Ռուսաստանն ու ԱՄՆ-ը բանակցություններ կվարեն Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ

Մոսկվան և Վաշինգտոնը հունվարի 10-ին բանակցություններ կվարեն սպառազինությունների վերահսկման և Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ, հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Սպիտակ տանը։ Գրում է «ՌԻԱ Նովոստին»:

«ԱՄՆ-ը և Ռուսաստանը հունվարի 10-ին բանակցություններ կվարեն սպառազինությունների վերահսկման և Ուկրաինայի շուրջ»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։

AFP-ն, վկայակոչելով ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցչին, հստակեցրել  է նաև Ռուսաստանի և ԵԱՀԿ-ի ներկայացուցիչների հանդիպման ամսաթիվը:

«Ռուսաստանը և ԵԱՀԿ տարածաշրջանային անվտանգության մարմինը, որի մեջ մտնում է ԱՄՆ-ը, կհանդիպեն հունվարի 13-ին»,- հավելում է գործակալությունը։

Դեկտեմբերի 17-ին Ռուսաստանը հրապարակեց ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ համաձայնագրերի նախագծեր, որոնք ներառում են, մասնավորապես, դրույթներ Եվրոպայում անվտանգության փոխադարձ երաշխիքների, միմյանց հասանելիության մեջ միջին և փոքր հեռահարության հրթիռներ չտեղակայելու և Հյուսիսատլանտյան դաշինքի հետագա ընդլայնումից հրաժարվելու մասին նախագծեր, այդ թվում՝ նախկին ԽՍՀՄ հանրապետությունների հաշվին։

ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է, որ եթե ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ը չպատասխանեն անվտանգության երաշխիքների վերաբերյալ Մոսկվայի պահանջներին, դա կարող է հանգեցնել առճակատման նոր փուլի։

Ավելի վաղ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան անվտանգության երաշխիքների հարցը կբերի Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության հարթակ։