Արցախում կստեղծվի ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարություն

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց, որ փոփոխություններ են նախատեսվում կառավարության կառուցվածքային կազմում:

Կառուցվածքային փոփոխության արդյունքում կստեղծվի ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարություն:

«Ռազմահայրենասիրություն» տերմինը կառավարության կառուցվածքում օգտագործվում է առաջին անգամ. նորընտիր նախագահը այն պատահական չի համարում: «Ռազմահայրենասիրությունը և բանակ-հասարակություն կապը լինելու են նոր կառավարության գլխավոր ուղղություններից մեկը: Ցանկացած տնտեսական հաջողություն, սոցիալական ծրագրեր գրոշի արժեք չունեն, եթե երկրում բացակայում է համերաշխությունը, և եթե ստորադասվում է մեր գլխավոր մարտահրավերը՝ արցախյան հիմնախնդիրը: Այդ բոլորի հաջողության գրավականը ռազմահայրենասիրությունն է, որը պետք է դառնա պետական քաղաքականության հիմք: Նախարարության նպատակն է լինելու ավելի խորացնել և զարգացնել ռազմահայրենասիրության դերը ոչ միայն Արցախում, այլ նաև Սփյուռքում»,- ասաց Ա. Հարությունյանը:

Կառավարության կազմում երկրորդ նոր փոփոխությունը ենթադրում է տարածքային կառավարման և զարգացման նախարարության ստեղծումը: Նախարարության կազմում ընդգրկված է լինելու նաև բնական ռեսուրսների ոլորտը: Տարածքային բարեփոխումների իրականացումը Սահմանադրության պահանջ է, և, Ա. Հարությունյանի խոսքով, տարածքային կառավարման քաղաքականությունն ու տեղական ինքնակառավարման մարմինները պետք է բերվեն նոր հարթություն, իսկ տարածքային զարգացումը պետք է լինի տարածքների կառավարման համաչափ զարգացման տրամաբանության մեջ:

Հաջորդ փոփոխությամբ նախագահի վերահսկողական ծառայությունը կվերափոխվի պետական վերահսկողական ծառայության: Արցախի նախագահը հայտարարեց, որ բոլոր ոլորտների և գերատեսչությունների աշխատանքները լինելու են իր վերահսկողության տակ: Ձևավորելով պետական վերահսկողական նոր մարմին՝ նա զգուշացրեց պետական բոլոր պաշտոնյաներին և ծառայողներին, որ աշխատանքի բնագավառում թերացման արդյունքում լինելու է համապատասխան վերաբերմունք:

«Քաղաքացիների կողմից ներկայացվող ցանկացած դիմում-բողոք կամ էլ հանրությանը հուզող մտահոգություն լինելու է պետական վերահսկողական ծառայության ուշադրության կենտրոնում: Պետք է վերանա խնամի-ծանոթ-բարեկամ գործոնը, և այսօր ես հանձնարարել եմ Նախագահի աշխատակազմի նորանշանակ ղեկավար Կարեն Դանիելյանին՝ բոլոր կառույցներում, որտեղ կա հարազատների ուղղակի ենթակայություն, 7-օրյա ընթացքում լուծեն այդ խնդիրը: Ղեկավարման նույն համակարգում աշխատում են ընտանիքի անդամներ, հարազատներ, որը պետք է կատեգորիկ արգելել: Նման երևույթները խստիվ պատժվելու են: Ցանկացած կադրային նշանակում վերահսկվելու է մեր կողմից, քանի որ հասարակության կողմից ամենաշատ քննադատվող հարցերից մեկը կադրերի ընտրություններն է»,- ասաց Ա. Հարությունյանը: