Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը ինչո՞ւ են ուզում թանգարանից վերածել մզկիթի

Սուրբ Սոֆիայի տաճարը ոչ միայն Ստամբուլի խորհրդանիշն է, այլև Թուրքիայում ամենատարածված զբոսաշրջային վայրերից մեկը, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության մի մաս է: Հնագույն որմնանկարներով զարդարված հսկայական գմբեթով և ինտերիերով տաճարը ամեն տարի գրավում է միլիոնավոր զբոսաշրջիկների: Միևնույն ժամանակ, Սուրբ Սոֆիայի տաճարը միշտ եղել է ոչ միայն ճարտարապետական ​​գլուխգործոց, այլև քաղաքական խորհրդանիշ:

Մոնումենտալ շենքը կառուցվել է մ.թ. VI-րդ դարում Բյուզանդական կայսր Հուստինիանոս Ա-ի պատվերով: 1453-ին Օսմանյան կայսրության կողմից Կոստանդնուպոլսի գրավումից հետո Սուլթան Մեհմեդ Երկրորդը քրիստոնեական եկեղեցին վերածեց մզկիթի: Իսկ 1935-ին ժամանակակից թուրքական պետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը խորհրդանշական ժեստ արեց և հրամանագիր ստորագրեց, համաձայն որի՝  Սուրբ Սոֆիայի տաճարը դարձավ թանգարան: «Ժամանակակից Թուրքիան աշխարհիկ երկիր է»,- ասված է Աթաթուրքի կարգախոսում:

Էրդողանն ընդդեմ Աթաթուրքի

Սակայն Թուրքիայի ներկայիս նախագահ և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է հետ շրջել ժամանակը: Ըստ նրա ծրագրի՝ Սուրբ Սոֆիայի տաճարը կրկին պետք է դառնա մի տեղ, որտեղ կհնչեն մուսուլմանական աղոթքներ:

Նախկինում երկրում քննարկումներ էին անցկացվել տաճարը մզկիթ վերածելու վերաբերյալ, բայց նման որոշման կողմնակիցները երբեք այդքան մոտ չեն եղել իրենց նպատակին: Ըստ լրատվական գործակալությունների՝ Թուրքիայի Գերագույն դատարանը մտադիր է առաջիկա երկու շաբաթվա ընթացքում որոշում կայացնել, թե արդյո՞ք կարող է փոխվել Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը  երկրի նախագահի հրամանագրով:

 «Ով տաճարը նվաճեց սրով, նրան էլ պատկանում է»

Էրդողանի նախաձեռնությունը հիմնականում ուղղված է թուրք ընտրողներին իր կուսակցության շուրջ համախմբելուն: Ըստ վերջին սոցիոլոգիական հարցումների՝ վերջին ամիսներին իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության վարկանիշը զգալիորեն ընկել է:

Այս համապատկերին Էրդողանը կրկին փորձում է ուժեղացնել ազգայնական տրամադրվածությունը թուրքական հասարակության մեջ: Իր կողմնակիցներից շատերի համար Սուրբ Սոֆիայի տաճարը օսմանների կողմից քրիստոնեական Կոստանդնուպոլսի նվաճման խորհրդանիշ է և քրիստոնեության նկատմամբ իսլամի գերակայության օրինակ:

Էրդողանի կուսակցությունը վստահ է իր հաղթանակի մեջ. մայիսի 29-ին, Կոստանդնուպոլսի նվաճման 567-ամյակի առիթով Ստամբուլի իմամներից մեկը Սուրբ Սոֆիայի տաճարում կազմակերպեց Ղուրանից սուրայի ընթերցումներ: «Տարածքային առումով, Սուրբ Սոֆիայի տաճարը մեր սեփականությունն է: Նա, ով սրով նվաճեց, նրան էլ պատկանում է», – հայտնել է ԱԶԿ փոխնախագահ Նուման Քուրթուլմուշը:

Մուսուլմանների և քրիստոնյաների միջև խաղաղության խորհրդանիշ

Այնուամենայնիվ, Էրդողանի ծրագրերը ոչ բոլորի սրտով էին: Կոստանդնուպոլսի Ուղղափառ եկեղեցու ղեկավար պատրիարք Բարդուղիմեոսը վճռականորեն դեմ է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելուն: Մայր տաճարը մշակութային ժառանգության ամենակարևոր առարկաներից մեկն է և պատկանում է ոչ միայն նրա անմիջական տերերին, այլև «ամբողջ մարդկությանը»: Այս մասին պատրիարքը ասել է Ստամբուլում եկեղեցական ծառայության ժամանակ:

Թուրքիայի հունական համայնքի ղեկավար Նիկոլաս Ուզունօղլուն նույնպես ափսոսում է, որ Սուրբ Սոֆիայի տաճարը դարձել է քաղաքական վեճի առարկա: Այս պատմական շենքը տարբեր կրոնների և քաղաքակրթությունների միջև խաղաղության խորհրդանիշ է, ընդգծել է նա: «Սուրբ Սոֆիայի տաճարը սրով գրավելու մասին հայտարարությունները պետք է մտահոգություն առաջացնեն ամբողջ թուրքական հասարակության մեջ», – շեշտել Ուզունօղլուն:

Սուրբ Սոֆիայի տաճարը համաշխարհային ժառանգություն է

Շենքի կարգավիճակի հնարավոր փոփոխությունն անհանգստացնում է նաև պատմաբաններին: «Սուրբ Սոֆիայի տաճարը 1500 տարի ծառայել է երկու համաշխարհային կրոններին՝ իր ճարտարապետությունը առանց կտրուկ փոխելու անհրաժեշտության,- ասել է Ստամբուլի Բոսֆորի համալսարանի պատմաբան Էդհամ Էլդեմը:- Աշխարհում  նման շենքերը կարելի է մատների վրա հաշվել, և դրանք պետք է պահպանվեն»:

Նա նաև շեշտել է, որ Սուրբ Սոֆիայի տաճարը համաշխարհային քաղաքակրթության ընդհանուր ժառանգություն է: «Մի՞թե մենք իսկապես ուզում ենք մեկուսացնել և թաքցնել այս ժառանգությունը. Մի՞թե ավելի լավ չէ այն ներկայացնել ամբողջ աշխարհին»,- տարակուսած է Էդհամ Էլդեմը:

Նմանատիպ տեսակետ է ունի իսլամական աստվածաբան Իհսան Էլիասիկը: Նրա կարծիքով՝ կրոնական տեսանկյունից տաճարը մզկիթի վերածելու հիմքեր չկան: Սկզբունքը, թե տաճարը պատկանում է սրով նվաճողին, Ղուրանում նման բան չկա, ասում է նա: «Մշակութային և պատմական ժառանգության օբյեկտների հարկադիր յուրացումը արգելված է»,- ամփոփել է Էլիասիկը:

Ռուսերենից թարգմանեց  Ծովինար Մանուկյանը