Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հերքել է սահմանի մոտ ռուսական զինուժի կուտակման մասին տեղեկությունը

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հերքել է «Արևմուտք-2021» ռուս-բելառուսական զորավարժությունների ավարտից հետո ուկրաինական սահմանի մոտ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի խմբավորումների կուտակման մասին մամուլում տարածված տեղեկատվությունը։ Գրում է ՏԱՍՍ-ը:

«Ուկրաինայի ՊՆ գլխավոր հետախուզական վարչության տվյալներով՝ 2021 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ ռուսական ստորաբաժանումների, սպառազինության և ռազմական տեխնիկայի լրացուցիչ տեղափոխում Ուկրաինայի հետ պետական ​​սահման չի գրանցվել», – ասված է երկուշաբթի օրը ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունում նշել են, որ Ուկրաինայի ռազմական հետախուզությունը մշտապես վերահսկում է ագրեսոր պետության զորքերի գործողությունները և նրանց թվաքանակի փոփոխությունները Ուկրաինայի պետական ​​սահմանի մոտ։

Ավելի վաղ  ամերիկյան ԶԼՄ-ները հայտարարել էին Ուկրաինայի սահմանի մոտ ռուսական զորքերի տեղաշարժի մասին։