Արցախում մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին շաքարավազ և ձեթ իրացնելու կետեր կսահմանվեն
Այսօր ԱՀ կառավարության մի շարք պատասխանատուների հետ քննարկվել են Արցախի ամբողջական շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը և մեր առաջիկա անելիքները: Քննարկման արդյունքում ընդունվել են հետևյալ որոշումները, հայտնում է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը․
«1. Հաջորդ շաբաթվա ընթացքում Ստեփանակերտ քաղաքում և շրջկենտրոններում կսահմանվեն մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին շաքարավազ և ձեթ իրացնելու կետեր և կկազմակերպվի իրացում, իսկ գյուղական համայնքներին կփոխանցվի տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով.
- Հաջորդ շաբաթվանից սահմանափակումներ են մտցվելու հանրային սննդի օբյեկտների գործունեության մեջ.
- Միջոցներ են ձեռարկվելու հասարակական տրանսպորտը բեռնաթափելու ուղղությամբ՝ պետական համակարգում աշխատողներին հնարավորություն ընձեռելով աշխատանքն իրականացնել տնից՝ հեռավար կարգով.
Հիշեցման կարգով նշենք, որ սոցիալական որոշ խմբերի ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը աջակցության կարգով արդեն տրամադրել է տարբեր տեսակի սննդամթերք»,- նշել է պետնախարարը։