորումների թիվը կհասնի 4 հազարի։

Թորոսյանը նշեց, որ նախկինում 100-200 թեստի իրականացումը ահռելի թիվ էր թվում, բայց հիմա օրական 2500 թեստավորումը համարվում է սովորական թիվ։ Ու չնայած դրան՝ Թորոսյանն ասաց, որ իրենք շարունակելու են ավելացնել այդ թիվը։

Թվի մեծացման դժվարությունը, ըստ Թորոսյանի, ունի մի քանի պատճառ, և դրանցից մեկը մասնագետների ներուժն է․ ազատ մասնագետներ հիմա չկան, ու կենսաբաններին վերապատրաստում են այդ մասնագիտության համար։ Դրան զուգահեռ, ըստ Թորոսյանի, գնվում են անհրաժեշտ սարքավորումներ և նյութական միջոցներ։

Նախարարը նաև տեղեկացրեց, որ նախատեսում են 4 նոր լաբորատորիա բացել՝ այդ թեստավորումները անելու համար։ Լաբորատորիաներից երկուսը կլինեն Մարտունիում և Իջևանում, մյուս երկուսը լինելու են Երևանում՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչե» և «Արաբկիր» բժշկական կենտրոններում։