Չինաստանում «Տոյոտան» փետրվարի 10-ից կկանգնեցնի գործարանները
Կորոնավիրուսի բռնկման պատճառով «Տոյոտա» ավտոմեքենա արտադրողը կդադարեցնի իր գործարանների աշխատանքը Չինաստանում: Այս մասին տեղեկացրել է Interfax.ru-ն։
Ընկերությունն այդ որոշումը կայացրել է՝ ուսումնասիրելով մի շարք գործոններ, ներառյալ տեղական և մարզային ղեկավարության առաջարկությունները, պահեստամասերի և լոգիստիկայի մատակարարումը։ Այս մասին նշված է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ:
«Տոյոտան» պատրաստվում է վերսկսել բնականոն աշխատանքը փետրվարի 17-ից:
Ընկերությունը նաև հայտարարել է, որ միանում է նոր վիրուսից առավել տուժած շրջանների բնակիչներին օգնելու արշավին, տեղական իշխանությունների աշխատանքը հեշտացնելու համար։ Մասնավորապես, նա այնտեղ կուղարկի բժշկական դիմակներ, անձնակազմի համար կենսապաշտպանիչ արտահագուստ, ախտահանիչ միջոցներ:
Չինաստանում «Տոյոտան» մեքենաների և պահեստամասերի արտադրության համար ունի 12 գործարան։
Նշենք, որ փետրվարի 7-ի առավոտյան Չինաստանում հաստատվել է կորոնավիրուսի 31 211 դեպք, իսկ այլ երկրներում`ավելի քան 220 դեպք: Մահացել է 638 մարդ, իսկ ավելի քան 1 540 մարդ ապաքինվել է:
Թարգմանեց Ծովինար Մանուկյանը